«ԷՐԵԲՈՒՆԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ` ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՈՐ ՀԱՐԹԱԿ
ԱԶՆԻՒ ՊԱՐՈՆԵԱՆ
Մոսկուայի մարզի Զվենիգորոդ քաղաքում գործող հայկական ազգամշակութային ինքնավարութիւնը, որի հիմնադիրներն է Թոռնիկ Նազարեանը, արդէն աւելի քան մէկ տարի հարիւրաւոր հայերի համար դարձել է երկրորդ տուն եւ երկրորդ հայրենիք:
Սոյն թուականի Յունուարի 18ից ՌԴ (Ռուսաստանի Դաշնութեան) Մոսկուայի մարզի Զվենիգորոդ քաղաքում այսուհետ գործելու է «Էրեբունի» հայկական կիրակնօրեայ դպրոցը: Այն տեղակայուած է «Սպիտակ Վագր» մարզասրահի մասնաշէնքում: Դպրոցը բացուել է Զվենիգորոդ քաղաքի հայ ազգամշակութային ինքնավարութեան, հայ համայնքի նախագահ Թոռնիկ Նազարեանի եւ դպրոցի տնօրէն Ազնիւ Պարոնեանի աջակցութեամբ: Դպրոցի առաքելութիւնն է՝ պահպանել հայի ինքնութիւնը, նպատակն է՝ մի շարք դասընթացների եւ միջոցառումների միջոցով համախմբել ռուսաստանաբնակ հայ ընտանիքներին` պահպանելու հայոց լեզուն, հայ խօսքն ու միտքը, հայկական երգն ու պարը: Դպրոցում դասաւանդուելու է հայոց լեզու, հայ գրականութիւն, հայոց պատմութիւն, հայ երգ-երաժշտութիւն, պար, հայկական ծէսեր եւ աւանդոյթներ, ինչպէս նաեւ Ռուսաստանի պատմութիւն:


Միջոցառման ընթացքում հանդէս եկան հայ համայնքի նախագահը, դպրոցի տնօրէնը, մանկավարժներն ու հիւրերը:
«Այսօր մենք հաւաքուել ենք` կիսելու մեր ուրախութիւնը: Մեր հայրենիքից հեռու ստեղծել էք մի նոր հայրենիք, ուր պիտի հնչի հայոց երգը, պարը: Ինչ վերաբերում է հայկական դպրոցի բացմանը, ապա այն մեր ներկայ եւ ապագայ սերնդին հայ կրթելու եւ հայ ժողովրդին արժանի զաւակ մեծացնելու նպատակ է հետապնդում: Շնորհաւորում եմ մեզ բոլորիս», ասաց համայնքի նախագահ Թոռնիկ Նազարեանը:
«Հայկական դպրոցն այս մի քանի ամիսների ընթացքում կազմաւորել է դպրոցական դասարաններ` հաշուի առնելով աշակերտների տարիքային եւ կրթական առանձնայատկութիւնները, ձեւաւորել է պարի եւ սպորտային խմբակներ, ունի մանկավարժական յստակ կազմ, մանկավարժական խորհուրդ եւ առաջնորդւում է մշակուած ծրագրերով», իր ելոյթում նշեց դպրոցի տնօրէն Ազնիւ Պարոնեանը եւ յաւելեց. «Սիրելի աշակերտներ, առանց ձեզ, առանց ձեր աջակցութեան դպրոցում եւ համայնքում ոչինչ իրագործել հնարաւոր չէ: Դուք էք ուժը, որ ձեր համախմբուածութեամբ օտար ափերում պահպանում էք հայ գիրն ու գրականութիւնը դրանով նպաստելով հայի ինքնութեան յարատեւմանն ու շարունակականութեանը ապահովմանն: Ձեր իւրաքանչիւր քայլը, ձեր երգը, ձեր խօսքը` բոլորն էլ ուղեկցում են մեր ժողովրդի պատմութիւնը, որպէս իւրօրինակ սլաք, ուղղուած դէպի լուսաւոր ապագայ: Ուզում եմ` այսօր շնորհակալութիւնս յայտնել պարոն Նազարեանին` ինձ այս լիազօրութիւնները վստահելու համար եւ իհարկէ ձեզ, իմ յարգելի սաներ եւ ձեր ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել` այս ամէնի իրականացման համար», ասաց դպրոցի տնօրէն Ազնիւ Պարոնեանը:
«Վերջապէս ստեղծուեց բոլորիս կողմից սպասուած վայր, ուր կարող են այս շրջանի բոլոր հայերը հաւաքուել, շփուել միմեանց հետ», իր խօսքում նշեց Հայոց պատմութեան ուսուցչուհի Լուսինէ Կարապետեանը:
Միջոցառման աւարտին ներկաները համտեսեցին հայկական աւանդական ուտեստներ: Այսպիսով, սկիզբ դրուեց մի հայանպաստ գործի, որն իր հերթին հաւաստում է Զվենիգորոդ քաղաքում բնակուող հայերի կեանքի բանաձեւը` իւրաքանչիւր հայ պարտաւոր է իր ընտանիքի անդամների հետ շփուել հայերէն, իր սերնդին կրթել եւ մեծացնել հայեցի: