

Տարին մէկ անգամ բժիշկը նշանակում է քննութիւն, որին ընթացքում, եթէ դուք անգամ բողոք չունէք, ստուգւում է ձեր ընդհանուր առողջական վիճակը: Բժիշկը խօսում է հիւանդութիւնների կանխարգելման մասին եւ օգնում կառավարել առողջական խնդիրները: Բժիշկը ձեր առողջական վիճակը ստուգելու համար քննում է ձեր մարմինը: Ի՞նչ է պէտք ակնկալել:
Նախ եւ առաջ, բժիշկը կամ օգնականը կը գրանցեն եւ կը կշռեն ձեզ: Ձեր հասակի, քաշի չափումները կ՛օգնեն պարզելու ձեր BMI-ն, կամ մարմնի զանգուածի չափանիշը: Սա միջոց է հետեւելու, թէ արդեօք նիհարել էք կամ գիրացել ձեր վերջին այցելութիւնից յետոյ: Բարձր BMI-ը յուշում է սրտի հիւանդութիւն, արեան բարձր ճնշում, 2րդ տիպի շաքարախտ, լեղապարկի քարեր, կամ այլ հիւանդութիւններ ունենալու մասին:
Բժիշկը կամ բուժքոյրը կը չափեն արեան ճնշումը,այսինքն արեան մղման ուժը ձեր երակների եւ զարկերակների վրայ: Արեան ճնշման տատանումները կարող են ի յայտ գալ առանց ախտանիշների: Ձեր արեան ճնշումը կառավարելը բանալին է սրտի կաթուածը, ինսուլտը (ուղեղի կաթուածը) կամ սրտի անբաւարարութիւնը կանխելու համար:
Ձեր բժիշկը կը ստուգի ձեր որովայնը՝ ձեւին, մաշկին, ինչպէս է այն շարժւում, երբ դուք շնչում էք: Շօշափելով որովայնը բժիշկը ստուգում է այն հատուածները, որոնք չափազանց ամուր, փափուկ կամ աւելի մեծ են, քան պէտք է լինեն:
Բժիշկը օտոսկոպի օգնութեամբ կը զննի ձեր ականջի խորքը` յատկապէս, եթէ դուք լսողութեան հետ խնդիրներ ունէք կամ ձեր ականջը ցաւում է:
Այնուհետեւ նա կը խնդրի բացել բերանը եւ նա կը հետազօտի ձեր կոկորդի եւ նշագեղձերի վերին հատուածը, պատկերացում կ՛ունենայ ձեր ատամների վիճակի եւ շնչառութեան մասին: Յատուկ լոյսի օգնութեամբ բժիշկը կը ստուգի ձեր աչքերը, աչքի կենտրոնը, թէ ինչպէս է այն արձագանքում լոյսի ներթափանցմանը: Երկու աչքն էլ պէտք է նմանապէս արձագանքի լոյսին: Այս քննութիւնը ցոյց կը տայ փոփոխութիւնները, որոնք կարող են լինել արեան բարձր ճնշման, շաքարախտի կամ գլաուկոմայի նշաններ:
Բժիշկը ստետոսկոպով կը լսի ձեր կրծքավանդակը, որպէսզի վստահ լինի, որ ձեր սիրտը կանոնաւոր կշռոյթ ունի՝ առանց բաց թողնուած զարկերի կամ աւելորդ ձայնի: Թոքերը լսելով բժիշկը կը համոզուի արդեօք չկա՞ն սուլոցներ: Նա կարող է թեթեւ հարուածել կրծքավանդակին` ձայնի հնչեղութիւնից որոշելու համար աւելորդ հեղուկի առկայութիւնը:
Հարուածող գործիքով ծնկին թեթեւակի խփելով բժիշկը կը ստուգի ռեֆլեքսները (անդրադարձները): Եթէ ամէն ինչ լաւ է, ձեր ծունկը ինքնաբերաբար մի փոքր վեր կը բարձրանայ:
Վերջում բժիշկը կը նշանակի արեան եւ մեզի քննութիւն: Սա լաւագոյն միջոցն է՝ ստուգելու բարձր խօլեստերինը, շաքարախտը, երիկամների, լեարդի կամ վահանաձեւ գեղձի հիւանդութիւնները: Եթէ ձեր բժիշկը որեւէ խնդիր յայտնաբերի, դուք կը սկսէք բուժումը:
Առողջ եղէ՛ք: