ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը հրապարակեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ անդրադարձ կը կատարուի Պելճիքայի Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովին՝ 2 Ապրիլին ունեցած կարեւոր լսումներուն, որոնց նպատակը Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ պատգամաւորներ Էլս Վան Հուֆի եւ Միշէլ Տէ Մաեկտի կողմէ ներկայացուած բանաձեւի նախագիծը քննարկել էր:
Հայ Դատի Կեդրոնական գրասենեակ հաղորդագրութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը.
«Լսումը ներառել է դիւանագիտական եւ հայ համայնքի ներկայացուցիչների ելոյթներ, որոնք յանձնաժողովին տրամադրել են անհրաժեշտ պատկերացումներ Արցախի հայութեան իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ ձեռնարկուելիք քայլերի համար:
«Հայկական կողմից ելոյթ են ունեցել Բելգիայի Թագաւորութիւնում ՀՀ դեսպան Տիգրան Բալայեանը, նախկինում Ֆրանսիայում Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը եւ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը: Յանձնաժողովի առջեւ հանդէս գալով՝ Գասպար Կարապետեանը շեշտել է ճգնաժամի կարեւորագոյն խնդիրները, որոնք անհրաժեշտ է ներառել առաջիկայ բանաձեւերում: Նա ընդգծել է, որ Ալմա Աթայի հռչակագիրը իրաւական հիմք չի կարող հանդիսանալ Ադրբեջանի տարածքային պահանջների համար՝ շեշտելով, որ այն իրաւական ուժ չունի: Գասպար Կարապետեանը ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հիմքը դրուած է ԽՍՀՄի 1990 թուականի Ապրիլի 3ի օրէնքի վրայ՝ «Միութենական հանրապետութիւնների դուրս գալու հետ կապուած հարցերի կարգաւորման մասին»:
Կարապետեանը յաւելել է, որ «Ալմա Աթա»ի իրաւական ուժը հիմնուած էր ԱՊՀի ստեղծման արձանագրութիւնների ընդունման վրայ, որոնց վաւերացումը Հայաստանի կողմից ներառում էր յատուկ ձեւակերպում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չպէտք է գտնուի Ադրբեջանի իշխանութեան տակ: Սա ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրաւունքը՝ ապացուցելով, որ նոյնիսկ Ալմա Աթայի արձանագրութիւնների ստորագրման պահին Լեռնային Ղարաբաղը չէր գտնւում Ադրբեջանի անմիջական վերահսկողութեան տակ: Այս հանգամանքը պէտք է հաշուի առնուի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարաւոր խաղաղութեան պայմանագրի քննարկման ժամանակ:
«Այս հարցի շուրջ Կարապետեանը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի դիրքորոշումը՝ նշելով, որ նրա ընդունած բազմաթիւ զիջումներն ուժեղացրել են Ադրբեջանի պահանջները եւ նպաստել լարուածութեան աճին: Նա նաեւ տեղեկացրել է յանձնաժողովի անդամներին այն նախապայմանների մասին, որոնք Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին՝ չնայած երկու երկրների միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրման մառին յայտարարութեանը:
«Անընդունելի պահանջների թւում են՝
«- Հայաստանի բանակի զինաթափումը,
«- Հայաստանի սահմանադրութեան փոփոխումը,
«- Կամայական մեծ ֆինանսական փոխհատուցումների պահանջը,
«- Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանը Բաքուին յանձնի բոլոր նախկին նախագահներին՝ որպէս ահաբեկիչների դատելու համար:
«Կարապետեանը ընդգծել է՝ այս զիջումները էքզիստենցիալ (գոյութենական) վտանգ են ներկայացնում Հայաստանի ինքնիշխանութեան եւ անկախութեան համար՝ ցոյց տալով, որ Բաքուն չի պատրաստւում հաստատել արդար խաղաղութիւն եւ նուազեցնել լարուածութիւնը:
«ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահը յանձնաժողովից պահանջել է հաշուի առնել այս կարեւոր կէտերը եւ կոչ արել Բելգիայի կառավարութեանը՝ ԵՄի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի պաշտօնեաների վրայ՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի դէմ սպառնալիքները:
«Անդրադառնալով թեմային՝ նա շեշտել է. «Այո՛, մենք ցանկանում ենք խաղաղութիւն, բայց անհրաժեշտ է, որ միջազգային հանրութիւնը հանդէս գայ որպէս երաշխաւոր, որը կը հետեւի պայմանագրի ընթացքին եւ դրա իրագործմանը երկու կողմերից»:
«Բացի այդ, Կարապետեանը վերահաստատել է Արցախի բնիկ հայերի մշակութային, կրօնական եւ քաղաքացիական ենթակառուցուածքների պաշտպանելու անհրաժեշտութիւնը, որպէսզի դրանք չոչնչացուեն Ադրբեջանի կողմից, որը փորձում է վերացնել հայկական ներկայութեան բոլոր հետքերը: Նա նաեւ բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդների իրաւունքների կոպիտ խախտումները՝ պահանջելով նրանց անյապաղ ազատ արձակում:
«Կարապետեանը յանձնաժողովին կոչ արեց՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարութեանը խնդրել՝ Եւրոպական Միութեան Արտաքին գործերի խորհրդում բարձրացնել այս հարցերը:
«ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահը նաեւ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց նախնիների հողերը միջազգային պաշտպանութեան երաշխիքներով հաւաքական վերադարձի հիմնարար իրաւունքը: Նա նշել է նաեւ՝ Արցախի Ազգային ժողովը ստեղծել է յատուկ յանձնաժողով՝ հաւաքական վերադարձի իրաւունքի իրագործման համար:
«Կարապետեանը բարձր է գնահատել Շուէյցարիայում վերջերս ընդունուած որոշումը, որը պարտաւորեցնում է շուէյցարական կառավարութեանը բաց երկխօսութիւն նախաձեռնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջեւ:
«Ըստ Կարապետեանի՝ քննադատել է Հայաստանի վարչապետի որոշումը՝ փակելու Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի Հանրապետութիւնում, այն դէպքում, երբ օտարերկրեայ երկրները պաշտպանում են Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքները:
«ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի եւ «Եւրոպացիներ յանուն Արցախի» հարթակի անունից Կարապետեանը նաեւ նշել է, որ, ԵՄ դիտորդական առաքելութեան դուրս բերման պահանջը Ադրբեջանի կողմից անընդունելի է, եւ նրա մանդատը պէտք է պաշտպանուի եւ խրախուսուի Բելգիայի կողմից:
«Գասպար Կարապետեանի ելոյթից յետոյ բազմաթիւ պատգամաւորներ հարցեր ուղղել են հարցեր, յատկապէս Լեռնային Ղարաբաղից տեղահանուած հայ փախստականների հարցի շուրջ՝ շեշտելով, որ անհրաժեշտ է աւելացնել Եւրոպական Միութեան եւ Բելգիայի կողմից տրամադրուող հումանիտար (մարդասիրական) օգնութիւնը:
«Պատգամաւորները ճշտել են նաեւ, թէ ի՛նչ պայմանների դէպքում փախստականները կարող են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:
«Բանաձեւի նախագծի քուէարկութիւնը նախատեսւում է անցկացնել Բելգիայի Դաշնային Խորհրդարանում՝ Մայիսի վերջում»: