«ԱՍՊԱՐԷԶ».- Հելսինքիի մէջ արդէն կը լսուի Հայաստանի արտաքին գործոց նախարարի բողոքին ձայնը՝ Մոսկուայի հռչակագրի ատրպեճանական մեկնաբանութեան դէմ: Այս մեկնաբանութիւնն է «Ազատ Արցախ» օրաթերթի խմբագրի սիւնակին նիւթը, զոր կը ներկայացնենք ամբողջութեամբ:
Դեռեւս չէր հասցրել չորանալ Հայաստանի, Ատրպէյճանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից Նոյեմբերի 2ին Մոսկուայում ստորագրուած՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Հռչակագրի թանաքը, որի մէջ ընդգծւում էր կողմերի նուիրուածութիւնը հակամարտութեան՝ բացառապէս քաղաքական ուղիով կարգաւորմանը, երբ Ատրպէյճանի նախագահ Ալիեւը «վերադարձաւ ի շրջանս իւր» եւ իրեն ցոյց տուեց հերթական միլիտարիստական (ռազմապաշտ-Խմբ.) յայտարարութեամբ։ Նոյեմբերի 26ին Հռոմում «RAI International» իտալական հեռուստակայանին տուած հարցազրոյցում արտայայտուեց այն իմաստով, որ Մայնդորֆի հռչակագրում ոչ ոք չի կարող գտնել մի պարտաւորութիւն, որն Ատրպէյճանին արգելում է հակամարտութիւնը լուծել ռազմական ուղիով, եւ այդ պատճառով, Լեռնային Ղարաբաղի համար նոր պատերազմից այն չի երաշխաւորում։
Պէտք է ասել, Մայնդորֆից յետոյ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի որոշ քաղաքական շրջաններում Հռչակագրի առթիւ ինչ որ չափով ցնծաոգեւորութիւն էր նկատւում։ Ընդգծւում էր, որ նոր փաստաթուղթը, նոյնիսկ չնայած դեկլարատիւ (յայտարարութեան ոճով-Խմբ.) բնոյթին, հանդիսանում է կարեւոր քայլ հին հակամարտութեան կարգաւորման ճանապարհին եւ ուժի չկիրառման երաշխիք, որ Պաքուն կը մոռանայ ռազմաշունչ հռետորութիւնը եւ կը վերադառնայ հիմնախնդրի բնականոն, քաղաքակիրթ քննարկմանը։
Սխալուեցին։ Եւ այստեղ անհրաժեշտ ենք գտնում նշել, որ, ի տարբերութիւն շատերի, ղարաբաղեան կողմը չշտապեց իրականից բարձր գնահատական տալ Հռչակագրին եւ նրա նկատմամբ, այսպէս ասած՝ զգոյշ լաւատեսութեամբ վերաբերուեց։ Ոչ աւելին։ Քանզի ԼՂՀ իշխանութիւնների «զգոյշ լաւատեսութիւնը» հիմնուած էր «առարկան», այսինքն՝ Ատրպէյճանն իր ագրեսիւ (յարձակողապաշտ-Խմբ.) քաղաքականութեամբ հանդերձ, լաւ ճանաչելու եւ յիշատակուած «առարկայի» հետ շփման՝ ինչպէս ԽՍՀՄի կազմում Լեռնային Ղարաբաղի ու Ատրպէյճանի համատեղ գտնուելու ժամանակներում, այնպէս էլ հակամարտութեան շրջանում, իսկ հետագայում էլ՝ նրա կարգաւորման գործընթացում, հսկայական փորձի վրայ։ Կենսական եւ քաղաքական փորձը յամառօրէն ապացուցում է, որ Ատրպէյճանը չի կարող համարուել յուսալի գործընկեր բանակցութիւններում, քանի որ կարգաւորման գործընթացում բազմիցս խափանել է արդէն ձեռքբերուած պայմանաւորուածութիւնները կամ պարզապէս չի կատարել դրանք։ Այդ մասին են խօսում ռազմական գործողութիւնների շրջանում կրակի դադարեցման մասին համաձայնագրերը բազմիցս խախտելը։ Այդ նոյնի մասին է վկայում նաեւ կարգաւորման Քի-վեսթեան սկզբունքների հետ տեղի ունեցած ոչ վաղեմի պատմութիւնը, երբ շատերին, ներառեալ եւ միջազգային միջնորդներին, արդէն թւում էր, թէ հանրագումարային փաստաթղթի ստորագրումն ու հիմնախնդրի վերջնական լուծումը սարերի յետեւում չեն։ Սակայն Ալիեւ-աւագը հերթական անգամ աշխարհին ցուցադրեց պաշտօնական Պաքուի պարտաւորութիւնների ու խոստումների արժեզրկուածութիւնը՝ հրաժարուելով արդէն ձեռք բերուած պայմանաւորուածութիւններից։ Դատելով ամէն ինչից՝ որդին, նախագահական բազկաթոռից բացի, այդ յատկանիշն էլ է ժառանգել հօրից՝ հրաժարուել սեփական խօսքերից ու պարտաւորութիւններից։ Առաւել եւս, որ Մայնդորֆի եռակողմ հռչակագիրը, ինչպէս նշել են շատ քաղաքագէտներ ու փորձագէտներ, ուժի չկիրառման մասին իրաւաբանօրէն պարտաւորեցնող փաստաթուղթ չէ։ Ինչպէս ասում են, գուշակել են։ Կամ գլխի են գցել։ Բայց չէ՞ որ բոլորովին վերջերս, Իտալիա այց կատարելուց ընդամէնը մի քանի օր առաջ, Իլհամ Ալիեւը Թուրքիայում յայտարարել է, որ՝ «Մոսկուայում ստորագրուած հռչակագիրը հիմք է ստեղծում ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման համար»։ Փաստօրէն, ղարաբաղեան կողմը սովոր է Պաքուի լինգուիստական (լեզուաբանական-Խմբ.) վարժանքներին եւ նրա անպատասխանատուութեանը։ Իսկ այդ պատճառով էլ, նրանից, իսկ ասած, ի՛նչ պահանջես։ Բայց ահա կատարուածի առնչութեամբ կը ցանկանայինք հարցերով դիմել միջնորդներին, եւ ամէնից առաջ՝ ռուսաստանեան միջնորդին։ Չէ՞ որ Ռուսաստանի նախագահի հովանու տակ է նոր փուլ սկսուել ղարաբաղեան կարգաւորման մէջ, որը նշանաւորուել է Մայնդորֆի հռչակագրով։ Եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հէնց ռուսաստանեան համանախագահ Եուրի Մերզլեաքովն է Հռչակագիրն անուանել շատ կարեւոր փաստաթուղթ, որը «կարելի է գնահատել նաեւ որպէս Հայաստանի ու Ատրպէյճանի պարտաւորութիւն՝ Ռուսաստանի նախագահի երաշխիքներով շարունակել հակամարտութեան լուծման ուղիների որոնումը»։ Իսկ այդ պատճառով տրամաբանական է սպասել Մոսկուայի համապատասխան արձագանքը Ատրպէյճանի կողմից «Ռուսաստանի հովանաւորութեան» բացայայտ քամահրանքին։ Առաւել եւս, որ տարածաշրջանում եւ միջազգային ասպարէզում նոր իրադրութեան համատեքստում, որի պայմաններում Ռուսաստանն ստանձնել է Հարաւային Կովկասի հակամարտութիւնների հիմնական «լուծողի» դերը, ներառեալ նաեւ լեռնային ղարաբաղեանը։ Շատ ենք ուզում հաւատալ, որ արդէն անցեալ են այն ժամանակները, երբ միջազգային միջնորդները, ներառեալ եւ Մոսկուան, ձգտում են պահպանել տխրահռչակ հաւասարութիւնը՝ հակամարտութեան բոլոր կողմերին միանման մեղադրելով ատրպեճանական մեղքերի մէջ։ Ու նմանապէս շատ ենք ուզում յուսալ, որ Մայնդորֆի հռչակագիրը փաստօրէն չեղեալ դարձնելու՝ Պաքուի ներկայիս դեմարշը կ’արժանանայ ռուսաստանեան կողմի համարժէք գնահատականին, այլ ոչ թէ թեթեւակի դիմափոշի կը քսուի, ինչպէս առաջներում, «հակամարտութեան բացառապէս խաղաղ կարգաւորմանը նուիրուածութեան» տիպի ոչինչ չնշանակող, իսկ այդ պատճառով՝ էլ անօգուտ խօսքերով։ Կասկած չկայ, որ եթէ ԵԱՀԿ Մինսկի խումբը, բոլոր այն երկրներն ու միջազգային կառոյցները, որոնք անկեղծօրէն շահագրգռուած են հիմնախնդրի վերջնական լուծմամբ, սիրախաղ չանէին Ատրպէյճանի հետ, այլ խիստ գնահատականներ տային նրա ապակառուցողական ու վտանգաւոր գործողութիւններին, նա առաւել դիւրաթեք ու համաձայնող կը լինէր եւ ոչ միայն իր պարտաւորութիւնները կը յարգէր, այլեւ միջազգային իրաւունքի նորմերը, որ նա դեռեւս քամահրում է։ Իսկ քանի դեռ Ատրպէյճանն անզիջում դիրք է գրաւում եւ շարունակում է երկու հայկական կողմերի ու միջազգային ընկերակցութեան հետ խօսել վերջնագրերի ու շանտաժի լեզուով, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին հարկ է է՛լ աւելի բարձրացնել իրենց անվտանգութեան մակարդակը։ Մէկ այլ բան տրուած չէ։