
2025ի շեմին, ընթերցողին է ներկայացւում «Դրօշակի» 2024ի ամփոփիչ համարը։ Համարի քաղաքական բնոյթի յօդուածները ամփոփում են հայութեան համար լարուած ու տագնապալի 2024 թուականը, ներկայացւում են տարուայ ընթացքում տեղի ունեցած առաւել նշանակալից իրադարձութիւնները, հայութեան ազգային իրաւունքների պաշտպանութիւնից իշխանութիւնների լիարժէք նահանջի պայմաններում։
Հրապարակագիր Մանուէլ Մկրտչեանի յօդուածում ուշադրութիւն է հրաւիրւում մեր հասարակական կեանքում իշխող այն մտայնութիւնների վրայ, որոնց հետ էլ ուղղակի ու անուղղակի կապի մէջ է ներքաղաքական իրականութիւնը։ Տարեվերջեան այս համարում բնապահպանութեան ոլորտի մասնագէտ, լրագրող Արմէն Վարդանեանը լրագրական յօդուածի սահմաններում ներկայացնում է Հայաստանի բնապահպանական տագնապալի վիճակը, որի վրայ, անտարբերութիւնից ու անձեռնհասութիւնից աւելի կործանարար ազդեցութիւն է գործում ոլորտում արմատացած համատարած զեղծարարութեան երեւոյթը։
«Պատմութեան Լուսարձակ» խորագրի ներքոյ շարունակում են իրենց ուշագրաւ յօդուածաշարերը բանասիրական գիտութիւնների դոկտոր Հայկազուն Ալվրցեանը եւ պատմական գիտութիւնների դոկտոր Խաչատուր Ստեփանեանը։ Հեղինակներից առաջինի ուշագրաւ յօդուածի երկրորդ մասը շարունակութիւնն է քիչ ուսումնասիրուած եւ հանրութեանը քիչ ներկայացուած համշէնահայութեան հերոսական ինքնապաշտպանութեան դրուագներին՝ Հայոց Ցեղասպանութեան տարիներին։ Ընթերցողին նախապէս տեղեկացնենք, որ յօդուածաշարի առաջին եւ երկրորդ մասերին հետեւելու է նոյնքան ուշագրաւ շարունակութիւնը։
«Դրօշակի» սոյն թուականի 10րդ համարում ներկայացուել է պատմաբան Խաչատուր Ստեփանեանի յօդածը անցած դարավերջից մինչեւ 1924 Բուլղարիայում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գործունէութեան վերաբերեալ։ «Դրօշակի» այս համարում հեղինակը ներկայացնում է նոյն բարդ ու յագեցած ժամանակաշրջանում Դաշնակցութեան իրականացրած գործունէութիւնը Յունաստանում։
2024ը հարուստ էր մեր ազգի մեծերի յոբելեաններով։ Դրանց շարքում էր նաեւ աշխարհահռչակ բեմադրիչ Սերգէյ Փարաջանովի 100ամեայ տարեդարձը։ «Դրօշակը» փորձել է տարուայ ամփոփիչ այս համարում ամսագրի հնարաւորութիւնների սահմաններում պատշաճ կերպով արժեւորելու այս յիշարժան յոբելեանը։ Փարաջանովի մասին ներկայացուող վերլուծական եւ այլ բնոյթի նիւթերը ուշագրաւ են մասնաւորապէս բազմաթիւ փաստերով ու մանրամասներով, որոնց հետ ծանօթութիւնը հետաքրքրական կը լինի ոչ միայն ֆիլմարուեստի երկրպագուների, այլեւ ազգային մշակոյթի նկատմամբ նախանձախնդիր մարդկանց համար։
«Դրօշակի» դեկտեմբերեան համարը ընթերցողին առաջարկում է այլ հետաքրքրական նիւթեր եւս: