ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը իր տարածած հաղորդագրութեան միջոցով անդրադարձաւ Ատրպէյճանի մէջ պահուող հայ ռազմագերիներու դատավարութեան գծով եղած միջազգային արձագանգներուն։ Ստորեւ՝ վերոնշեալ հաղորդագրութիւնը.
«Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների աշխատանքների արդիւնքում հնարաւոր է եղել միջազգային տարբեր կառոյցներից ստանալ արձագանգներ` ուղղուած Ադրբեջանի իշխանութիւններին եւ միջազգային հանրութեանը` Բաքւում պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ առհասարակ հայ պատանդների ու ռազմագերիների արդար դատաքննութեան, իրաւունքների լիարժէք յարգման եւ ազատ արձակման վերաբերեալ:
«Մասնաւորապէս, խնդրին անդրադարձել են մոլորակի խոշորագոյն քաղաքական կազմակերպութիւն` Սոցիալիստական ինտերնացիոնալը (ընկերվար միջազգայնականը), տարբեր երկրների ու միջազգային կազմակերպութիւնների խորհրդարանների անդամներ:
«Սոցիալիստական ինտերնացիոնալի տարածած հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս նշուած է․ «Այս օրերին Բաքւում տեղի են ունենում 16 հայ գերիների դատավարութիւնները, որոնցից 8ը Լեռնային Ղարաբաղի նախկին հայ ղեկավարներն են` տեւական կալանքի տակ մնալուց յետոյ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանութիւններին երաշխաւորել թափանցիկ ընթացակարգ` արդար դատավարութեան չափանիշներին համապատասխան, նկատի ունենալով, որ բանտարկեալներին չի տրուել բաւարար ժամանակ` ուսումնասիրելու իրենց առաջադրուած մեղադրանքները եւ, հետեւաբար, օգտուելու իրաւական պատշաճ ներկայացուածութիւնից: Միջազգային իրաւական դիտորդների ներկայութիւնը հիմնարար կարեւորութիւն ունի»:
«Տարբեր շեշտադրումներով Բաքւում ընթացող ձեւական դատավարութիւններին անդրադարձել են նաեւ կոնգրեսականներ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, նոյն յանձնախմբի անդամ Դինա Թիթուսը, Եւրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Եանիս Մանեատիսը, նոյն քաղաքական խմբի անդամ Նաչօ Ամոր Սանչեսը:
«Դրական ենք գնահատում, որ միջազգային իրաւապաշտպան մի շարք հեղինակաւոր կազմակերպութիւններ նոյնպէս հանդէս են գալիս յստակ դիրքորոշումներով` ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննութեան իրաւունքի իրացման անհնարինութիւնը»: