–ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՅՈՐԴՈՐԱԾ ԵՆ ՉՎԱԽՆԱԼ
–ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹԻՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՍԻԼՎԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ

Սիրայում տեղի ունեցած «իշխանափոխութիւն»ից 7 օր անց, Դեկտեմբերի 15ին առաջին անգամ ղօղանջել են Սիրիայում գտնուող հայկական եկեղեցիների զանգերը: Սիրիայում կեանքը դանդաղ ու փոքր քայլերով վերականգնւում է. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկեանը: Նա նկատեց՝ թէեւ Սիրիայում դեռեւս անորոշութիւնը շարունակւում է, բայց այնուամենայնիւ մարդիկ փորձում են վերադառնալ իրենց բնականոն կեանքին:
«Երկուշաբթի օրուընէ դպրոցներուն մէջ դասընթացները վերականգնուել են: Կապուեցի հայկական դպրոցների ղեկավարների հետ՝ հասկանալու՝ ի՞նչ իրավիճակ է իրենց մօտ: Ինձ տեղեկացրին, որ վարժարաններում բացականեր գրեթէ չեն եղել, դասերն առանց խնդիրների են անցել, ուսուցիչները կամ մնացած աշխատողները, առանց բացառութիւնների, աշխատանքի են ներկայացել», ասաց Պողիկեանը:
«Գանձասար»ի խմբագրի խօսքով՝ Սիրիայի նոր իշխանութիւնները հանդիպումներ են սկսել տեղի քրիստոնեայ համայնքների ներկայացուցիչների հետ: Իշխանութիւնները եկեղեցականներին յորդորում են՝ շարունակել եկեղեցական կեանքը, աղօթքներն ու պատարագներն այնպէս, ինչպէս նախկինում:
«Կիրակի օր մեր բոլոր եկեղեցիները բացուեցին, արարողութիւններ տեղի ունեցան: Իշխանութիւնները դրական են տրամադրուած քրիստոնեաների դէմ, քաղաքում էլ տօնածառ դնելուն դրական են վերաբերւում: Մարդիկ կամաց-կամաց փորձում են իրենց կեանքին վերադառնալ, որովհետեւ անցումային իրավիճակը շարունակւում է, իսկ մենք պիտի փորձենք հանդարտօրէն անցնել այս ճանապարհը», ասաց նա։
Պողիկեանը նաեւ տեղեկացրեց, որ Սիրիայում այս պահին տնտեսական տագնապը շարունակւում է: Չնայած տատանուող ու անորոշ դրութեանը, շատ մարդիկ շարունակում են տանը մնալ, աշխատատեղիներից շատերը դեռեւս չեն վերաբացուել, աւելացնելով. «Մինչեւ հիմա, քաղաքում կարգ ու կանոն չի հաստատուել: Տնտեսական կեանքի անիւը դեռեւս իր ընթացքով չի շարժւում: Հալէպում սուղ պայմաններ են: Հիմա մարդիկ չգիտեն՝ ի՞նչ անել»:
Բացի այդ, Պողիկեանն ընդգծեց՝ նոր իշխանութիւնները յորդորում են՝ ասելով՝ իրար օգնելով, ձեռք ձեռքի տուած, պիտի անցնենք այս բարդ իրավիճակի միջով, որպէսզի երկիրը դուրս գայ ծանր վիճակից:
«Հայ համայնքը պատրաստ է օգնութեան ձեռք մեկնել երկրի իշխանութիւններին: Խնդրել են, որ իրենց անվտանգութեան երաշխիքներ տրամադրուեն: Այս իմաստով երաշխիքներ տրամադրուել են: Հայ համայնքն էլ իր հերթին պիտի օգնութեան ձեռք մեկնի, որպէսզի կարգաւորուի կեանքը», շեշտեց նա:
Հալէպի փողոցներում զինեալներ այլեւս չկան, հաստատեց Պողիկեանը: Իսկ թէ որքանո՞վ են մարդիկ ցանկանում թէկուզ որոշ ժամանակով տեղափոխել մայր հայրենիք՝ Հայաստան, Պողիկեանը տեղեկութիւն չունի: Ըստ նրա՝ կան մարդիկ, որոնք ցանկանում են դուրս գալ Սիրիայից, բայց թէ քանի՞ հոգի՝ ինքը չգիտի:
ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՅՈՐԴՈՐԱԾ ԵՆ ՉՎԱԽՆԱԼ
«Ազատութիւն» կայանի հարցումին պատասխանելով, Պողիկեան աւելացրեց, որ նոր իշխանութիւնները հայ համայնքին հետ հանդիպումներու ընթացքին յորդորած են չվախնալ եւ բնականոն կերպով շարունակել իրենց կեանքը։ Քաղաքական ու ռազմական պատասխանատուները համայնքային կառոյցներու ներկայացուցիչներուն հետ հանդիպած են Դամասկոսի, Լաթաքիայի եւ Հալէպի մէջ։
Պողիկեան կը նշէ, որ բաց են ցամաքային ուղիները, այսինքն՝ Հալէպէն հեռանալ փափաքողները կրնան Դամասկոս, Պէյրութ մեկնիլ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹԻՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Նաեւ, Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը Երկուշաբթի օր յայտարարեց, թէ Դամասկոսի մէջ Հայաստանի դեսպանատունը վերսկսած է իր աշխատանքները եւ կ՛ակնկալուի վերաբանալ նաեւ Հալէպի հիւպատոսարանը։
Առաջին անգամ ըլլալով արտայայտուելով Սուրիոյ իրադարձութիւններուն մասին, նախարարութիւնը յայտարարեց. «Մենք հաստատակամօրէն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին իր պատմութեան համար այս վճռական պահին եւ աջակցում ենք ներառական ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ ամուր հաւատով, որ հանդուրժողականութիւնն ու ազգային միասնութիւնը Սիրիայում եւ ողջ տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան միակ ճանապարհն են»։