Տաւուշցի լրագրող Ոսկան Սարգսեան կ՛անդրադարնայ սահմանազատման պատճառով սահմանամերձ շրջաններու հողերուն անմշակ մնալու երեւոյթին: Ան իր էջին վրայ գրած է հետեւեալը. «Տաւուշի մարզպետ Հայկ Ղալումեանին Ապրիլի 7ին հարցրել եմ. «Տաւուշի մարզի Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս գիւղերում որքա՞ն աշնանացան է արուել, ո՞ր բնակավայրում՝ որքա՞ն, 2025ին այդ բնակավայրերից իւրաքանչիւրում որքա՞ն գարնանացան է արուել, ո՞ր մշակաբոյսերի»: Մարզպետարանից պատասխանել են. «2024 թուականին ՀՀ Տաւուշի մարզում իրականացուել է աշնանացանի աշխատանքներ՝ Կիրանց-6.8 հա., Բերքաբեր-6.0 հա., Ոսկեպար եւ Բաղանիս գիւղերում աշնանացանի աշխատանքներ չեն իրականացուել: Գարնանացանի աշխատանքներն ընթացքի մէջ են»: 2024 թուականին Կիրանցում հնձուել է 38 հեկտար աշնանացան, այժմ ցանուած է 6.8 հեկտար: Հարց է՝ ամրանը Կիրանցի սահմանագօտում ինչպէ՞ս է կատարուելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի խանգարելո՞ւ դրան: Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչներն անվտանգ չեն զգում, որ գիւղի սահմանամերձ հողերում գարնանացան անեն: 2024թ. Սեպտեմբերի 2ին Նիկոլ Փաշինեանը Կիրանցի դպրոցում յայտարարեց? «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախութեան պատմութեան մէջ երբեք Կիրանցում դպրոց գնալն աւելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն աւելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եւ սա շատ կարեւոր արձանագրում է»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.