Շաբաթ, Մարտ 8ին, ՀՕՄի կենտրոնատեղիում տեղի ունեցաւ Ալիծ Աղպապեանի ելոյթը, նիւթ ունենալով «Զատիկ, Զատիկ, Նաւակատիկ»: Ձեռնարկի նախաձեռնողն էր ՀՕՄի դաստիարակչական յանձնախումբը: Ձեռնարկի բացումը կատարեց ընկհ. Աստղիկ Շիթիլեանը, տալով Ալիծ Աղպապեանի կենսագրական տուեալները, ասելով՝ Ալիծ Աղպապեանը ծնուել է Հալէպում, արուեստասէր մի ընտանիքում: Բարձրագոյն կրթութիւնը ստացել է Երեւանի համալսարանում: Արհեստավարժ պատմասաց է, որ ներկայացնում է հայկական առասպելների հետ կապուած տեղեկութիւններ, նաեւ հնամենի երգեր:
Ալիծ Աղպապեանը հրատարակել է բազմաթիւ մանկական գրքեր եւ շարունակում է «Ծիլ ու Ծառ» հրատարակութեամբ ճոխացնել հայկական մանկական սեռի գրականութիւնը:
2007ին Ալիծ Աղպապեանը հրաւիրւում է Սթոքհոլմ, Շուէտ, միջազգային գրադարանի հրաւէրով, ուր նա ներկայացնում է հայկական մանկական գրականութիւնը: Ապա, ընկհ. Աստղիկ Շիթիլեանը հրաւիրեց Ալիծ Աղպապեանին, ներկայացնելու իր նիւթը:
Ալիծ Աղպապեանը այնպէս սիրով էր շաղախում իր ասելիքը, որ անմիջական կապ էր հաստատում իր եւ ներկաների միջեւ, աւելի հաճելի մթնոլորտ ստեղծելով: Նա սկսեց գարնանային տօներից՝ Բարեկենդանից մինչեւ Կանաչ-Կարմիր Կիրակի, մէկ առ մէկ անդրադառնալով տօնական այդ շարանի ծէսերին, սովորութիւններին, դրա հետ միասին ցուցադրելով տիկնիկներ, որոնք ներկայացնում էին տօնական կերպարներ, նաեւ երգում էր, համապատասխան հնամենի եղանակներով երգեր, տեղ-տեղ ներկաներին առիթ ընծայելով մասնակից դառնալ, կրկնել իր հետ երգերը, իր հոգեւոր հարուստ նիւթով հարազատ ժողովրդի բառուբանը այնպէս տպաւորիչ էր դարձնում, որ կարծես մի պահ գտնւում էիր հայրենի գիւղի երդիկի ներքոյ՝ մաս կազմելով նրա խրախճանքին, երգին, գաղտնի հիւսուածքին: Նա իր նիւթը աւարտեց Ներսէս Շնորհալու մի գեղեցիկ շարականով:
Ապա, ընկհ. Աստղիկ Շիթիլեանը խօսք առնելով շնորհակալութիւն յայտնեց Ալիծ Աղպապեանին, իսկ մասնաւոր շնորհակալութիւնների արժանացաւ Շրջանային վարչութեան ներկայացուցիչ եւ դաստիարակչական յանձնախմբի պատասխանատու ընկհ. Սօնա Պոսթանեանը, իր կատարած հետեւողական եւ բծախնդիր աշխատանքի համար, իր եւ դաստիարակչական յանձնախմբի մատուցած բազմաթիւ ուսուցանող նիւթերի կազմաւորման ու ներկայացման համար:
Ընկհ. Աստղիկ Շիթիլեանը հրաւիրեց ՀՕՄի Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկհ. Սօնիա Փելթէքեանը, որ ողջունելով ներկաներին, կոչ արեց ասելով՝ Մարտ ամիսը ՀՕՄի համար անդամարշաւի ամիս է յայտարարուած, ուստի լրջախոհութեամբ պէտք է մտածել այս մասին եւ արձագանգել, խտացնելով ՀՕՄի շարքերը նոր ու երիտասարդ անդամուհիներով: