

ԼԻՒԲԱ ԱՒԱԳԵԱՆ
Օտար ափերում կարօտն ուրիշ գոյն ունի: Ու այդ հոգեմաշ զգացումն է, որ էլ աւելի է պարտաւորեցնում մեզ` հայրենի հողից շատ հեռու գտնուողներիս: Մեր բնօրրանի իւրաքանչիւր ցաւն ու կորուստը խուլ հառաչով հասնում է իւրաքանչիւրիս` թելադրելով իր հրամայականը` չյանձնուել, զինուել գիտութեամբ ու ծառայել հայրենիքին: Մեր զէնքն այլ է․ հայ մնալը կենսական խնդիր է ու կարեւորագոյն նախապայման:
Հայապահպանութեան, լեզուի ուսուցման եւ հայեցի դաստիարակութեան խնդիրներն իր մշտական հոգածութեան կենտրոնում է պահում Արեւմտեան թեմը` գլխաւորութեամբ թեմակալ իմաստուն առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի: Այդ սիրոյ, խնամքի ներքոյ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցը գրեթէ 25 տարի իր շուրջն է համախմբում հարիւրաւոր հայ մանուկների:
Սեպտեմբերի 28ի առաւօտն այլ էր եկեղեցում. աշակերտները գալիս էին ծաղիկներով, գալիս էին փոքրիկ հայերը, գալիս էին վաղուայ մեծ հայերը, ովքեր արդէն չորս տարի շարունակ յիշում եւ խոնարհւում են 2020ի 44օրեայ պատերազմի հերոսների յիշատակի առաջ:
Օրն աղօթքով սկսելուց առաջ, թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ, Երեմիա վարդապետ Աբգարեանը ներկաներին յիշեցրեց, որ այսօր հետաքրքիր պատահականութեամբ Սուրբ Գէորգ զօրավարի տօնն է: Ապա օրուայ խորհուրդը միահիւսեց հայրենիքի պաշտպանների եւ հերոս նահատակների խորհրդի հետ` յիշելով 44օրեայ պատերազմի մարտիրոսներին: Հերոսներ, որոնք խիզախօրէն պայքարեցին յանուն հայրենիքի ազատութեան եւ ընկան պատերազմում` հետեւելով նժդեհեան գաղափարախօսութեանը. «Մեռի՛ր այնպէս, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»:
Ապա եկեղեցու հովիւ Խաժակ քահանայ Շահբազեանի եւ դպրոցի տնօրէն, բարեշնորհ Յովհաննէս սարկաւագ Գումրույեանի մասնակցութեամբ կատարուեց հոգեհանգստեան կարգ, որից յետոյ աշակերտները շարժուեցին դէպի 44օրեայ պատերազմի նահատակների խաչքարը` իրենց յարգանքի տուրքը մատուցելու մերօրեայ հերոսներին:
Ազգային ոգու պահպանութեան, սխրագործութեան, հայրենիքի եւ եկեղեցու նկատմամբ անսակարկ սիրոյ մասին զրոյցները շարունակուեցին դասարաններում:
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցն իրեն բնորոշ ձեռագիրն ունի օտար ափերում գտնուող հայ մանուկներին կրթելու գործում: Երեխաները ոչ միայն սովորում են մայրենին, այլ նաեւ ստանում են ազգային, հոգեմտաւոր դաստիարակութիւն, տիրապետում են հայ քրիստոնեայ լինելու վեհ զգացողութեանն ու այդ նոյն ոգով ապրելու արուեստին, որովհետեւ յստակ է մէկ բան՝ վաղուայ Հայաստանը կերտելու են այսօրուայ փոքրիկ հրեշտակները: