

ԼԻԴԱ ԱԼՄԱՍԵԱՆ
Յունուարի 21ին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անուան ազգային թատրոնում տեղի ունեցաւ ֆրանսահայ, արմատներով Վրաստանից, հռչակաւոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնաւուրի 100ամեակին նուիրուած համերգ, որի մենակատարն էր` երգչուհի, երգերի հեղինակ, երաժիշտ, ձայնագրման պրոդիւսեր (արտադրող) Արփի Ալտոն (Արփինէ Տէր Պետրոսեանը): Համերգը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը:
Շառլ Ազնաւուրի 100ամեայ յոբելեանն ընդգրկուած է ԵՈՒՆԵՍԿՕի` Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների յոբելեանների 2024-2025թթ. օրացոյցում` ԵՈՒՆԵՍԿՕի ֆրանկոֆոն դեսպանների աւելի քան 80 անդամ ունեցող խմբի աջակցութեամբ եւս:
Միջոցառումը նպատակ ունէր ոչ միայն յիշատակել Ազնաւուրի ժառանգութիւնը, այլեւ ամրապնդել հայ եւ վրաց ժողովուրդների մշակութային կապերը: Վրաստանում հայկական համայնքի եւ տեղի հասարակութեան համար այս միջոցառումն առանձնայատուկ նշանակութիւն ունէր, քանի որ Ազնաւուրն արմատներով նաեւ Վրաստանից է:
Համերգի ընթացքում հնչեցին Ազնաւուրի ամենայայտնի երգերը, ներկաները վերհիշեցին նրա անկրկնելի ձայնը եւ զգացմունքային կերպարները: Արփի Ալտոյի կատարումները իւրայատուկ հմայք հաղորդեցին միջոցառմանը, ստեղծելով ջերմ ու անմոռանալի մթնոլորտ:
Հանդիսատեսը մեծ խանդավառութեամբ ընդունեց համերգը, իսկ եզրափակչում բուռն ծափահարութիւններ հնչեցին նաեւ «Արի Իմ Սոխակ» երգի համար, որը յուզեց ներկաներին:
Համերգը մէկ անգամ եւս յիշեցրեց Շառլ Ազնաւուրի՝ որպէս անհատի համամարդկային արժէքի մասին։
Աղբիւր՝ jnews.ge