Հայ առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոսը, անդրադառնալով Արցախի կորուստի ցաւին՝ յղեց հետեւեալ պատգամը.
«Սիրելի հաւատաւոր եղբայրներ եւ քոյրեր,
«Խաւարման այս երեկոյեան մենք կանգնած ենք Քրիստոսի Խաչելութեան առաջ: Այնքան իրական էին Փրկչի տանջանքները եւ ցաւերը, որ նոյնիսկ ստիպուած է լինում արտաբերել «էլի՛, էլի՛, լամա սաբաքթանի», Աստուա՜ ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ: Խաչի վրայ արիւնաքամ լինող Փրկչի` սաղմոսից քաղուած այս բառերը ամբողջութեամբ մեզ են փոխանցում այն տագնապը, ցաւը եւ յուսալքութեան սարսափը, որ մեր Տէրը զգում էր իր տառապանքի վերջին ժամերին: Այո՛, Նա իրապէս տառապում էր եւ ցաւ էր զգում` ինչպէս սովորական մարդ, միեւնոյն ժամանակ հասնում է մարդկային ցաւի եւ տառապանքի գագաթնակէտին` Աստխուց մոռացուած լինելու զգացումին:
«Մեր հայրերը Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը անուանել են Աւագ Շաբաթ, որովհետեւ այդ 1 շաբաթուայ օրերի մէջ խտացուած է Յիսուս Քրիստոսի փրկագործութիւնը եւ աշխարհ գալու ամբողջ նպատակը, ուստի իրաւամբ այդ շաբաթը անուանում են նաեւ Աւետարան Աւետարանի մէջ: Հաւատքով եւ երկիւղածութեամբ հետեւելով սուրբգրային պատումի ընթացքին` մենք էլ մտովի տեղափոխւում ենք Աւագ Շաբաթուայ իրադարձութիւնների մէջ, որը սկսւում է մեռած Ղազարոսին կենդանութիւն տալով եւ Երուսաղէմ փառաւոր ու յաղթական մուտքով: Ցնծութիւն, ուրախութիւն եւ մեծ սպասելիքներ ունեցող ժողովուրդը, չհասկանալով Տիրոջ գերնպատակը, որը կապուած էր մարդկային ցեղի հոգեփրկութեանը եւ մեղքի կապանքներից ձերբազատուելուն, հրեայ կրօնապետերի կողմից ատելութեան հրահրումով եւ ուղղորդումով, մի քանի օր յետոյ պահանջում է խաչը հանել Յիսուսին: Սկսւում է աստուածային նախախնամութեամբ սահմանուած մարդկային եւ աստուածային մի մեծ ողբերգութիւն` ուրացում իւրայիների կողմից, դաւաճանութիւն աշակերտի կողմից, սուտ եւ անհիմն վկայութիւններ, անարդար դատավարութիւններ, Արդարի դէմ ծաղրանք ու չարչարանքներ եւ վերջապէս Օծեալի նկատմամբ Խաչելութեամբ մահուան դատավճիռ:
«Ցաւօք սրտի, այսօր մեր կենցաղի անբաժանելի մաս է դարձել սուտ խօսելը եւ սուտ վկայութիւն տալը, կաշառքով անմեղ մարդկանց մատնելը եւ պատժի ենթարկելը, հայրենիքն ու հաւատը ուրանալը: Եւ ամէն անգամ, երբ մենք այս արարքներն ենք գործում, նորից ու նորից միանում ենք այն ամբոխին, որ գոռում էին.«Խաչը հանիր Դրան..»: Այս ամէնը այնքան արագ էր տեղի ունենում, որ կարծես թէ մարդկային միտքը չէր հասցնում իւրացնել այն, ինչը նախատեսուած էր աստուածային նախախնամութեամբ:
«Այսօր, երբ մեր եկեղեցին վերապրում է Սուրբ Խաչի խորհուրդը, մենք մեր սրտերում կրում ենք մէկ այլ խաչ` մեր սիրելի Արցախի կորստի ցաւը: Մեր ազգի զաւակները նոյնպէս անցնում են այդ դաժան խաչի ճանապարհը, սակայն, ի տարբերութիւն մեզ, մեր Տէրը խաչուեց անմեղութեամբ, իսկ մենք` որպէս մեղաւորներ, սակայն չգիտակցեցինք եւ չապաշխարեցինք: Ինչպէս Տաճարի վարագոյրն է պատռուած երկու կէսի, այդպէս էլ մեր հայրենի հողն է պատռուած իր ամբողջութիւնից: Քրիստոսի տանջանքների նման մեր ցաւը եւս շատ իրական է, մաշկի պէս մեր վրայ է: Ոմանք կորցրել են տուն, ուրիշներ` հայր, որդի, եղբայր, իսկ միասին` բոլորս կորցրել ենք մի Սրբազան Հայրենիք: Մենք էլ, յաճախ մեզ Աստծուց մոռացուած համարելով, կրկնում ենք՝ «Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, ինչո՞ւ ես ինձ թողել»… եւ Մեր աղօթքները յաճախ բախւում են լռութեան պատին: Բայց հէնց այստեղ է, սիրելինե՛ր, որ Սուրբ Խաչը սկսում է խօսել մեզ հետ:
«Սուրբ Պօղոս Առաքեալն ասում է. «Խաչուած Քրիստոսը` Աստծու զօրութիւնն է ու Աստծու իմաստութիւնը» (Ա. Կորնթացիներ 1:24): Մարդկային իմաստով խաչը պարտութիւն էր, բայց Աստծու աչքով` այն յաղթութեան սկիզբն էր: Արցախը մեր խաչն է` որպէս ժողովուրդ, մեր սրբութիւնը, որ կորցրինք: Բայց արդեօ՞ք այն ամբողջովին կորաւ: Քրիստոսի խաչը նոյնպէս «կորուստ» թուաց աշակերտներին: Բայց նա յարութիւն առաւ, եւ այդ յարութիւնը բոլոր խաչերը դարձնում է նոր լոյսի ակունք: Սիրելինե՛ր, եթէ մեր մէջ ապրում է արդարութեան ծարաւը, եթէ շարունակում ենք աղօթել սրտանց ու ապրել քրիստոնէական սիրոյ մէջ` իբրեւ ազգ, ապա համոզուած եղէք, որ Արցախը չի մեռնելու: Արդեօ՞ք Քրիստոս մնաց գերեզմանում: Եւ այս խաւարային լռութեան մէջ կարծես թէ Քրիստոս հաւաքում է իր վերջին մարդկային ուժերը եւ արդէն դիմում է մեզ. «Մի վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող»:
«Թող մեր Տիրոջ Խաչից ճառագող լոյսը զօրացնի ամէնքիս` յաղթահարելու մեր մեղքերն ու վախերը եւ յոյսով լցուած դիմաւորելու Հրաշափառ Յարութիւնը»: