«Գեղարդ» գիտավերլուծական հիմնարկը հրապարակեց յօդուած մը, որուն մէջ կ՛անդրադառնայ Ատրպէյճանին, որ չի պահպաներ իր պատմամշակութային ժառանգութիւնը, սակայն կը մեղադրէ հայկական կողմը՝ Արցախի տարածքին մէջ գտնուող իսլամական յուշարձանները վանտալութեան ենթարկելու մէջ:
«Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակոյթին պատկանող այդ յուշարձանները բացառապէս կապ չունեն «ադրբեջանական մշակոյթի» հետ: Աւելին` բազմաթիւ պատմական յուշարձաններ եւ մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածուել են աղբանոցների կամ անասնագոմերի: Մոնղոլական ժամանակաշրջանի, Շիրվանշահերի մշակոյթին պատկանող արժէքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջեւ: Օրինակ` Սեֆեանների ժամանակաշրջանին պատկանող Շահ Սուլթան Յուսէյնի մզկիթը, որը գտնւում է Ադրբեջանի Նովխանի գիւղում, վերածուած է աղբավայրի: Իրանական մշակութային ժառանգութիւն հանդիսացող շիիթական մզկիթի նկատմամբ ադրբեջանական նման վերաբերմունքը կոշտ արձագանգի է արժանացել իրանական տեղեկատուական կայքերում: Մզկիթի անմխիթար վիճակի մասին ահազանգել է նաեւ ադրբեջանցի պատմաբան Զաուր Ալիեւը: Ըստ նրա` անգամ ցուցանակ տեղադրուած չէ, որը կը փաստի յուշարձանի` պետութեան կողմից պահպանուած լինելը. միայն տեղացիների պատրաստած «Շահ սուլթան Յուսէյնի մզկիթ» վերտառութեամբ գրութիւնն է: «Կրօնական յուշարձանի ներսը վերածուել է աղբանոցի, որտեղ նետում են անգամ սատկած կենդանիների լեշեր», նշել է Զաուր Ալիեւը» կը յայտնէ յօդուածը, որուն մէջ բերուած յաջորդ օրինակը Պաքուի Սապունճուի շրջանին մէջ Մաշթաղա աւանին մէջ գտնուող 17-18րդ դարերով թուագրուող արեւելեան յայտնի բաղնիքն է, որ ամբողջութեամբ վերածուած է աղբանոցի: Մշակութային այս ժառանգութիւնը յայտնի է նաեւ «Աւազի համամ» անունով: Ապշերոնի գրեթէ բոլոր գիւղերուն մէջ կան այսպիսի բաղնիքներ, որոնց ճնշող մեծամասնութիւնը կը գտնուի կիսաքանդ, կա, քանդուած վիճակի մէջ:
«Նոյնպիսի անմխիթար վիճակում է Սումգայիթ քաղաքի Ջորաթ աւանի տարածքում գտնուող պատմական «Հաջը Մաջիդ» համամը, որը բնակչութեան շրջանում յայտնի է «Հին համամ» անունով: Այն 15-16րդ դարերի շինութիւն է, պատկանում է Շիրվանշահերի դարաշրջանին: Բնակիչների խօսքերով` պատմական յուշարձանի` աղբավայրի վերածուելու հիմնական պատճառը պատասխանատու կառոյցների անտարբեր վերաբերմունքն է: Պէտք է փաստել, որ Հաջը Մաջիդ համամը վերջին անգամ վերանորոգուել է 1985 թուականին եւ գործել է մինչեւ 1988 թուականը: Պատմական այս յուշարձանն այժմ կանգնած է վերացման վտանգի առջեւ: Հնագոյն մէկ այլ յուշարձանի տարածք ադրբեջանցիների կողմից աղբավայրի է վերածուել Աղսու քաղաքում: Տեղում պեղումներ կատարած հնագէտ Ֆարիզ Խալիլլին նշել է, որ հնագիտական աշխատանքների աւարտից յետոյ յուշարձանի մի մասը ոչնչացուել է տարածքում ճանապարհի կառուցապատման աշխատանքների պատճառով: Ադրբեջանցի բնակչութիւնն էլ, իր հերթին, յուշարձանի տարածքը վերածել է աղբավայրի: Հնագէտի խօսքով` տարածքում թափուած աղբը պատմական յուշարձանների նկատմամբ անյարգալից վերաբերմունքի դրսեւորում է», կը պատմուի հիմնարկին յօդուածին մէջ:
Պատմամշակութային յուշարձաններու ոչնչացումէն բացի` Ատրպէյճանի մէջ վանտալութեան կ՛ենթարկուին նաեւ սրբավայրեր եւ ուխտատեղիներ: «Այսպէս` դեռեւս 2016 թուականին Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնուող Եալամա աւանում անյայտ անձինք երկու ուխտատեղի են այրել: Ադրբեջանցիների կողմից նոյն ճակատագրին են արժանացել Խանոբա, այնուհետեւ` Մոլլա Ահմադ սրբավայրերը», գրած է հիմնարկը, որ նաեւ կ՛ընդգծէ, թէ մշակութային յուշարձաններու հանդէպ կատարուող վանտալութիւնը կը շարունակէ մնալ Ատրպէյճանի քաղաքականութեան անբաժանելի մէկ մասը: Պէտք է նշել, որ կ՛ոչնչացուին զանազան ժամանակաշրջաններու պատկանող եւ ատրպէյճանցիներուն հետ որեւէ աղերս չունեցող մշակութային կոթողները:
«Բաքուն նպատակաուղղուած նոյն քաղաքականութիւնն վարում է ոչ միայն բռնազաւթուած Արցախում` ջնջելով հայկական հետքն ու վերացնելով քրիստոնէական եկեղեցիները, այլեւ` հենց Ադրբեջանի տարածքում: Ասուածի ապացոյցը Զաքաթալայի շրջանի հնագոյն կիսաւեր եկեղեցին է, որը, թէեւ գտնւում է պետութեան պաշտպանութեան ներքոյ, սակայն ենթարկուած է վանդալիզմի: Այսպիսով` ադրբեջանական կողմն անգամ քաղաքակրթութեանն է պատերազմ յայտարարել` ոչնչացնելով իր տարածքում գտնուող տարբեր ժամանակաշրջաններին ու ժողովուրդներին պատկանող մշակութային արժէքները: Այս ամէնի մասին փաստում են հէնց իրենք` ադրբեջանցիները` սոցիալական ցանցերի էջերում կատարելով նմանատիպ գրառումներ. «Վանդալիզմ Ադրբեջանում. հայերին մեղադրել պէտք չէ, քանի որ ինքներս ենք ոչնչացնում մեր պատմական յուշարձանները», կ՛եզրափակէ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնարկի յօդուածը: