ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ապրիլի 12ին, Բրբենքի «Բեշիր Մարտիրոսեան» Երիտասարդական կենտրոնում կը կայանայ Հայոց Ցեղասպանութեան նուիրուած` «Անդրսերնդային ազդեցութիւն եւ առողջացում» (Transgenerational Effects & Healing) խորագրով եօթերորդ ամէնամեայ ձեռնարկը, որ կազմակերպւում է Լոս Անջելես գաւառի Հոգեկան առողջութեան վարչութեան AREA 2 բաժանմունքի կողմից: «Տրաւմատիկ (հոգեխոց պատճառող) ազդեցութիւնները, ըստ գիտական ուսումնասիրութիւնների, կարող են սերնդէ սերունդ փոխանցուել եւ ազդել մարդու բնաւորութեան եւ վարքագծի վրայ: Հայ ազգը ձեւաւորուել է որպէս մշակոյթ` նաեւ կրելով Ցեղասպանութեան պատճառած տրաւման (հոգեխոցը) եւ վերապրելու փորձառութիւնը, ամոքման փուլը, որ ազդել են` մեր ազգի բնաւորութեան մէջ կերտելով որոշակի առանձնայատկութիւններ», նշում է AREA 2 բաժանմունքի Հասարակայնութեան հետ կապերի եւ ներգրաւուածութեան հարցերով համակարգող Մարիամ Նահապետեանը: Ըստ նրա, ձեռնարկն ամէն տարի տարբեր թեմաների է անդրադառնում. նախորդներն անդրադարձել են հայ տղամարդուն, երիտասարդներին, եւ այս տարուայ թեման է` հայ կինը, մայրը, ով իր ճկունութեան, դիմացկունութեան, բացառիկ ուժի շնորհիւ կարողացել է յաղթահարել Ցեղասպանութեան արհաւիրքներն ու ապահովել սերունդներ:
Անդրադառնալով ձեռնարկի կարեւորութեանը, Նահապետեանը նշում է, որ արծարծուող թեմաները տեղեկատուական են հայ կնոջ համար, եւ իւրաքանչիւրը կարող է գտնել իրեն հետաքրքրող հարցերի պատասխաններ: Նա միաժամանակ ընդգծում է, որ միջոցառումը կարեւոր է նաեւ հայ բուժառուների հետ աշխատող օտար մասնագէտների համար` ծանօթանալու հայկական առանձնայատկութիւններին, մշակոյթին` լաւագոյն արդիւնք ունենալու համար: Ըստ այդմ, ձեռնարկը ներառում է նաեւ մշակութային հատուած, որտեղ կը ներկայացուի նաեւ հայ արուեստն իր տարբեր դրսեւորումներով` ի դէմս «Արարատ» պարային խմբի եւ Րաֆֆի Վարդանեանի:
Ձեռնարկի առանցքում մի քանի խօսնակներն են, որոնցից իւրաքանչիւրը տարբեր տեսանկիւնից է ներկայացնելու հայ կնոջ ուժն ու դիմադրողականութիւնը` ներկայում եւ անցեալում: Բանախօսներից է նաեւ ձեռնարկի կազմակերպիչ յանձնախմբի անդամ, Լոս Անջելես գաւառի Հոգեկան առողջութեան բաժանմունքի Արեւելեան Եւրոպայի եւ Միջին Արեւելքի բաժնի (Eastern European/Middle Eastern Subcommittee) կլինիկական (դարմանատնային) հոգեբան, դոկտոր Աննա Եարալեանը: «Տրաւման ինչ որ ձեւերով ազդել է Ցեղասպանութիւնից յետոյ մեր սերունդների վրայ: Իմ ելոյթում, ես խօսելու եմ հայ կնոջ ճկունութեան մասին, ինչն օգնել է շարունակելու ազգը: Ապաքինման համար կարեւոր նախապայման է, երբ գիտակցում եւ խօսում ես տրաւմայի մասին», նշում է դոկտոր Եարալեանը: Իր խօսքում նաեւ զուգահեռներ է անցկացնելու Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախից բռնի տեղահանուած կանանց միջեւ, որոնց հետ առիթ է ունեցել հոգեբանական խորհրդակցութիւն ապահովելու` «Ուլիկ» կազմակերպութեան նախաձեռնած երկամսեայ հանդիպումներին:
«Արցախից բռնի տեղահանուած մեր հայրենակից հայ կանայք կորցրել են իրենց հայրենի հողը, տունը, ընտանիքի անդամների ու հարազատների: Նրանք անցել են պատերազմի, շրջափակման, բռնի տեղահանութեան սարսափների միջով, եւ այս ամէնը անհետեւանք չի կարող անցնել: Սակայն այդ կանայք, ում հետ առիթ ունեցայ շփուելու, չեն յուսահատուել, չեն կոտրուել, աւելին` պայքարել են, օգնել են պատերազմում տարբեր վիրաւորումներ ստացած ամուսիններին, հոգ են տարել երեխաներին, եւ նոյնիսկ կամաւոր աշխատանքներ են իրականացրել` օգնելու իրենց հայրենակիցներին», նշում է դոկտոր Եարալեանը` ընդգծելով նրանց ուժն ու պայմաններին յարմարուելու ճկունութիւնը:
Լոս Անջելես գաւառի Հոգեկան առողջութեան վարչութեան` Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած ձեռնարկը տեղի կ՛ունենայ 10:00-3:30: Մուտքն ազատ է: