

Հայոց Ցեղասպանութեան 110րդ տարելիցի ոգեկոչմանը նուիրուած, ԹՀԹ Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ Հինգշաբթի, Ապրիլի 10ին բացումը կատարուեց տարրական օղակի դպրոցների աշակերտների ձեռքի աշխատանքների միասնական երկօրեայ ցուցահանդէսի, ՀՄՄ «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում:
Տէրունական աղօթքով մեկնարկած ցուցահանդէսի բացման խօսքով Դաստիարակչական յանձնախմբի անունից հանդէս եկաւ Ադրինէ Դաւթեանը, հրաւիրուեց իր խօսքը փոխանցելու ԹՀԹ Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանը, իսկ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Առաքել աբղ. Գատեհճեանը:
Միասնական ցուցահանդէսին իւրաքանչիւր դպրոցի աշակերտներին ներկայացուել էր յստակ թեմա, սկսուած հայոց թագաւորութիւններից ընդհուպ մինչեւ Արցախեան հերոսամարտեր, որոնց մասին պատրաստել էին ձեռքի աշխատանքներ:


Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման 110ամեակին նուիրուած աշակերտական միասնական ծրագրերի շարանում Ապրիլի 14ին կայացաւ հայոց միջնակարգ օղակի դպրոցների աշակերտ-աշակերտուհիների ծրագիրը:
Թեհրանի Հայոց թեմի «Մարիամեան» տղայոց, «Արարատ» աղջկանց «Մարիամ» հաստատութեան տղայոց եւ աղջկանց դպրոցների աշակերտ-աշակերտուհիները, իրենց փոխտեսուչ-փոխտեսչուհուիների եւ ուսուցիչ-ուսուցչուհիների հետ միասին ՀՄՄ «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում ներկայացրեցին միասնական աշակերտական ծրագիրը:
«ԱԼԻՔ»