
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հարաւային Կալիֆորնիայի հրդեհներն առիթ դարձան աւերածութիւնների եւ կուրսուստների` ամերիկահայ համայնքի բազմաթիւ անդամներ կորցրել են իրենց տներն ու ձեռնարկութիւնները, տարհանուել են տներից, զրկուած են էլեկտրանէներգիայից (ելեկտրականութենէն): Օդի աղտոտուածութիւնը պատճառ է դարձել առողջական խնդիրների առաջացմանը: Հայ համայնքի ամենամեծ կորուստներից է Սահակ Մեսրոպ Հայկական քրիստոնեայ դպրոցի հիմնայատակ աւերումը:
«Ասպարէզ»ը փորձել է պարզել, թէ ինչպէս է կրթօջախը շարունակելու գործունէութիւնը, առողջական հնարաւոր խնդիրների եւ օդի աղտոտուածութիւնից պաշտպանուելու հարցերով զրուցել է դոկտոր Հէրի Պալեանի հետ, եւ փորձել է պարզել աղէտից տուժածների համար ֆինանսական աջակցութեան ծրագրերի մասին:
Հրդեհից Այրուած Սահակ-Մեսրոպ Կրթօջախի Հոգաբարձուների Խորհուրդը Քննարկում է Գործունէութիւնը Շարունակելու Տարբերակները

Հարաւային Կալիֆորնիայում մոլեգնած հրդեհներից այրուեց Փասադենայում գտնուող Սահակ-Մեսրոպ հայկական վարժարանը: Սուրբ Ծննդեան տօներից յետոյ, կրթօջախի սաներն առաջին օրը պէտք է վերադառնային դասերի, սակայն հրդեհը հիմնայատակ աւերել է դպրոցը, «Ասպարէզ»ի հետ զրոյցում տեղեկացրեց Սահակ-Մեսրոպի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արլին Տիտանեանը: «Հրդեհները Փասադենայում, դպրոցի շրջանում յատկապէս ուժգնացել են Յունուարի 7ի երեկոյեան 6ի սահմաններում: Մեր կրթօջախը սարի փէշին մօտ է եւ ճիշդ ժամը չգիտենք, թէ երբ է սկսուել դպրոցի հրդեհը, ու միայն տեսանիւթերում տեսանք, որ կրթօջախը գրեթէ ամբողջութեամբ այրուել է», նշում է Տիտանեանը` յաւելելով, որ օրեր առաջ ստացել էին նախազգուշացում սպասուող քամիների մասին, ինչը յատուկ է տուեալ շրջանին, սակայն չէին ակնկալում, որ այս անգամ այն աւերիչ կը լինի:
Սահակ-Մեսրոպ կրթօջախին, գործունէութիւնը շարունակելու հարցում իրենց աջակցութիւնն արդէն յայտնել են տեղի հոգեւոր եւ կրթական հաստատութիւններից. «Այս պահին յստակ ծրագիր չունենք, թէ ինչպէս են դասերը շարունակուելու, սակայն հոգաբարձուների խորհուրդն աշխատում է, որ հնարաւորինս արագ վերսկսենք աշխատանքները: Մեր տարածքին մօտ գտնուող մի քանի դպրոց, եկեղեցին արդէն մեզ առաջարկել են իրենց աջակցութիւնը, սակայն դեռ քննարկումների փուլում ենք, թէ որ լուծումն առաւել արդիւնաւէտ կը լինի մեր սաների համար», նշում է Տիտանեանը:
Սահակ-Մեսրոպ հայկական վարժարանի ղեկավար խորհուրդը հայ համայնքից ակնկալում է աղօթքներ, որ իրենց ուժ կը տայ ճիշդ որոշումներ կայացնելու եւ շարունակելու կրթօջախի 45 տարուայ լաւագոյն աւանդոյթներն ու Փասադենայի հայ համայնքի` աղն ու լոյսը լինելու առաքելութիւնը:
Դոկտոր Պալեանն Առաջարկում Է Միջոցներ` Պաշտպանուելու Հրդեհի Հետեւանքով Աղտոտուած Օդից

Հարաւային Կալիֆորնիայի հրդեհները պատճառ դարձան նաեւ օդի աղտոտուածութեան: Ըստ AirNow.gov կայքի, Լոս Անջելեսի շրջակայքում օդի որակը նշուեց որպէս «վտանգաւոր»` գնահատուելով Օդի Որակի Ինդեքսով (AQI) բարձր 300 աստիճանից, այն դէպքում, երբ «լաւ» է համարւում 0-50 աստիճանը: Մասնագէտները զգուշացնում են, որ օդի նման իրավիճակը վնասակար է առողջութեան համար: Առողջական խնդիրների առաջացումից կամ սրացումից խուսափելու համար, անհրաժեշտ է տեղեակ լինել հիմնական ախտանիշներից եւ ձեռնարկել կանխարգելիչ կամ համապատասխան միջոցառումներ, խորհուրդ է տալիս «Ադվենթիստ Հելթ» հիւանդանոցի սրտաբանութեան բաժանմունքի ղեկավար, սրտաբան, դոկտոր Հէրի Պալեանը: «Վտանգի ամենամեծ գօտում են գտնւում սրտի եւ թոքերի խնդիրներ, խրոնիկական ասթմա ունեցող մարդիկ, որոնց մօտ ծուխը նպաստում է իրավիճակի վատթարացմանը: Մեծ է սրտի կաթուածի վտանգը», նշում է մասնագէտն ու խորհուրդ տալիս վատ զգալու դէպքում անյապաղ դիմել բժիշկի` չանտեսելով ախտանիշները: Սրտի խնդիրների դէպքում վառ ցուցիչներից է կրծքավանդակի շրջանում շարունակուող ցաւը: Օդից ազդուածութեան այլ ախտանիշների թւում են նաեւ հազը, շնչահեղձութիւնը, գլխացաւերը, կոկորդի ցաւը եւ այլ:
Միաժամանակ, աչքերի գրգռուածութիւնը, արցունքարտադրութիւնը, քթի փակ լինելու զգացողութիւնները բնական պաշտպանական գործիքակազմ են, ինչից չպէտք է մտահոգուել, սակայն պէտք է պաշտպանուել, նշում է Պալեանը: «Պաշտպանուելու համար ամենահեշտ ձեւն այն է, որ մարդիկ, ովքեր հրդեհին մօտ տարածքներում են` հեռանան այդ վայրերից եւ տեղափոխուեն մաքուր օդով վայրեր: Նրանք, ովքեր հնարաւորութիւն չունեն հեռանալու, նախընտրելի է, որ մնան տանը` փակ դռներով եւ պատուհաններով, ու կիրառեն օդը մաքրող յատուկ սարքեր: Դրսում էլ` անպայման դիմակ կրեն (նախընտրելի է N95 կամ KN95 դիմակներ)», նշում է բժիշկը: Դոկտոր Պալեանը խորհուրդ է տալիս նաեւ օգտագործել վիտամին «Սի», ցինկ, ջինջեր, քրքում (turmeric) եւ սխտոր` իմունային (ախտամերժութեան) համակարգի դիմադրողականութիւնը բարձրացնելու համար: Վնասակար ծուխը դեռ տարածւում է, եւ այդ պատճառով դոկտոր Հէրի Պալեանը յորդորում է մի քանի օր զերծ մնալ դրսում երկար ժամանակ անցկացնելուց` յատկապէս մարզուելու նպատակով:
Աղէտից Տուժած Ձեռնարկատէրերին Եւ Տանտէրերին Փոքր Բիզնեսի Հարցերով Վարչութիւնն Առաջարկում Է Աջակցութիւն
Միացեալ Նահանգների Փոքր Բիզնեսի հարցերով վարչութիւնը (SBA), ցածր տոկոսադրոյքով վարկեր է առաջարկում` օգնելու ձեռնարկատէրերին եւ տանտէրերին վերականգնելու աղէտի հետեւանքները: Վարկին կարող են դիմել`
– Տարբեր չափերի ձեռնարկութիւնները,
– Տանտէրերը,
– Վարձակալողները,
– Մասնաւոր ոչ-կառավարական կազմակերպութիւնները:
Դիմողները պէտք է տեղակայուած լինեն յայտարարուած աղէտի գօտում եւ համապատասխանեն վարկի տուեալ տեսակի համար սահմանուած չափանիշներին:
SBA-ի տրամադրած աղէտի վարկը կարելի է օգտագործել հոգալու`
– Անձնական եւ ձեռնարկութեան կորուստները, որոնք չեն ծածկուի ապահովագրութեամբ կամ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալութեան ֆինանսաւորմամբ:
– Ձեռնարկութեան ծախսերը, որոնք խնդիր չէին լինի, եթէ աղէտը տեղի չունենար:
Ծրագրի մասին մանրամասների համար այցելել SBA-ի կայքը: