
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՕԴԱՅԻՆ ՌՈԲՈՏԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՕՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԱՍՏՂԻԿ ՅԱԿՈԲԵԱՆԻ ԵՒ ՀԱՅԿԱՆՈՅՇ ԴԱՐԲԻՆԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանի «Օդային ռոբոտատեխնիկայի (մարդ-մեքենայի արհեստագիտութեան) ուսումնահետազօտական կենտրոնը» բացառիկ գիտական հաստատութիւն է, որտեղ ստեղծւում ու կեանքի են կոչւում նորարար բազմապիսի գաղափարներ` մասնաւորապէս ինքնավար համակարգերի ոլորտում: Գիտահետազօտական եւ կրթական` երկու հիմնական ուղղութիւններով առաջնորդուող կենտրոնի նպատակներից է յատկապէս երկրի պաշտպանունակութեանն ուղղուած մասնագիտական ուղղութիւնների ներդրումն ու զարգացումը, ուսանողներին` արդիական հետազօտական ծրագրերում ընդգրկումը:
Կենտրոնը նաեւ լաւագոյն օրինակ է Հայաստան-Սփիւռք համագործակցութեան, որի հիմնանպատակը հայրենիքի զօրացումն է: «Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազօտական կենտրոնը» ստեղծուել եւ կայացել է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), ՀՀ կառավարութեան եւ Սփիւռքի երկու հիմնադրամների կողմից` համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական Նաիրա Յովակիմեանի գործուն աջակցութեամբ: Կենտրոնը նոր ընթացք է ստացել 2021 թուականին, երբ համագործակցութեան յուշագիր է կնքուել` «Գիտական նորարարութիւնների եւ կրթութեան կենտրոն» (CSIE) հիմնարկի հետ: Այս կազմակերպութիւնը ստեղծուել էր արցախեան 44 օրեայ պատերազմից յետոյ` Հայաստանը որպէս ինքնավար համակարգերի հետազօտութիւնների համաշխարհային առաջատար դիրքաւորելու տեսլականով: Այդ նպատակի շրջանակներում, կենտրոնը յաջողեց Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրների լաւագոյն համալսարանների հայ մասնագէտների ներուժը մէկտեղել կենտրոնում` յաջողելով նրանցից ոմանց վերադարձնել հայրենիք:
Այսօր, կենտրոնի գիտական հետազօտութիւնների հիման վրայ ստեղծւում են գիւղատնտեսական, ռազմական արդիւնաբերութեան համար անհրաժեշտ սարքեր, որոնք գործնական կիրառութիւն են ստանում: Միաժամանակ, Հայաստանի բարձրագոյն ուսումնական տարբեր հաստատութիւնների ուսանողներ վերապատրաստւում են յատուկ ծրագրերով եւ համալրում նորարար գիտնականների շարքերը:
Պոլիտեխնիկական համալսարանին կից կառոյցը արտաքինից բնաւ չի յուշում ներսում իրականացուող առաջատար գիտատեխնիկական (գիտական արհեստագիտութեան) աշխատանքների մասին: Դրան միւս կողմում ինձ դիմաւորում են երկու երիտասարդ աղջիկներ, եւ համեստօրէն ներկայանում: Զրոյցի ընթացքում աստիճանաբար եմ պարզում, թէ ինչ հսկայական ներդրում ունեն Աստղիկ Յակոբեանն ու Հայկանոյշ Դարբինեանը Հայաստանի նորարար գիտութեան զարգացման գործում:
Կենտրոնի առաջատար գիտաշխատող Աստղիկ Յակոբեանը, Պոլիտեխնիկական համալսարանն աւարտելով աւտոմատացում (մեքենական ինքնագործութիւն) եւ կառավարում մասնագիտութեամբ, ուսումը շարունակել է Սէուլի հեղինակաւոր Ազգային համալսարանում` ուսանելով էլեկտրական եւ համակարգչային ճարտարագիտութիւն, եւ որպէս կառավարման մասնագէտ զբաղուել է գիտահետազօտական աշխատանքներով, թէզը պաշտպանել` ինքնավար համակարգերի կառավարում եւ օպտիալացման (լաւագոյնին հասցնելու) մեթոդների մշակում ոչ-ճշգրիտ միջավայրերի համար թեմայով: «Գիտական նորարարութիւնների եւ կրթութեան կենտրոն»ի առաջարկը նա սիրով է ընդունում, եւ վերադառնում է հայրենիք` գիտելիքներն ու փորձը ներդնելու իր ոլորտի զարգացման գործում: «Այն ամէնը, ինչ անում եմ հայրենիքիս համար, աւելի արժէքաւոր է, քան եթէ անէի ուրիշ երկրների համար», վերադարձի մասին հարցիս այսպէս է պատասխանում Աստղիկը, որ կենտրոնում ներգրաւուած է հետազօտական եւ կրթական ծրագրերում: Աստղիկը Հայաստանում Հայկանոյշ Դարբինեանի ուսանողն է եղել, եւ մեծ ուրախութեամբ է նշում այն փաստը, որ այսօր հնարաւորութիւն ունի աշխատելու սիրելի դասախօսի հետ: Դարբինեանը, ով կենտրոնի տեխնիկական (արհեստագիտական) ղեկավարն է, Աստղիկի մասին խօսելիս նշում է, որ նրա ներգրաւուումը` մեծապէս փոխել է կենտրոնի զարգացման ընթացքը, միջազգային հարթակներում մեծապէս ներկայանալի դարձրել կենտրոնը: Հայկանոյշ Դարբինեանն իրականացնում է իր գիտական նախագծերն ու մասնակցում կրթական ծրագրերին:
Գիտական հրաշասրահի տիրուհիները ինձ ծանօթացնում են բոլոր անկիւններին` աշխատանոցը, որտեղ տեսական գիտելիքները գործնական նշանակութիւն են ձեռք բերում, դասասրահում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները կրթում են ապագայ մասնագէտներին, փորձադաշտում` առաջին թռիչքներն են կատարում անօդաչու թռչող սարքերն ու ինքնագնացները: Կենտրոնում իրականացուող գիտական աշխատանքները հրատարակւում են միջազգային ամսագրերում, ներկայացւում են գիտաժողովների: Կենտրոնի յաջողութիւնները չափազանց ոգեւորող ու յուսադրող են. վերապատրաստուած ուսանողները ներգրաււում են ոլորտի արդիւնաբերութիւններում, մրցանակներ շահում հայաստանեան եւ միջազգային հեղինակաւոր մրցոյթներում, «Գիտական նորարարութիւնների եւ կրթութեան կենտրոն»ը համահեղինակն է հայրենական առաջին` «Հայասաթ-1» արբանեակի:
այաստան այցիս իմ համար ամենակարեւոր բացայայտումներից մէկը «Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազօտական կենտրոնն» էր, որտեղ աւանդոյթներին հաւատարիմ, համբերութեամբ, յամառութեամբ ու նուիրումով կայանում է Հայաստանի ժամանակակից գիտութիւնը:
Մանրամասները` հարցազրոյցում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է ստեղծուել եւ գործում «Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազօտական կենտրոնը»:

ՀԱՅԿԱՆՈՅՇ ԴԱՐԲԻՆԵԱՆ.- «Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազօտական կենտրոնը» ստեղծուել է 2018 թուականին` Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի եւ ՀՀ կառավարութեան համատեղ ուժերով: Մինչեւ 2021 թուականը կենտրոնում իրականացուել են որոշակի ծրագրեր, սակայն աշխատանքի ծաւալը մեծ չի եղել: 2021 թուականի Նոյեմբերին, «Գիտական նորարարութիւնների եւ կրթութեան կենտրոն» (Center for Scientific Innovation and Education) հիմնադրամի հետ համագործակցութեան յուշագիր կնքելուց յետոյ, կենտրոնի աշխատանքները նոր ընթացք ստացան: Համագործակցութիւնը նախատեսում էր Հայաստանում ինքնավար համակարգերի եւ ռոբոտաշինութեան ոլորտներում գիտահետազօտական եւ կրթական ծրագրերի ստեղծում, մասնագէտների պատրաստում ու կրթական ծրագրերի մշակում, որոնք հնարաւոր կը լինի ներմուծել Հապհի բուհական ծրագրում:
Տեխնիկական առումով, մեր կենտրոն-աշխատանոցը յագեցած է համաշխարհային լաւագոյն`Vicon համակարգով, որը շարժումը գրանցող սարքաւորումների եւ համապատասխան ծրագրային ապահովումը մշակող համակարգ է: Մենք Vicon-ն օգտագործում ենք պինդ մարմինների կամ ռոբոտների շարժումները որսալու եւ հետազօտելու համար: Այդ համակարգը հնարաւորութիւն է ընձեռում իրական ժամանակում գրանցել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) եւ այլ մեխանիկական օբյեկտների (առարկաներու) շարժումները միլիմետրերի ճշգրտութեամբ եւ էապէս արագացնել տարաբնոյթ ուսումնասիրուող սարքերի մշակումներն ու հետազօտական փորձարկումների գործընթացը:

ԱՍՏՂԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- «Գիտական նորարարութիւնների եւ կրթութեան կենտրոնի» հետ համագործակցութեան արդիւնքում, մեր կենտրոնի առաւելութիւններից է նաեւ այն, որ ուսանողների հետ աշխատում են Հայաստանի եւ այլ երկրների լաւագոյն մասնագէտներ: «Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազօտական կենտրոնի» հիմնադրումն ու կայացումը մեծապէս հնարաւոր է դարձել համաշխարհային ճանաչուած գիտնական, ինքնավար համակարգերի կառավարման տեսաբան Նաիրա Յովակիմեանի ջանքերով, ով ներգրաւուած է կենտրոնի գործունէութեան եւ զարգացման հարցերում:
Նաիրա Յովակիմեանը 2021թ.ից սկսել էր հաւաքագրել այլ երկրներում սովորող հայ մասնագէտների, ովքեր մասնագիտացած են հիմնականում՝ ռոբոտատեխնիկայի, ինքնավար, կառավարման համակարգերի ոլորտներում: Յովակիմեանը պարբերաբար առցանց հանդիպումներ էր անցկացնում նրանց հետ, որոնցից մէկն էլ ես էի, եւ պատմում էր նաեւ Հայաստանում գործող կենտրոնի մասին` յորդորելով, որ բոլորս տեղափոխուենք հայրենիք, եւ նպաստենք, որ այն համաշխարհային նշանակութիւն ձեռք բերի: Ես սովորում եւ աշխատում էի Հարաւային Կորէայում, եւ երբ առաջարկ ստացայ վերադառնալու Հայաստան` անմիջապէս համաձայնուեցի, որովհետեւ կենտրոնը կարողացաւ ինձ տրամադրել այն բոլոր նախադրեալները, որ ես կարողանամ Հայաստանում իրականացնել իմ հետազօտութիւններն ու միաժամանակ չկորցնել իմ դերը միջազգային գիտական ոլորտում: Նաեւ, կիսում եմ կենտրոնի տեսլականը` ստեղծել այնպիսի միջավայր եւ մասնագէտներ, ովքեր կարող են Հայաստանում զբաղուել մրցունակ գիտութեամբ: Ես առաջինն էի, որ վերադարձայ, եւ յետոյ եկաւ նաեւ Տիգրան Բաքարեանը, ով այն ժամանակ աշխատում էր Նաիրա Յովակիմեանի մօտ Իլինոյսում, եւ սկսեցինք աշխատել միասին` Հայաստանում ոլորտի լաւագոյն մասնագէտներից Հայկանոյշ Դարբինեանի հետ: Սպասում ենք նաեւ մի քանի այլ մասնագէտների վերադարձին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Յատկապէս ի՞նչ ուղղութիւններով է կենտրոնը գործում:
ՀԱՅԿԱՆՈՅՇ ԴԱՐԲԻՆԵԱՆ.- Կենտրոնի ուղղուածութիւններից մէկը կրթականն է: Մեր առաջնահերթութիւնների շարքում են ուսանողների համար վերապատրաստման ծրագրերը` նրանց գիտահետազօտական աշխատանքներում ներգրաւելու եւ մասնագիտական ու գիտատեխնիկական հմտութիւնների զարգացման նպատակով: Կրթական ծրագրի ստեղծմանը մասնակցել են յայտնի մասնագէտներ, այդ թւում` Նաիրա Յովակիմեանը:
2022 թուականից սկսած ունեցել ենք ուսանողների չորս խումբ, որոնք Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական, Երեւանի Պետական, Ագրարային, Սլաւոնական եւ Ամերիկեան համալսարանների ճարտարագիտութեան, ծրագրաւորման եւ մաթեմատիկական գիտութիւնների բաժիններից են: Ծրագրի շրջանակներում ուսանողները ձեռք են բերել ինքնավար համակարգերի մաթեմատիկական մոդելաւորման, դրանց նախագծման ու մշակման մասնագիտական հմտութիւններ, ինչպէս նաեւ`խորութեամբ ուսումնասիրել են կառավարման ու ծրագրային ապահովման հիմունքները: Դասընթացները իւրացնելուց յետոյ, մեր ուսանողներն աշխատանքի են անցնում ոլորտի ընկերութիւններում, սակայն մեր հետ կապը շարունակւում է ներգրաււում են գիտահետազօտողների խմբում, եւ զբաղւում նոր ուսանողների հետ:


ԱՍՏՂԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Կենտրոնի միւս ուղղութիւնը գիտական հետազօտութիւններն են` հիմնականում կառավարման, ինքնավար համակարգերի տեսութեան ուղղութեամբ: Ինքնավար համակարգերը մեր կեանքի մասն են դարձել եւ շատ կարեւոր խնդիր է դրանց անվտանգ կառավարման ապահովումը: Աշխատում ենք տարբեր`շարժական, թեւաւոր ռոբոտների հետ, հիմնականում ԱԹՍների, եւ վերջերս էլ սկսել ենք աշխատանք նաեւ անիւաւոր ռոբոտի հետ, այսինքն գրեթէ բոլոր տեսակի ռոբոտների հետ աշխատում ենք: Իմ գիտահետազօտական աշխատանքի շրջանակներում, առաջնահերթ փորձում ենք մշակուած ալգորիթմը իրական ռոբոտների վրայ: Ես աշխատում եմ ռոբոտների շարժման հետագծի ծրագրաւորման եւ կառավարման ուղղութեամբ, որտեղ կարեւոր է անվտանգութեան ապահովման հարցը: Օրինակ, եթէ մարդը ինքնագնաց մեքենայի առջեւով քայլի, ապա ինչպէս պէտք է մեքենան այդ մարդուն կամ շրջանցի, կամ կանգնի սպասի: Այդ ամբողջ որոշումների կայացումը, իմ գիտական հետազօտութեան թեման է: Նոյնը նաեւ ԱԹՍների պահով, օրինակ, ինչպէս կարող են մի քանի անօդաչու թռչող սարքեր միասին մէկ առաջադրանք կատարել, բայց լինեն անվտանգ` իրար չհարուածեն, չգերազանցեն արագութիւնը, եւ այլն:
Ներկայում հետազօտում ենք նաեւ, թէ ինչպէս կարելի է կառավարել ԱԹՍը ցանկացած հետագծով` ոչ միայն փակ, նաեւ բաց տարածքներում, արտաքին ուժերի առկայութեան պայմաններում: Եւ, յաջորդ քայլով, ներքին միջավայրից դուրս ենք գալու արտաքին, որի համար պէտք է տեխնոլոգիաների մշակում, ինչը հնարաւորութիւն կը տայ, որ ռոբոտն առանց Vicon համակարգից օգտուելու, ինքնուրոյն, իր տուիչներով, տեսախցիկներով կարողանայ տեղորոշել իր դիրքը, ինչպէս նաեւ ստանալ տեղեկատուութիւն շրջակայ միջավայրի մասին:
Անոյշը, Տիգրանը եւ ես տարբեր ուղղութիւններով ենք մասնագիտացած`Անոյշն աշխատում է տեխնիկական համակարգի սարքերի, ես`կառավարման համակարգերի տեսութեան, իսկ Տիգրանը մաթեմատիկոս է, եւ փորձում ենք միաւորուել մեր ուժերը` գործունէութեան առաւել լայն շրջանակ ընդգրկելու համար:


ՀԱՅԿԱՆՈՅՇ ԴԱՐԲԻՆԵԱՆ.- Ես էլ կառավարման համակարգերի ուղղութեամբ եմ աշխատել: Ունեցել եմ երեք գիտական թեմաներ, որոնք հիմնականում տեխնիկական ուղղուածութեան են եղել, եւ դրանց շրջանակներում անօդաչու թռչող սարքերի հետ եմ առնչուել, մասնաւորապէս` մուլտիկոպտերների (բազմաթեւ ուղղաթիռներու): Միւս թեմաները որոնց առնչուել ենք, հիբրիդային (խառնածին) ԱԹՍներն են, եւ այս պահին ունեմ երկակի նշանակութեան ԱԹՍի ստեղծման գիտական թեմա:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր հետազօտութիւնները հիմնականում ո՞ր ոլորտներում են կիրառելի:
ՀԱՅԿԱՆՈՅՇ ԴԱՐԲԻՆԵԱՆ.- Մեր կողմից ուսումնասիրուող սարքերը կիրառելի են գիւղատնտեսական նպատակներով: Գիտահետազօտական մակարդակում, համագործակցում ենք Հայաստանում ճանաչուած ռազմարդիւնաբերական կազմակերպութիւնների հետ: Ունենք մասնագէտներ, ովքեր աշխատում են, կամ ներգրաւուած են ե՛ւ կենտրոնի գիտական աշխատանքներում, ե՛ւ գործնական ներգրաւուածութիւն ունեն նշուած կազմակերպութիւններում, որտեղ արդէն ստեղծւում են մեր հետազօտութիւնների հիման վրայ արտադրանքն ու անցնում են պետական փորձարկման փուլեր:
ԱՍՏՂԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Քանի որ գտնւում ենք գիտական միջավայրում, մեր հիմնական նպատակն է առաջին հերթին ստեղծել մասնագէտներ, ովքեր յետագայում կ՛աշխատեն ռազմավարական ոլորտներում, եւ ստեղծել այնպիսի տեսական հետազօտութիւններ, որոնք յետագայում կարող են ձեռք բերել գործնական կիրառութիւն: Այսինքն, մեր արտադրանքը ուսանողներն են եւ գիտութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ մարտահրաւէրներ ունի կենտրոնը:
ՀԱՅԿԱՆՈՅՇ ԴԱՐԲԻՆԵԱՆ.- Հիմնական մարտահրաւէրը մասնագէտների պակասն է` շատ մասնագէտներ ունենք մեր շուրջ, բայց նրանց մեծ մասը Հայաստանում չեն, եւ կենտրոնի հետ աշխատելու համար բաւարար ազատ ժամանակ չունեն: Այս պահին ունենք քսան ուսանող, եւ երեք հոգով ենք կենտրոնում հիմնականում, մինչդեռ մեր աշխատանքի ծաւալը հսկայական է, եւ քիչ ժամանակ է մնում ուսանողների հետ զբաղուելու համար: Աստղիկն ու Տիգրան Բաքարեանը սկսել են աշխատել ուսանողների հետ Կորէայից եւ ԱՄՆից առցանց, սակայն դասընթացներն այդ ձեւաչափով նոյն արդիւնաւէտութիւնը չեն ունենում, քան մասնագէտի հետ նոյն վայրում ներկայութիւնը, եւ ըստ այդմ, նախընտրում ենք, որ մեր մասնագէտները գործեն Հայաստանում: Փորձում ենք նաեւ մասնագէտների հարցը լուծել դասընթացներ կազմակերպելով Հայաստան այցելող ոլորտի գիտակների հետ: Մեր կենտրոնը առանձնայատուկ է նաեւ նրանով, որ ոլորտում ունենք զօրեղ ցանց եւ կապեր:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ին՞չ ձեռքբերումների մասին կարող էք նշել:

ԱՍՏՂԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ձեռքբերումները շատ են: Վերապատրաստում անցած մեր ուսանողների չորս խմբերը համարում ենք ամենամեծ ձեռքբերումներից, այսինքն` նրանք մասնագիտացել են, եւ շատերն արդէն աշխատում են ոլորտի արդիւնաբերութիւնում: Մեր ամենավերջին ձեռքբերումներից է` Աստղիկ Յակոբեանի նախաձեռնութեամբ եւ գլխաւորութեամբ «Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազօտական կենտրոն»ի ուսանողական թիմի մասնակցութիւնը American Control Conference գիտաժողովի ընթացքում Quanser ընկերութեան կազմակերպած ինքնավար մեքենաների մրցոյթին: Այն աշխարհում յայտնի մրցոյթ է կառավարման համակարգերի ոլորտում, եւ առաջին անգամ էր, որ Հայաստանը մասնակցեց նման հեղինակաւոր մրցոյթի`«Գիտական նորարարութիւնների եւ կրթութեան կենտրոն» հիմնարկի հսկայական աջակցութեամբ: Ինքնագնաց մեքենաների մրցոյթում մեր թիմը (խումբը) զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, ինչը նշանակալի արդիւնք է, նաեւ հաշուի առնելով փաստը, որ նախապատրաստական փուլում անհրաժեշտ փորձարկումները կատարել էինք առանց անհրաժեշտ սարքն ունենալու եւ ֆիզիկական փորձարկումների: Մրցոյթին մասնակցութեան յայտ էր ներկայացրել 39 թիմ, որոնցից միայն 8ն էին յաղթահարել առաջին փուլը եւ ներկայացել Կանադայում: Մեր թիմը բաղկացած էր Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներից հիմնականում, որտեղ ընդգրկուած էր չորս աղջիկ եւ մէկ տղայ: Մրցոյթի ընթացքում ուսանողները ուսումնասիրել են ինքնավար կառավարման առաջատար մեթոդներ եւ կիրառել համակարգչային տեսողութեան ալգորիթմներ` լուծելով իրենց առջեւ դրուած խնդիրները: Կենտրոնը համաշխարհային հարթակներում ներկայացնելու հարցում մեծ դեր ունի Աստղիկը: Մինչ նրա մեզ միանալը, մասնակցել ենք Հայաստանեան տարբեր մրցոյթների, այդ թւում` 2021 թուականին սկսած, «Հաւք» անօդաչու թռչող սարքերի մրցոյթին, որտեղ տարբեր մակարդակներում գրանցել ենք բազմաթիւ յաղթանակներ:
Մեր միւս ձեռքբերումներից է`մասնակցութիւնը հայրենական առաջին տիեզերական արբանեակի` Հայասաթ-1ի ստեղծմանը: 2022 թուականին, «Գիտական նորարարութիւնների եւ կրթութեան կենտրոն»ը, Բազումք տիեզերական հետազօտութիւնների աշխատանոցի հետ միասին աշխատեց եւ իրականութիւն դարձրեց արբանեակը: