
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը հրապարակեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ կը յայտնէ՝, թէ Հայ Դատի Եւրոպականի գրասենեակը կ՛ողջունէ Զուիցերիոյ Ազգային խորհուրդին ընդունած բանաձեւը, որուն միջոցով երկրի կառավարութեան կոչ կ՛ուղղէ՝ խաղաղութեան միջազգային համաժողով մը կազմակերպելու` Արցախի հայերուն ապահով եւ հաւաքական վերադարձի հարցը քննարկելու համար:
Ստորեւ՝ այդ հաղորդագրութիւնը.
«Շուէյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատը` Ազգային խորհուրդը, ընդունել է պատմական բանաձեւ` երկրի կառավարութեանը կոչ անելով հրաւիրել միջազգային ֆորում` նպաստելու եւ խթանելու Արցախից բռնի տեղահանուած բնիկ հայ բնակչութեան վերադարձի իրաւունքի իրացումը:
«Շուէյցարիայի Ազգային խորհրդի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից ներկայացուած միջնորդութիւնը կոչ է անում ուղիղ բաց երկխօսութիւն սկսել արցախահայութեան ներկայացուցիչների եւ Ադրբեջանի իշխանութիւնների միջեւ եւ վկայակոչում է միջազգային հանրութեան անհերքելի պատասխանատուութիւնը` իրենց պատմական հայրենիք տեղահանուածների ապահով վերադարձի երաշխաւորման հարցում:
«Կարեւոր է նկատել` բացի Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչներին ուղղակիօրէն բանակցութիւնների հրաւիրելուց, բանաձեւի հիմնաւորման մէջ յստակ նշւում է. 2023 թուականի Սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողութիւններից յետոյ Լեռնային Ղարաբաղը դատարկուել է իր հայ բնակչութիւնից` վկայակոչելով «փաստաթղթաւորուած էթնիկ (ցեղային) զտումները»:
«Բանաձեւում նաեւ ընդգծւում է` Ադրբեջանի իշխանութիւնների ուղղակի սպառնալիքներն ու ռազմական գործողութիւնները վախ են ներշնչել եւ ստիպել հայ բնակչութեանը մի քանի օրուայ ընթացքում լքել հայրենիքը: Բացի այդ, վկայակոչւում է նաեւ Միջազգային քրէական դատարանի` 2023 թուականի Նոյեմբերին ընդունուած որոշումը, որով Ադրբեջանից պահանջւում էր դադարեցնել հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան ոչնչացման քաղաքականութիւնը` հաշուի առնելով եկեղեցիների, գերեզմանատների եւ քաղաքացիական ենթակառուցուածքների աւերման փաստագրուած դէպքերը:
«Այս փաստի առկայութիւնն ինքնին պահանջում է միջազգային երաշխիքների անհրաժեշտութիւնը` հետագայում պաշտպանելու տեղահանուած հայերի կեանքը:
«Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը, ողջունելով բանաձեւի ընդունումը, նշել է. «Սա Շուէյցարիայի օրէնսդիր մարմնի կողմից կարեւոր քայլ է, որն ընդգծում է Արցախի տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքին աջակցող միջազգային իրաւական եւ քաղաքական աճող թափը: «Այժմ Շուէյցարիայի Նահանգային խորհուրդը պէտք է օգտուի հնարաւորութիւնից` վաւերացնելով բանաձեւը եւ յետագայում ճնշում գործադրի համապատասխան կենտրոնների վրայ` պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի հիմնարար իրաւունքները` իրենց հայրենիքում վերականգնելու ապահով, արժանապատիւ կեանքն ու կեցութիւնը»: