Պուլկարիոյ մէջ Հայ համայնքային միութիւնը յայտարարութիւն մը հրապարակելով՝ անընդունելի նկատեց Յունուար 2025ին, Զուիցերիոյ մէջ խումբ մը հայերու հետ հանդիպումին ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Հայոց Ցեղասպանութեան գծով արտայայտութիւնները։
Ստորեւ՝նշեալ յայտարարութիւնը.
«Շուէյցարիայի մի խումբ հայերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանն իրեն թոյլ տուեց քննարկել Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութեան կողմից ծրագրուած անվիճելի փաստը: Ոչ ոք, լինի դա Հայաստանի ղեկավարը, իրաւունք չունի կասկածի տակ դնել հայ ժողովրդի ազգային յիշողութեան հետ կապուած պատմական փաստերը:
«Նման քաղաքականութիւնը ծառայում է միայն թուրքական շահերին եւ դաւադրութիւն է Հայկական Սփիւռքի եւ ամբողջ հայ ժողովրդի դէմ:
«Վարչապետի յայտարարութիւնը անընդունելի է ողջ հայութեան համար, յատկապէս` Սփիւռքի: Բուլղարիայի հայկական կազմակերպութիւնների ասոցիացիան (միութիւնը) դատապարտում է այս եւ նմանատիպ յայտարարութիւնները, որոնք կասկածի տակ են դնում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ փաստերի իսկութիւնը: Մենք միանշանակ վերահաստատում ենք մեր աննկուն յանձնառութիւնը` շարունակելու պայքարը հայ ժողովրդի պատմական արդարութիւնը վերականգնելու համար:
«Հայոց Ցեղասպանութիւնը պատմական փաստ է, որը ճանաչուել է բազմաթիւ երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների կողմից: Նրա ճանաչման եւ դատապարտման հարցը խորապէս կարեւոր է աշխարհասփիւռ հայութեան համար:
«Բուլղարիայի հայ համայնքը վարչապետ Փաշինեանի խօսքերն ընկալում է որպէս նահանջ ցեղասպանութիւնը դատապարտելու դիրքորոշումից, որը շարունակում է հերքուել թուրքական կողմից: Այս քաղաքականութեան շարունակութիւնը կը յանգեցնի ներհայկական լարուածութեան: Նման համատեքստում Հայաստանի կառավարութեան կեցուածքը հակասում է հայ ժողովրդի ակնկալիքներին, որը շարունակում է պնդել եւ պայքարել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար` պաշտպանելով պատմական ճշմարտութիւնն ու արդարութիւնը»: