«Գեղարդ» հիմնարկը կը հաղորդէ, որ՝ ըստ վերջերս` Փետրուար 2025ին, համացանցին վրայ տեղադրուած տեսանիւթերուն, ատրպէյճանական կողմը էական վնասներ հասցուցած է Ստեփանակերտի յուշահամալիրի տարածքին մէջ գտնուող շարք մը շիրմաքարերու։
«Մասնաւորապէս` ջարդել են շիրմաքարերի մօտ տեղադրուած քարէ ծաղկամանները, պոկել են սալայատակի քարերը: Դատելով տեսանիւթից` վնասուել են նաեւ 2020 թուականի 44օրեայ պատերազմի մասնակիցների որոշ շիրմաքարեր: Այնուամենայնիւ, հարկ ենք համարում նշել, որ տապանաքարերը, դրանց վրայ առկայ գրութիւնները, զինուորների պատկերները անվնաս են: Թէեւ ադրբեջանական իշխանութիւնները դեռ չեն դիպչում յուշահամալիրին, սակայն ակնյայտ է, որ այն պարբերաբար կերպով դառնում է վանդալիզմի թիրախ եւ գտնւում է ոչնչացման սպառնալիքի տակ (այս թեմայով տես նաեւ Ստեփանակերտի յուշահամալիրը վտանգի տակ):
«ՄԵՐ ԱՐՁԱԳԱՆԳԸ
«Հայկական յուշարձանների, այդ թւում գերեզմանոցների պղծումն արգելուած է Հաագայի Արդարադատութեան միջազգային դատարանի 2021 թուականի Դեկտեմբերի 7ի որոշմամբ: Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պէտք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողութիւնները հայկական մշակութային ժառանգութեան դէմ` ներառելով, բայց եւ չսահմանափակուելով եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով, յուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով եւ արտեֆակտներով (հին մշակոյթի մնացորդներով) (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34):
«Բացի այդ, Եւրոպական Խորհրդարանը 2024 թուականի Մարտի 12ին ընդունել է Եւրոպական Միութեան եւ Հայաստանի միջեւ աւելի սերտ կապերի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի անհրաժեշտութեան մասին բանաձեւը, որն իր 19րդ կէտով դատապարտում է հայկական բազմադարեայ ներկայութիւնը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի եւ պղծման դէպքերը:
«Գերեզմանոցների պղծումը նաեւ պատերազմական յանցագործութիւն է, համաձայն Հռոմի Ստատուտի (կանոնագրութեան) 8րդ յօդուածի 2րդ մասի, որն ի մասնաւորի նշում է, որ՝ «Սոյն Կանոնադրութեան նպատակների համար «պատերազմական յանցագործութիւններ» նշանակում է դիտաւորութեամբ կատարուած յարձակումները կրօնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծառայող շէնքերի, պատմական յուշարձանների, հոսպիտալների (հիւանդանոցներու) եւ այն վայրերի վրայ, ուր կենտրոնացած են հիւանդներ ու վիրաւորներ, պայմանով, որ նշուած օբյեկտները (կառոյցները) ռազմական նպատակակէտեր չեն. (8 րդ յօդուածի 2րդ կէտի բ) մասի ix դրոյթ):
«Գերեզմանոցների պղծման գործողութիւններով Ադրբեջանը խախտում է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի (պայմանագիրի) 4րդ յօդուածը, որը նշում է, որ կողմերը պարտաւորւում են յարգել ինչպէս իրենց, այնպէս էլ միւս կողմի տարածքում գտնուող մշակութային արժէքները` արգելելով այդ արժէքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինուած ընդհարման դէպքում կարող են յանգեցնել դրանց ոչնչացմանը կամ վնասուելուն, ձեռնպահ մնալով դրանց դէմ ուղղուած թշնամական ցանկացած գործողութիւնից», կ՛ըսուի «Գեղարդ»ի հաղորդագրութեան մէջ: