«Գեղարդ» գիտավերլուծական կեդրոնը Դադիվանքի վերաբերեալ Ատրպէյճանի տարածած ապատեղեկատուութեան վերաբերեալ հրապարակեց յօդուած մը, որուն մէջ կ՛ըսուի հետեւեալը.
«Քարոզչական դաշտում հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան բռնաիւրացումն Ադրբեջանի կողմից իրականացւում է մի քանի կեղծ թէզերից բաղկացած «մեթոդական ձեռնարկով:
«Եթէ կայ հայկական եւ հայատառ որեւէ գրութիւն, ապա, ըստ ադրբեջանցիների, դրանք արուել են նոր շրջանում: Կախուած ժամանակի քաղաքական իրավիճակից` այդ «աւելացումները» կատարուել են 19րդ դարում, իսկ Արցախում, ինչպէս իրենք են նշում, «օկուպացիայի (գրաւման) տարիներին»: Այս հնարքն օգտագործուել է, օրինակ`Ամբերդի դէպքում: Ըստ ադրբեջանցի հետազօտողի` Վահրամաշէն եկեղեցու պատերի հայերէն գրութիւններն աւելացուել են 20րդ դարի սկզբին: Ադրբեջանի գիտութիւնների ակադեմիայի «գիտնականների» կեղծ պնդումներով` հայերն «ալբանական եկեղեցիների դէմ նիւթական եւ հոգեւոր յանցագործութիւնները» սկսել են 1836 թուականից, երբ «աղուանական եկեղեցին դարձել է թեմ ու ենթարկուել Էջմիածնի եկեղեցուն»:

««Հայերէն գրութիւններ աւելացնելու» կեղծ թէզը պարբերաբար կիրառւում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ, որն ադրբեջանական վերահսկողութեան տակ է անցել 2020 թուականի Նոյեմբերի վերջին:
«Օրերս ադրբեջանական լրատուամիջոցներից մէկը կարճ յօդուած է հրապարակել` «Ադրբեջանական խոշոր վանք Խուդավենգը ենթարկուել է հայկական կեղծարարութիւնների» վերնագրով: Ըստ այդ հրապարակման` 1993-2020 թուականներին հայերը փորձել են կեղծել վանքի պատմութիւնը` այն ներկայացնելով հայկական: Օրինակ` փոխարինուել են համալիրի խորհրդանիշները, տեղադրուել այլ խաչեր, պատերին հին հայերէն գրութիւններ են աւելացուել, իսկ ուդի-աղուանների հին գերեզմաններն իբր աւերուել են»: