Գիւղերի Զարգացումը՝ Հայրենիքի Զօրացման Անառարկելի Երաշխիք
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ամերիկահայ համայնքի կեանքում նշանակալի մասնակցութիւն եւ ներդրում ունեցող Յակոբ եւ Թամար Թուճեանները հայրենիքում սեփականութիւն ձեռք բերելու որոնումների մէջ էին, մինչ այցելութիւնը Տաւուշի շրջանի Գոշ գիւղ, որտեղ պէտք է հանդիպէին իրենց վաղեմի ընկերներին՝ Ասպետ եւ Այտա Փողարեաններին: Թուճեանները տուն գնելու որոշումը կայացրեցին ակնթարթօրէն, եւ Գոշը դարձաւ նրանց բնակութեան հասցէն Հայաստանում: Նրանց ոգեւորեց գիւղի մթնոլորտը, որի ձեւաւորման գործում մեծ ներդրում էին ունեցել նաեւ Փողարեանները: «Եթէ իրենք չլինէին, չգիտեմ ինչպէս կը ստացուէր, որովհետեւ ուղղակի գնալ մի գիւղ, եւ որոշել տուն գնել՝ դժուար կը լինէր: Ասպետն ու Այտան հիանալի զոյգ են, որովհետեւ նոյն հաւատն ու մտածելակերպն ունեն, եւ մեծ սէր ու համբերութիւն», պատմում է Թամար Թուճեանը, եւ խոստովանում, որ Փողարեանների օրինակը ոգեշնչեց իրենց հայրենիքում մշտական բնակատեղի ունենալու եւ տեղական կեանքին անմիջական մասնակցելու: Մինչ այդ, Թուճեաններն իրենք էլ աջակցել էին Գոշում տեղի ունեցող բարեփոխումներին՝ ֆինանսապէս օգնելով Փողարեանների տարբեր նախագծերին: Նրանք սակայն համոզուեցին, որ իրական աշխատանքը՝ տեսանելի արդիւնքով, հնարաւոր է միայն, երբ հողի վրայ անմիջական մասնակից ես լինում գիւղի զարգացմանը՝ ծանօթանալով խնդիրներին, տեղի բնակիչների հետ կիսելով մտահոգութիւնները, լուծումներ որոնելով եւ համատեղ ուժերով գտնելով ու տօնելով յաջողութիւնները: Լոս Անջելեսում Թուճեանների տուն այցիս ընթացքում արձանագրեցի ամուսինների տպաւորութիւնները գիւղական կեանքից, մտքերն ու ծրագրերը Հայաստանին աջակցելու, գիւղերը զարգացնելու առաջնահերթութեան եւ այս ուղղութեամբ ամերիկահայ համայնքում աշխատանքներ տանելու մասին: Ուրախալի էր բացայայտել, որ Թուճեան ընտանիքի երեք զաւակներն էլ, չնայած երիտասարդ տարիքին, մեծ պատասխանատուութիւն են զգում հայրենիքի նկատմամբ, եւ հասցրել են իրենք էլ տարբեր ձեւերով անմիջական ներդրում ունենալ:
ՅԱԿՈԲ ԹՈՒՃԵԱՆ.- Ասպետի ու Այտայի հետ դասընկերներ ենք եղել Մելգոնեան վարժարանում, եւ աւարտելուց յետոյ այնպէս ստացուեց, որ բոլորս տեղափոխուեցինք Միացեալ Նահանգներ: 2015 թուականին, երբ բնակւում էինք Լոս Անջելեսում, սովորութիւն ունէինք ամիսը մէկ հանդիպելու: Մի օր Ասպետը եկաւ խանդավառուած եւ փայլուն աչքերով, ու պատմեց, որ Հայաստանում տուն են փնտռում, եւ հարիւրաւոր գիւղեր այցելելուց յետոյ ընտրել են Գոշը: Նրանք տեղափոխուեցին եւ ամուսիններով սկսեցին աշխոյժ գործունէութիւն ծաւալել, եւ մենք էլ աջակցում էինք հեռուից միայն գումար ուղարկելով, ինչը, իմ կարծիքով շատ աւելի դիւրին է՝ ի համեմատութիւն նրանց կատարած աշխատանքի: Մենք էլ այդ տարիներին ցանկանում էինք Հայաստանում տուն ունենալ, եւ փնտռում էինք Երեւանում: Մի օր, երբ մայրաքաղաքում տան գործարքը գրեթէ աւարտուած էր, այցելեցինք Ասպետին եւ Այտային, եւ այդ օրն էր, որ Թամարն ասաց, որ եթէ տուն՝ ապա միայն Գոշում: 2021ին հող գտանք, եւ սկսեցինք կառուցել մեր տունը Գոշ գիւղում:
ԹԱՄԱՐ ԹՈՒՃԵԱՆ.- Ես ցանկանում էի, որ տունս լինէր մի վայրում, որտեղ կը կարողանայի ամէնօրեայ անմիջական շփում ունենալ մարդկանց հետ՝ իրապէս ճանաչելու տուեալ բնակավայրը, եւ դրա մասը դառնալու: Երբ Գոշ գիւղում էինք, մթնոլորտը շատ ջերմ էր, բարեկամական: Մարդիկ բարեւում էին, ծանօթանում՝ երեխայ թէ մեծ, ծանօթ-անծանօթ: Մեր դէպքում, ի հարկէ, դիւրին ստացուեց, որովհետեւ Ասպետին եւ Այտային բոլորն անձամբ ճանաչում ու սիրում էին, եւ եթէ իրենք չլինէին, չգիտեմ ինչպէս կը դասաւորուէր, որովհետեւ ուղղակի գնալ մի գիւղ, եւ որոշել տուն գնել՝ դժուար կը լինէր: Գոշում տիրող ջերմութիւնն ու մարդկային յարաբերութիւնները միանգամից գրաւեցին:
Հայրենիքից դուրս պայքարում էինք հայ մնալու համար, բայց երբ մտանք գիւղ՝ հասկացայ, որ կարիք չունեմ ջանքեր ներդնելու, քանի որ ամէն ինչ շուրջս է՝ լեզուն, մշակոյթը, եկեղեցին, որտեղ ես ամէն Կիրակի կարող եմ երգել:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք որոշակի ժամանակ բնակուել էք Գոշում: Հե՞շտ էր յարմարուել գիւղի կեանքին:
ԹԱՄԱՐ ԹՈՒՃԵԱՆ.- Մինչ գիւղ գնալը, մտածում էի, թէ ինչպէ՞ս պէտք է յարաբերուեմ ինձ անծանօթ միջավայրում, ինչ թեմաների շուրջ կարող եմ շփուել տեղաբնակների հետ: Սակայն դա երբեք հարց չդարձաւ, որովհետեւ պարզուեց, որ բազմաթիւ թեմաներ ունենք քննարկելու: Իմ համար գոշեցիների արժէքները շատ գնահատելի ու հաճելի են, ինչն այստեղ բացակայում է, օրինակ՝ յարգանք մեծի նկատմամբ, սէր եւ ջերմութեան դրսեւորում՝ փոքրերի հանդէպ:
Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոն, ով մեր ընկերն է, երկու օր մեր տանն ապրեց, եւ շատ էր սիրել գիւղն ու տիրող մթնոլորտը: Նա յատկապէս զարմացել էր, երբ բոլոր գիւղացիներն ինձ դիմում էին «Թամար ջան», եւ ես նրան ասացի, այստեղ այդպէս է, որովհետեւ մենք մի մեծ ընտանիք ենք: Գոշում բնակուելուց յետոյ, Աստծուն շնորհակալ եմ, որ արժանացրել է ինձ նման կեանքով ապրելու:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր դիտարկմամբ, ի՞նչ վիճակում են այսօր գիւղերը Հայաստանում, գիւղերի զարգացման հարցում աջակցութեան ի՞նչ տարբերակներ էք արդիւնաւէտ համարում:
ԹԱՄԱՐ ԹՈՒՃԵԱՆ.- Հայաստանում շատ դատարկուած գիւղեր կան, եւ տպաւորութիւնս այն է, որ մենք չենք զգում գիւղի եւ գիւղացու արժէքը: Հողի վրայ եթէ մէկը չկայ, ինչի՞ է պէտք այդ հողը: Եւ ուրեմն պէտք է օգնենք, որ մարդիկ մնան իրենց հողի վրայ, սիրեն ու գնահատեն այն, եւ ցանկանան աշխատել ու զարգացնել իրենց բնակավայրը: Ես հաւատում եմ, որ գիւղերի վիճակը կը բարելաւուի, եթէ դա մեր առաջնահերթութիւնն ու կենտրոնացումը դառնայ: Օրինակ, մեր տան կառուցումը վստահելով տեղացի մասնագէտներին՝ մենք որոշ ժամանակ աշխատատեղ ստեղծեցինք գիւղացիների համար:
Մեր դիտարկումը Ասպետի ու Այտայի օրինակով, այն էր որ նրանք յաջողել են իրենց աշխատանքում, եւ շատ յարգուած են, որովհետեւ գործել են գիւղացիների հետ համագործակցաբար, եւ երբեք չեն պնդել, որ իրենք որեւէ հարցում աւելին գիտեն, գտել են տեղաբնակների հետ ներդաշնակ յարաբերուելու ձեւեր:
Լուծումների մասին խօսելիս, կարծում եմ, որ մեր ներկայութիւնը պէտք է լինի մշտական, մնայուն, պէտք է ապրենք այնտեղ եւ կապ ստեղծենք, ու տեղի կարիքներին անձամբ ծանօթանանք: Շատ կարեւոր է անձնական օրինակը, կենսակերպի, մտածելակերպի փոխանցումը: Ամէն սփիւռքահայ պէտք է իր կաշուի վրայ զգայ, թէ որքան կարեւոր է հայրենիքը, եւ զբօսաշրջիկ լինելուց մէկ քայլ առաջ անի, բնակուի, կապեր հաստատի, եւ մասնակից դառնայ նաեւ զարգացնելու գործում:
ՅԱԿՈԲ ԹՈՒՃԵԱՆ.- Սփիւռքի իմ հայրենակիցներին՝ ընկերներին, մարդկանց, ովքեր հետաքրքրուած են, ես միշտ ասում եմ, որ նկարով, կամ տեսանիւթով չեն կարող հասկանալ հայրենիքը, եւ կոչ եմ անում, որ գնան, եւ իրենց աչքով տեսնեն ու զգան մթնոլորտը: Մարդիկ կան, որ նախկինում գործ են նախաձեռնել Հայաստանում եւ հիասթափուել են, ու երբ հարցնում են իմ կարծիքը, ասում եմ, որ իրավիճակը շատ է փոխուել: Ի հարկէ, դրականի կողքին բացասականն էլ կայ, բայց դա բնական է:
Մեր որդիներն էլ շատ են սիրել Հայաստանը, եւ տարբեր ծրագրերի միջոցով իրենք էլ որոշակի ներդրում են ունեցել: Մեր տղաներից մէկն աշխատեց որոշ ժամանակ Birthright Armenia ծրագրի շրջանակներում՝ անգլերէն դասաւանդելով արցախցի պատանիներին: Միաժամանակ, նա այլ գործունէութիւն էլ ծաւալեց ելնելով կարիքներից՝ առցանց դրամահաւաք անցկացրեց, եւ հաւաքելով շուրջ 1500 դոլար՝ բարեկարգեց եւ կահաւորեց դասասենեակը:
ԹԱՄԱՐ ԹՈՒՃԵԱՆ.- Միւս որդիս էլ՝ Մեղրիում էր, եւ որոշ ժամանակ բնակուեց տեղացիներից մէկի ընտանիքում: Նա հիացած էր, թէ ինչպէս են տեղի բնակիչները լուծումներ գտնում տարբեր խնդիրների ժամանակ, եւ կիսուելով տպաւորութիւններով՝ ասաց. «Մամ, պէտք չէ, որ մենք մեր տեսակէտը պարտադրենք, այլ միասին պէտք է աշխատենք, որովհետեւ նրանք էլ շատ քաջատեղեակ են ամէն հարցում»: Այսինքն, ճիշդ չէ, որ Սփիւռքից գնաս եւ ինչ-որ տոն (երանգ), կամ վերջնագրային մօտեցում ունենաս, որովհետեւ կարող ես տեղաբնակների արժանապատուութիւնը վիրաւորել: Մեր դիրքորոշումն է՝ միասնաբար գործել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գիւղերի զարգացման հարցում համակարգային մօտեցումը, որ ներառում է կրթութեան, ձեռներէցութեան, սպորտի (մարզանքի) եւ ժամանցի ոլորտներում ծրագրեր, ունի յաջողուած նախադէպ՝ ի դէմս Փողարեան ընտանիքի գործունէութեան: Այս օրինակը կարելի է հնարաւորինս հանրայնացնել եւ գուցէ շարժում սկսել Սփիւռքում, երբ մէկ ընտանիք կամ խումբ ընտրելով որեւէ գիւղ՝ կ՛աշխատի այն զարգացնելու յստակ ծրագրով եւ վճռականութեամբ:
ՅԱԿՈԲ ԹՈՒՃԵԱՆ.- Մենք հաւատում ենք գիւղերի զարգացման միջոցով հայրենիքի զօրացման գաղափարին: Հայաստանում 940 գիւղեր կան, եւ այո, հարկաւոր է ծրագիր, թէ գիւղերին ըստ առաջնահերթութեան, ինչ է հարկաւոր եւ սկսել աշխատանքները՝ օգտուելով նաեւ Ասպետ եւ Այտա Փողարեանների փորձից: Այս նպատակի համար առաջին քայլերից կարող է լինել հարթակի ստեղծումը, որտեղ կ՛ընտրուեն ու կը ներկայացուեն գիւղեր, այնտեղի կարիքների մասին տեղեկութիւններ, եւ խորհրդատուութեան միջոցներ: Ամէն գիւղ, եթէ մէկ կամ մի քանի հովանաւորող ընտանիք ունենայ, եւ պետութիւնն էլ իր պարտաւորութիւններն անի՝ որոշակի ժամանակահատուածում արդիւնքները տեսանելի կը լինեն:
ԹԱՄԱՐ ԹՈՒՃԵԱՆ.- Այո, կարելի է սկսել մէկ գիւղից եւ միասնաբար աշխատել, ոտքի հանել եւ անցնել յաջորդ գիւղին: Յաջորդ տարի ես պատրաստւում եմ աւելի երկար՝ չորս-հինգ ամիս անցկացնել Գոշում: Մենք պատրաստւում ենք արդէն մէկ այլ գիւղ գտնել՝ աշխատանքներ սկսելու համար: Կարող ես հայրենիքի մասին խօսել հեռուից, բայց զօրացումը հնարաւոր է, երբ այնտեղ ներկայութիւն եւ անմիջական ներդրում ունես, եւ զաւակներիդ համար էլ օրինակ ես, որ իրենք էլ սիրեն ու կապուեն հայրենիքին: