
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան առաքելութիւնը Միացեալ Նահանգների արեւմտեան ափում ամբողջականացաւ` Գլենդելում սեփական կենտրոնի հիմնադրմամբ: Փետրուարի 1ին, 1522 Քանեադա հասցէում տեղի ունեցաւ Համազգայինի «Արիս Սթամպօլեան» Մշակութային կենտրոնի բացման պաշտօնական արարողութիւնը` համայնքի եւ քաղաքի ղեկավարների, մշակութային եւ հասարակական գործիչների, բարերարների ու համազգայինի մեծ ընտանիքի ներկայացուցիչների մասնակցութեամբ:
Երկյարկանի ընդարձակ կառոյցը` ցուցասրահով, գրադարանով, ժողովասրահով եւ տարաբնոյթ հաւաքների համար նախատեսուած սրահով` այսուհետ կը խորհրդանշի հայ մշակոյթի իւրատեսակ կենտրոնակայանն Ամերիկայի ամենահայաշատ քաղաքում:


Ճանաչուած օպերային երգիչ Պերճ Քարազեանի կողմից օրհներգների կատարումից յետոյ, Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան փոխատենապետ Յովիկ Սէրայտարեանն ազդարարեց տօնական ձեռնարկի բացումն ու հիւրերին ամփոփ ներկայացրեց Համազգայինի ստեղծման նախապատմութիւնն ու առաքելութիւնը` ընդգծելով, որ կենտրոնը նոր լիցքեր կը հաղորդի միութեան աշխատանքներին:
«Հայոց Ցեղասպանութիւնից 13 տարի անց, երբ վերապրած հայութիւնը ցիրուցան էր Միջին Արեւելքի տարբեր երկրներում, ինն հայորդիներից բաղկացած մի խումբ, գիտակցելով եւ կանխատեսելով ձուլման վտանգը, 1928 թուականի Մայիսի 28ին Եգիպտոսում ստեղծեցին հայ կրթական եւ հրատարակչական Համազգայինի ընկերութիւնը, որի նպատակն էր` Սփիւռքում հայ մշակոյթի ջահը վառ պահել դպրոցների, հրատարակութիւնների եւ մշակութային գործունէութեամբ: Այսօր, աշխարհի տարբեր անկիւններում գործող Համազգայինը պահում է իր հիմնադիրների պատգամը` ամէն ճիգ թափել` օտար ափերում հայոց լեզուն եւ հայ մշակոյթը զարգացնելու եւ արդիականացնելու համար, որպէսզի այն ընկալուի իր ժամանակի մէջ ապրող նոր սերնդի կողմից: Ամերիկայի արեւմտեան շրջանի նուիրեալ համազգայինների համար միշտ առաջնահերթութիւն է եղել սեփական կենտրոն ունենալը, որտեղ պիտի համախմբուէր համայնքի հայրենասէր եւ մշակութասէր երիտասարդութիւնը», նշեց Սէրայտարեանը յայտարարելով, որ Արեւմտեան Ամերիկայում Համազգայինի կենտրոն ունենալու երազն իրականացաւ մեծապէս բարերարներ` տէր եւ տիկին Արիս եւ Անժելա Սթամպօլեանների ու տէր եւ տիկին Ալպէր եւ Թէրրի Պէզճեանների խոշոր նուիրատուութիւններով, եւ միութեան այլ բարերարների եւ մասնաճիւղերի զօրակցութեամբ ու աջակցութեամբ:


«Այսօր ցնծութեան եւ հպարտութեան օր է: Այսօրը միայն պատերի բացում չէ, նաեւ` տարածում ենք մեր ինքնութիւնը, մեր յիշողութիւնը, մեր մշակոյթը եւ Սփիւռքում խարսխում ենք մեր կենսունակ հայրենիքը», խօսելով կենտրոնի նշանակութեան մասին` նշեց Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի շրջանային վարչութեան ատենապետ Մանուկ Չուխաճեանը: Նա ընդգծեց, որ կառոյցը նոր թափ կը հաղորդի Համազգայինի բեղուն գործունէութեանը` հայապահպանման եւ մշակոյթի տարածման ուղղութեամբ, որ տարիներ շարունակ իրականացւում է երգի, պարի, ասմունքի, թատերական խմբերի միջոցով, ինչպէս նաեւ` արուեստի ցուցադրութիւնների, գրական եւ դասախօսական երեկոների կազմակերպմամբ:
«Մշակոյթի կենտրոնները միշտ էլ հանդիսացել են երկրորդ տուն, հաւաքավայր, ժողովատեղի եւ մշակութային աշխատանքների փեթակ, եւ այս կենտրոններում է, որ պատանիներն ու երիտասարդները պիտի շարունակեն միատեղ աշխատելով նոր ծրագրեր ստեղծել: Ահա այս երազով է, որ ճամբայ ելանք ու այս երազն էր, որ ներկայացրեցինք մեր բարեկամներին եւ բարերարներին, ու Համազգայինը ձեռք բերեց իր սեփական տունը»: Մանուկ Չուխաճեանը շնորհակալութիւն յայտնեց կենտրոնի ձեռքբերման հարցում նշանակալի ներդրում ունեցած Արիս Սթամբօլեանին` մէկ միլիոն դոլարի նուիրատուութեան համար` նրան բնութագրելով որպէս հայրենասէր, մշակութասէր եւ եկեղեցասէր նուիրեալ հայ, ով մեծապէս մասնակցել է հայ համայնքի բարգաւաճմանը, եւ յայտնեց, որ ի երախտագիտութիւն բարերարի, Համազգայինի նոր տունը կոչուել է Արիս Սթամպօլեանի անունով:



Չուխաճեանը երախտիքի խօսքեր ուղղեց կենտրոնը գնելու համար 500,000 դոլար նուիրած Ալպէր եւ Թէրրի Պէզճեան բարերար ամուսիններին` տեղեկացնելով, որ կառոյցի մի հատուածն էլ անուանակոչուել է «Ալիս Պէզճեան» ցուցասրահ եւ դահլիճ` ի յիշատակ Ալպէր Պէզճեանի մօր:
Շրջանային վարչութեան ատենապետն ամփոփեց, որ յաջողութիւնը հաւաքական աշխատանքի արդիւնք էր, որին մասնակցեցին նաեւ միութեան նուիրեալ բարերարները, բոլոր միաւորներն ու վարչութիւնները:


«Մշակոյթով է, որ ազգերն առանձնայատուկ են: Մշակոյթն է, որ միաւորում է ժողովրդի ներկայացուցիչներին ազգային արժէքների շուրջ եւ ապահովում է ազգերի ինքնութիւնը, նրանց զարգացումն ու գոյատեւումը: Մշակոյթը ժողովրդի ինքնուրոյն դիմագիծն է, աւանդութիւնների, արժէքների, արուեստի եւ պատմութեան ամբողջութիւնն է: Մշակոյթը միայն անցեալի ժառանգութիւն չէ, այն կենդանի, մշտապէս զարգացող ուժ է եւ երեւոյթ: Հետաքրքրական է որ Համազգայինի կենտրոնի բացումը զուգադիպեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.ի` 2025 տարին «Աւանդութիւններու Վերակենսաւորման Տարի» hռչակելու հետ: Վերակենսաւորել` նշանակում է նոր շունչ տալ, կենդանացնել, պահպանել եւ զարգացնել մեր մշակութային ժառանգութիւնը», Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կենտրոնական վարչութեան անունից ողջոյնի խօսքում նշեց դոկտոր Տիգրան Պապիկեանը` ընդգծելով, որ կենտրոնը մեծապէս կը նպաստի հայ մշակոյթի վերակենսաւորմանը: Նա շնորհաւորեց հայ համայնքին եւ Համազգայինի ընտանիքին` պատմական ձեռքբերման համար, որ հնարաւոր դարձաւ միութեան առաքելութեանը հաւատացող բազմաթիւ բարերարների եւ նուիրատուների անսակարկ աջակցութեամբ, որոնք գիտակցում են են հայ մշակոյթի պահպանման եւ զարգացման կարեւորութիւնը: Տիգրան Պապիկեանն այնուհետեւ հրաւիրեց գլխաւոր նուիրատու Արիս եւ Անժելա Սթամպօլեաններին` պարգեւատրելու Համազգայինի Կեդրոնական վարչութեան շքանշանով, որ բարերար ամուսիններին յանձնեց Արեւմտեան Ամերիկայի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեանի հետ միասնաբար: «Արեւմտեան շրջանի մեր համայնքի պատմութիւնն այսօր ամբողջանում է իր ազգային առաքելութեան մէջ: Ցեղասպանութիւնը վերապրած մեր նախնիները, որ երկիր էլ գնացին` հաստատեցին համայնք` եկեղեցին եւ կրթութիւնը սահմանելով որպէս առաջնահերթութիւն: Համազգայինն էլ ստեղծուեց հայ մշակութային ժառանգութիւնը պահպանելու եւ տարածելու նպատակով: Մշակոյթի միջոցով է, որ ներկայացնում ենք մեր ազգն աշխարհին, սա արտաքին առումով, իսկ ներքին իմաստով Համազգայինի առաքելութիւնն է մեր նոր սերունդներին ծանօթացնել հայ մշակոյթին, զարգացնել եւ ձեւաւորել ճաշակ: Մենք օտար միջավայրում ենք, մեր նոր սերունդները բազմաթիւ գոյների, նկարագրերի միջավայրում են եւ Համազգայինն է այն կենտրոնը, որ մեր սերունդներին տալիս է հայ երգի, պարի կշռոյթը, հայկական գոյնը, որ կարողանան ճանաչել հայկականը», իր խօսքում նշեց Գեղամ արք. Խաչերեանը: Նա ընդգծեց, որ Համազգայինը, համայնքի համար այն կարեւոր կառոյցն է, որ պէտք է ունենար իր գրաւիչ կենտրոնը, եւ երախտիքի ու օրհնութեան խօսքեր յղեց Արիս եւ Անժելա Սթամպօլեաններին:


Ձեռնարկի պաշտօնական հատուածին յաջորդեց կարմիր ժապաւէնը կտրելու արարողութիւնը, եւ հիւրերին հնարաւորութիւն ընձեռնուեց ծանօթանալու կենտրոնի յարկաբաժիններին, մասնաճիւղերի աշխատանքներին, եւ արդէն գործող ցուցահանդէսին:
Հայ մշակոյթի հնչերանգներն էլ լաւագոյնս ներկայացրեցին Համազգայինի «Նայիրեան» երգչախմբի պարմանուհիները` գեղարուեստական ղեկավար Լուսինէ Մելիքսէթեանի գլխաւորութեամբ:
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան «Արիս Սթամպօլեան» Մշակութային կենտրոնի բացման ձեռնարկին ներկայ էին նաեւ գերապայծառ Միքայէլ եպս. Մուրատեանը, հոգեւոր հայրեր, Համազգայինի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչներ, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսը, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչներ, Գլենդելի Քաղխորհրդի անդամ Արտաշէս Քասախեանը, Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի Ազգային վարչութեան, Ազգային վարժարանների Խնամակալ մարմնի անդամներ, «Ասպարէզ» օրաթերթի խմբագիրը, Հայ Մշակութային հիմնարկութեան, Հայ Դատի յանձնախմբի, Հայ Օգնութեան Միութեան եւ ՀՄԸՄի Շրջանային վարչութեան, Կալիֆորնիայի Հայ Երիտասարդաց միութեան, SEIU արհեստակցական միութեան ներկայացուցիչներ, նուիրատուներ, բարեկամներ եւ Համազգայինի անդամները:
