Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովի աշխատանքների ընթացքում գումարուած վեց մասնախմբերում եւ երեք լիագումար նիստերում Սփիւռքի 29 գաղթօճախներից, ԼՂՀից եւ ՀՀից հրաւիրուած կրթութեան եւ գիտութեան ոլորտի շուրջ 150 ներկայացուցիչներ ծանօթացան առկայ կացութեան եւ քննարկեցին սփիւռքահայ սերնդի հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան իրականացման հետ կապուած հիմնախնդիրները:
Մասնախմբերում եւ լիագումար նիստերում ընթացած աշխուժ քննարկումների արդիւնքում ներկայացուեցին հետեւեալ առաջարկութիւնները.
1. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՒ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Սփիւռքի հայկական կրթօճախներու կրթութեան գործընթացի արդիւնաւէտութեան բարձրացման, արդիականացման կարեւոր գործօն համարելով ուսուցման գործընթացի հիմնական դերակատարի՝ ուսուցչի մասնագիտական պատրաստականութիւնը.
ա) Շարունակել եւ ընդարձակել սփիւռքահայ ուսուցիչների պատրաստման գործընթացը ՀՀ ուսումնական հաստատութիւններում, մասնաւորապէս՝ Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ նրանց կրթութեան համար ստեղծելով նպաստաւոր պայմաններ.
բ) Սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ՝ գաղթօճախներում՝ կազմակերպելով ինչպէս մասնագիտական-առարկայական / հայագիտական, այնպէս էլ մանկավարժահոգեբանական դասընթացներ՝ շեշտը դնելով հայրենասիրութեան, ազգային ինքնութեան եւ գիտակցութեան ձեւաւորման, ազգային արժէքների պահպանման, փոխանցման եւ զարգացման վրայ:
գ) Սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպական եւ բովանդակային կատարելագործման նպատակով վերանայել, արդիականացնել, սփիւռքահայ օճախների պահանջմունքներին համապատասխանեցնել տարբեր ճանապարհներով իրականացուող ուսուցիչների վերապատրաստման դասընթացների բովանդակութիւնն ու ձեւերը, ինչպէս նաեւ մշակել սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման նոր հայեցակարգ՝ նկատի ունենալով նաեւ վերապատրաստուող ուսուցիչների ընտրութեան, վերապատրաստման պայմանների, ուսուցիչների իրաւունքների եւ պարտականութիւնների, վերապատրաստումից յետոյ նրանց կարգավիճակի որոշակի տարակարգերի փոփոխման կամ գնահատման հարցը: Այդ ծրագրի կազման աշխատանքներին մասնակից դարձնել նաեւ սփիւռքահայ առաջաւոր ուսուցիչներին.
դ) Ուսուցիչների վերապատրաստման գործընթացի եւ այդ գործընթացում իւրաքանչիւր ուսուցչի աշխատանքի արդիւնքների վերահըսկողութեան եւ գնահատման նպատակով մշակել վերապատրաստման գործընթացի արդիւնքները ստուգող եւ գնահատող չափորոշիչներ եւ կանոնակարգ.
ե) Հայաստանի եւ գաղթօճախների կրթութեան ոլորտի մասնագէտների, պատասխանատուների համագործակցութեան, միջգաղութային կապերի ամրապնդման եւ այդ ճանապարհով հայակերտմանը միտուած աշխատանքների արդիւնաւէտութեան բարձրացման նպատակով ստեղծել համացանցային կայքէջ.
զ) Ուսուցման գործի բարելաւման, հայ ուսուցիչների համագործակցութեան, ինչպէս նաեւ նրանց ազատ ժամանակի կազմակերպման նպատակով Երեւանում ստեղծել «Հայ ուսուցչի տուն»:
Քննարկումները կեդրոնացան նաեւ մանկապարտէզներու եւ դպրոցներու մէջ դասաւանդուող հայագիտական առարկաներու ծրագրերու եւ ուսումնաօժանդակ նիւթերու ստեղծման, հայ ընտանիքի հայեցի հոգեկերտըւածքի ամրակայման, հայեցի կրթութեան սահմաններու ընդարձակման, արտադպրոցական աշխատանքներու խրախուսման, եւայլն: