

Ռ. ԿՈՐԻՒՆ
Ամերիկահայ գրողների միութիւնը ազգային եւ երախտագիտական խոր գիտակցութեամբ նշում է մեր գիր ու գրականութեան անմահանուն գրողների եւ արուեստից մշակների յոբելեանները ինչպէս վերջի երկու ամիսների ընթացքում ճոխ ծրագրով, հոծ լսարանի ներկայութեամբ կատարեց Պարոյր Սեւակի եւ Յակոբ Պարոնեանի յոբելեանները, որոնց զեկուցաբերն էր տաղանդաւոր բանաստեղծ Վազգէն Վանատուր։ Եւ ահա, աշուղական քերթողական արուեստի տիտան Սայաթ Նովայի նուիրուած երեկոյթը, Շաբաթ, Սեպտեմբերի 28ին, բանախօսական եւ գեղարուեստական ճոխ ծրագրով:
Երեկոյթը զուգադիպում էր հայոց փառաշուք մշակոյթի տօնակատարութեան Հոկտեմբեր ամսուան:
Երեկոն մեկնարկուեց Սայաթ Նովայի մասին ֆիլմերից հատուածների ցուցադրումով: Ապա բեմ բարձրացաւ ճանաչուած դերասանուհի՝ Շողեր Գրիգորեանը երեկոյթը հանդիսավարելու համար: Փառաբանուեց աշուղ Սայաթ Նովան իր սիրային տաղերով ու փիլիսոփայական քերթողական արուեստով: Ինչպէս ծաղկաստանում երփներանգ ծաղիկներ իրենց տարբեր տեսքերով ու բոյրերով հրապուրում են մարդուն, նոյնպէս այդ երեկոյի Սայաթ Նովայի հանճարը մեկնաբանող ելոյթ ունեցողները, ըստ հետեւեալի՝ Անահիտ Սահակեան՝ վաստակաւոր երգչուհի, Ադելինա Աւետիսեան՝ ասմունքող, Սօսի Մարտիրոսեան՝ երգչուհի, Իվետա Եգանեան՝ երգչուհի, Լէյլա Թադէոսեան՝ դերասանուհի եւ բանաստեղծ, Պարգեւ Տիկիճեան՝ արձակագիր, Ֆիրա Ակեան՝ մանկագիր եւ տիկնիկագործ, Աշոտ Հեբոյեան՝ դուդուկահար, Վահէ Սարգսեան՝ արձակագիր, որ կարդաց գրութիւն, Շարլ եւ Այդա Ազնաւուրների տեսահոլովակը՝ Սայաթ Նովայի «Ես քո դիմեթը չիմ գիտի» երգին, Նշան Ջաղացպանեան՝ սիրուած երգիչ, որոնք գրաւեցին լսարանի գնահատական ծափողջոյնները: Նաեւ Ինա Յարութիւնեանը իր նկարչական պաստառներն էր ցուցադրութեան դրել, Սայաթ Նովայի նկարը ընդգրկուած:
Կատարումների աւարտին հանդիսավարը ուրախութեամբ հրաւիրեց տաղանդաւոր բանաստեղծ Վազգէն Վանատուրին ներկայացնելու Սայաթ Նովան՝ ոդիսական կեանքը տարբեր հայեացքներով:
Նա առանց գրութեան եւ նօթագրութեան շուրջ մէկ ժամուայ կտրուածքում ամփոփ ու սեղմ տողերում Սայաթ Նովայի կենսագրութիւնը, արուեստը եւ կերպարը իր դարաշրջանի եղելութիւններով ներկայացրեց. լսարանը կլանուած հետեւում էր նրա բանախօսութեան:
Խորհրդաւոր երեկոյ էր Սայաթ Նովայի երգերով ոգեւորուած եւ բանախօսութեան տեղեկութիւններով յագեցած: