ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Որպէս կինոռեժիսոր (շարժապատկերի բեմադրիչ) իմ գլխաւոր նպատակն է` պատմել հայրենիքիս մասին, ներկայացնել Հայաստանն ու Արցախը, եւ օգնել հայկական կինոյի (շարժապատկերի) առաջխաղացմանն աշխարհում»: Այս մտայնութեամբ է ստեղծել իր երկու տասնեակից աւելի գեղարուեստական ու վաւերագրական ֆիլմերը, մրցանակակիր կինոռեժիսոր, Եւրոպական կինոակադեմիայի անդամ Ջիւան Աւետիսեանը: Նրա ֆիլմերի հիմքում գաղափարներ են, արժէքներ, որ համամարդկային են, եւ ըստ այդմ` ընկալելի աշխարհին, միաժամանակ` հայրենիքի համար իր պայքարի միջոցն են:
«Ասպարէզ»ին տրուած բացառիկ հարցազրոյցում Ջիւան Աւետիսեանը պատմում է Արցախի մասին իր նոր` «Վերածնուածը» շարժապատկերի մասին, որ յետ արտադրական փուլում է, եւ հանրութեանը կը ներկայացուի յաջորդ տարի: Կինոռեժիսորը նաեւ ազդարարում է «2020ի Հրեշտակները» ֆիլմի արտադրութեան մեկնարկը` յորդորելով հայ համայնքին միանալ եւ աջակցել շարժապատկերի ստեղծմանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր վերջին մի քանի շարժապատկերներն Արցախի ու արցախեան հակամարտութեան մասին են, եւ կարծես փոխլրացնում են միմեանց: Դուք լաւագոյնս օգտագործում էք նաեւ քարոզչական ամենաազդեցիկ գործիքներից մէկը` աշխարհին պատմելու Արցախի, հայի եւ հայկական հարցերի մասին: Ձեր նոր` «Վերածնուածը» ֆիլմի առանցքում կրկին Արցախն է: Ինչպէ՞ս էք ներկայացնում Արցախը, որ այսօր, թէեւ ժամանակաւորապէս, բայց մերը չէ:
ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Շնորհակալութիւն շատ ճիշդ ձեւակերպման համար, այո, Արցախը ժամանակաւորապէս մերը չէ, եւ շատ եմ ցաւում, որ թէեւ կարճ ժամանակով, բայց մերը չէ: Այս իրավիճակում, երբ Արցախը մեզանից հեռու է, աւելի շատ է պէտք է խօսել, քարոզել, պատմել Արցախի եւ պատճառների մասին, թէ ինչու այսպէս պատահեց: Պատճառներից մէկն էլ, հաւանաբար Արցախի մասին քիչ խօսելն է եղել: Չնայած վերջին տասը տարիներին ես եւ իմ թիմը (խումբը) գիշեր ցերեկ աշխատել ենք ստեղծելով երեք լիամետրաժ (երկար ֆիլմ՝ առաւել քան 90 վայրկեան (ռոպէ)) խաղարկային ֆիլմ Արցախի մասին, բայց այնուամենայնիւ քիչ եմ համարում, բաւարար չափով չեմ արել: Հիմա իւրաքանչիւրիս պարտքը պէտք է լինի Արցախի մասին բարձրաձայնել, համակարգուած ու մանրամասն ներկայացնել իրականութիւնը:
«Վերածնուածը» ֆիլմում, ի տարբերութիւն իմ նախորդ երեք` «Թեւանիկ», «Վերջին Բնակիչը» եւ «Դրախտի Դարպասը» ֆիլմերի, պատմում ենք Արցախի մասին` առանցքում ունենալով ոչ միայն յաղթանակը, նաեւ`2020ի պատերազմի արդիւնքում պարտութիւնը: Այս շարժապատկերում փորձում ենք վեր հանել նաեւ կարեւոր արժէքներ, օրինակ` ինքնութեան հարցը: Իւրաքանչիւր անձ, իւրաքանչիւր հայ, անկախ նրանից`Արցախից է, կամ արմատներով է կապուած Արցախի հետ թէ ոչ, պէտք է իրեն զգայ հայ եւ արցախցի: Ֆիլմում ներկայացւում է այլ երկրում ապրող երիտասարդ հայի տեսանկիւնը: Այն պատմում է արհեստական բանականութեան ոլորտի երիտասարդ գիտնական Մուրատ Առաքելեանի անձնական պատմութիւնը, որը կարող է լինել իւրաքանչիւրինս: Մուրատը վերադառնում է Արցախ` գտնելու ինքն իրեն, վերադառնում է հայրենիք գտնելու իր արմատները, հասկանալու համար, թէ տարիներ առաջ, 90ականների պատերազմի ընթացքում ի՞նչ է կատարուել իր ընտանիքի եւ հօր հետ, եւ հասկանալու, թէ ով է ինքը: Ֆիլմում շատ գեղեցիկ հնարանքով ներկայացուած են տարբեր դէպքեր, իրողութիւններ, որոնք Արցախեան պատերազմին զուգահեռ կատարւում են Եւրոպայում, Երուսաղէմում, Իսլանդիայում: Ցանկացել ենք ընդգծել, որ անկախ նրանից, թէ որքան հեռու կամ մօտ ես գտնւում պատերազմին, եթէ աչք ես փակում կամ պատերազմին վերաբերում ես ոչ որպէս քո խնդիրը, դու ինչ որ ձեւով կրում ես պատերազմի աղէտի հետեւանքը:
«Վերածնուածը» նաեւ լռութեան եւ յանցագործութեան մասին է: Ես յաճախ աշխարհի տարբեր անկիւններում դիմելով իմ գործընկերներին ասում եմ, գիտէ՞ք, որ լռութիւնը ամենամեծ յանցագործութիւնն է, եւ դուք միանալով «Վերածնուածը» ֆիլմին, կարծես ձեր յանցանքը մաքրում էք, որովհետեւ այն ինչ կատարւում էր մեզ հետ 2020 թուականի աշնանը` մեծագոյն յանցագործութիւն էր ոչ միայն հայութեան հանդէպ, այլ` մարդու: Մարդն էր թիրախում, որովհետեւ այն ինչ կատարուեց` վեր էր միջազգային հակամարտութիւնից, տարածքային խնդրից, որովհետեւ մեր դէմ պատերազմում էին մարդիկ, երկրներ, որոնք մարդու տուեալ տեսակին էին դէմ:
Պատերազմի օրերն անցկացրել եմ Արցախում, իմ ընտանիքը, հարազատներն այնտեղ են եղել, եւ ես շատ բան եմ տեսել, վաւերագրել եմ, ապրել եմ, շատ բան կորցրել եմ, եւ խորապէս համոզուած եմ, որ այդ պատերազմը մեծագոյն յանցագործութիւն էր մարդու հանդէպ: Ֆիլմը փորձում է վեր հանել նաեւ այս հարցերը` խօսելով այն արգելուած զէնքերի մասին, որոնք օգտագործուել են Արցախում, բայց մինչ օրս որեւէ պատժամիջոց չի կիրառուել յանցագործութիւնը կիրառողների դէմ:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Յատկանշական է, որ գլխաւոր հերոսի` սփիւքահայ երիտասարդի կերպարի միջոցով էք անդրադառնում չափազանց կարեւոր ազգային ինքնութեան թեմային: Կարծում եմ, Սփիւռքը, եւ ընդհանրապէս` ազգովին ունենք այս հարցը յստակեցնելու կարիք, թէ որո՞նք են մեր ինքնութեան բնորոշիչներն այսօր:
ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Կարող եմ հարցի շատ ընդգրկուն պատասխանից մօտենալ մասնաւոր օրինակի: Իմ երակներում հոսում է հայկական արիւն, ես խօսում եմ հայերէն, ես ապրում եմ յիշողութիւններով, եւ կոնկրետացնեմ (յստակացնեմ)` ամէն առաւօտ, հայը պէտք է արթնանայ ու ապրի յանուն Արարատի, եւ ասի` Արարատն ամէն ինչից վեր է:
Ես այսօր Լոս Անջելեսի կամ աշխարհի որեւէ անկիւնում կը յաջողեմ աշխատանքս, բայց ամէն Աստծու արեւածագ ապրելով պէտք է գործեմ յանուն Արարատի, ես չեմ ասում նոյնիսկ յանուն Արցախի, որովհետեւ Արարատն ամէն ինչից վեր է, Արարատի մէջ են ամբողջանում հայ ժողովրդի իղձերը, փիլիսոփայութիւնը երազանքները: Իմ կարծիքով այսօր հայը նա է, ով լաւագոյնս անում է իր աշխատանքը, բայց գործում է յանուն Հայաստանի, որովհետեւ, այլապէս քո ինքնութեան խնդիրը դրուած է հարցականի տակ: Եթէ դու, որպէս տեսակ կորցնում ես քո այդ մասը, ուրեմն, այլեւս տերեւս ես՝ քամուց քշուած, հեռացած արմատներից, եւ նոյնիսկ չգիտես ով ես, եւ կը կորցնես ամէն բան ի վերջոյ:
Ես հասկանում եմ, որ լեզուն, պատմութիւնը, տուեալ տարածքում ապրելն ու գործելը կարեւոր է, բայց իմ կարծիքով, մեզ ամենաուժեղ կապող հանգամանքը, օղակը` եւ իմ համար ամենակարեւորը, որ բոլորիս հայեացքները ուղղուած լինեն մէկ ուղղութեամբ: Մենք բոլորս պէտք է դիտարկենք եւ տեսնենք մեր լինելիութիւնը մէկ հայեացքի ներքոյ` դէպի Արարատ:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ֆիլմերում մշտապէս ներգրաւում էք նաեւ օտարազգի ճանաչուած դերասանների: Ին՞չ սկզբունքով էք ընտրում նրանց: Առաջնորդւո՞ւմ էք նաեւ այն մտայնութեամբ, որ այլազգի դերասանների ներգրաւումն առաւել լայն իրազեկում է ապահովում աշխարհում հայկական հարցերի ներկայացման առումով:
ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Դերասանների ընտրութիւնը միշտ կատարում եմ ելնելով ֆիլմի սցենարից (բեմագրութենէն). կերպարներս կերտելու համար փորձում եմ գտնել ամենայարմար դերասաններին: «Վերածնուածը» ֆիլմում կան այլազգի կերպարներ, եւ նրանց ներկայացնելու համար կարողացել եմ լաւագոյն ընտրութիւն կատարել` ընդգրկելով հրաշալի մեծանուն դերասանների, ինչպիսիք են` Արմանդ Ասանտէն ԱՄՆից, Մայա Մորգենշտէյնը Ռումինիայից, Հէյնօ Ֆերչը Գերմանիայից: Միաժամանակ, համաշխարհային ճանաչում ունեցող դերասանների մասնակցութիւնը խթանում է հասնել հնարաւորինս աւելի մեծ լսարանի, սակայն դա երբեք ինքնանպատակ, արհեստական չպէտք է լինի: Իմ համար շատ կարեւոր է այն հանգամանքը, որ իւրաքանչիւր դերասան, ում հետ աշխատել ենք` ծանօթանալով ֆիլմի պատմութեանը, Արցախում կատարուածին, իրենք էլ ջանք են գործադրել մաս դառնալու այդ պատմութիւնը ներկայացնելուն, եւ օրինակ` հրաժարուել են իրենց բաւական մեծ հոնորարներից (վճարումներէն), փորձել են իրենց միւս ծրագրերը համադրել եւ անպայման մասնակցել մեր ֆիլմերում:
Իմ մօտ տպաւորութիւն է, որ մարդիկ հասկանում եւ ընդունում են Հայկական Հարցի ճշմարտացիութիւնը, բայց ցաւօք կառավարութիւնները դէմ են դրան: Թուարկեցի եւրոպացի դերասանների, ում երկրների կառավարութիւնների օրակարգը չէր խրախուսում Արցախում նկարահանումները, բայց մարդիկ ընտրութիւն են կատարում` մնալ մարդ, թէ՞ զոհել իրենց մարդ տեսակը: Եւ ես հանդիպել եմ մեծանուն դերասանների, պրոդիւսերների (ֆիլմ արտադրողներու), որովհետեւ մեր ֆիլմերը ստեղծւում են համատեղ արտադրութեամբ Եւրոպական այլ երկրների հետ, եւ նրանց մէջ կայ այդ ցանկութիւնը` խօսել Արցախի մասին, խօսել այսօր արդէն անարդարացի լուծում ստացած հակամարտութեան մասին: Այս պատերազմն ի վերջոյ շարունակուելու է, որովհետեւ լուծումն այնպէս արուեց, որ հակամարտութեան մի կողմն անհաւանական կերպով դժգոհ է, եւ ըստ այդմ, դրուեց դանդաղ ազդեցութեան ական, որը մի օր պայթելու է: Այսինքն, աշխարհը չի ցանկանում լուծել այս խնդիրը, այլ փորձում է երկարաձգել, եւ ըստ ցանկութեան դանդաղեցնել կամ արագացնել ականի աշխատանքը, որպէսզի պայթիւնն իրենց ուզած ժամին լինի, այսինքն` քաղաքական այրերը հակամարտութիւնը օգտագործում են որպէս գործիք: Բայց պարզ մարդիկ, առաւել եւս` արուեստագէտները, անկախ եւ ճշմարտացի հայեացքով են մօտենում հակամարտութեանն ու մեր ֆիլմերին: Նրանք իրենց ընտրութիւնը կատարում են, որովհետեւ գիտակցում են, որ անազնիւ են վարուել հայ ժողովրդի հանդէպ:Սա ամենագեղեցիկ մասն է`անկախ դերասանների տաղանդից, նրանց համար կինոթատրոն գնացող հանդիսատեսից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ճանաչուած դերասանների` ձեր ֆիլմերում նկարահանուելու որոշումը մեծապէս պայմանաւորուած է նաեւ ռեժիսորի (բեմադրիչի) նկատմամբ վստահութեամբ, ինչը մեծ ձեռքբերում է: Ձեր աշխատանքի առանձնայատկութիւններից է նաեւ հայ երիտասարդ դերասանների ներգրաւումը, ինչն առիթ է ստեղծում նրանց ներկայանալու միջազգային հանրութեանը, հարթակ է ծանօթանալու եւ խաղալու արտասահմանցի գործընկերների հետ, եւ ստանալու նոր հնարաւորութիւններ:
ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Այո, մեր հայ դերասանները շատ տաղանդաւոր են, սակայն նման հարթակի կարիք ունեն, եւ շնորհակալ եմ ձեր տեսակէտի համար, որ տեսնում էք այդ կամուրջը, այդ հարթակը, այդ կապը, որ մեր ֆիլմերի միջոցով հայ դերասանը կարող է մասնակցել ֆիլմում, որ կը ցուցադրուի աշխարհի տարբեր անկիւններում: Այո, այս հանգամանքը շատ կարեւոր է`այլ երկրների հետ համատեղ արտադրութիւնը բացառիկ կարեւոր կէտ է հայկական կինոարդիւնաբերութեան զարգացման համար: Ինչ վերաբերւում է ինձ, չեմ ցանկանայ անհամեստ հնչի, բայց տարիների ընթացքում մեզ վստահող մարդկանց շրջանակն աւելի ընդգրկուն է դառնում, եւ սա ոչ միայն իմ, այլ իմ ողջ թիմի (աշխատակից խումբի) շնորհիւ:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Վերածնուածը» ի՞նչ ժանրում է նկարահանուած:
ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Ֆիլմը շատ նորարարական է: Գլխաւոր կերպարը հայ երիտասարդ է, արհեստական բանականութեան ոլորտի ճարտարագէտ, ով ֆիլմի ընթացքում զարգացնում է իր ծրագիրը` ORCHID-ը (ORganizer of CHaotic Input Data): Աշխատել ենք ոլորտի յայտնի մասնագէտների հետ, եւ կարողացել ենք գիտական հենքի վրայ կառուցել մեր հայկական բանականութեան զօրեղ բաղադրիչը: Չէի ասի, որ ֆիլմը գիտաֆանտաստիկ (science fiction) է, բայց ունի նման մաս` յանձին արհեստական բանականութեան, որ կիրառւում է լրացուած իրականութեան (augmented reality) միջոցով: Շատ հետաքրքիր կառուցուածք է, թէ ինչպէս է զարգանում արհեստական բանականութիւնը 9 փուլերով` տեսնել, հասկանալ, ճանաչել, գիտակցել, եւ վերջում կարեկցել, անհանգստանալ, հոգալ, որովհետեւ նոյնիսկ արհեստական բանականութիւնն է հասկանում, որ այն ինչ ասւում է մամուլում` ամբողջովին սուտ է, դէմ է ՄԱԿի բոլոր կոնվենցիաներին (վեհաժողովներուն) ու մարդասիրական չափանիշներին, որովհետեւ կիրառւում են արգելուած զէնքեր, խոցւում են հիւանդանոցներ, շտապօգութեան մեքենաներ: Այս ամէնը ֆիլմում ներկայացւում է ոչ միայն բեմադրուած կադրերով, նաեւ` փաստագրական կադրերի (ֆիլմի տեսարաններու շրջանակը) միջոցով, որոնք նկարուել են պատերազմի ժամանակ իմ կամ գործընկերներիս կողմից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ փուլում է շարժապատկերի արտադրութիւնը:
ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Նկարահանումները Հայաստանում եւ Եւրոպայում աւարտել ենք, եւ այժմ գտնւում ենք յետ-արտադրական փուլում: Գնահատելի եւ ուրախալի է այն, որ իւրաքանչիւր փուլում գտնւում է մէկը, ով պատրաստ է աջակցել, որպէսզի օր առաջ, կարողանանք ֆիլմն աւարտին հասցնել: «Վերածնուածը» իրականութիւն է դարձել մեր հարիւրաւոր աջակիցների շնորհիւ, մեր հայրենակիցների նուիրատուութիւնների միջոցով, յատկապէս Սփիւռքի տարբեր համայնքներից` Ամերիկայից, Եւրոպայից, Կանադայից, Աւստրալիայից: Մասնաւորապէս կը ցանկանայի նշել Ամնից գործադիր պրոդիւսեր Ադրինէ Միրզայեանի, Արթուր Չալիկեանի եւ Կարօ Մադենլեանի անունները, ովքեր սատար են կանգնել ոչ միայն ֆիլմի ֆինանսական մասը գոյացնելու՝ այլ շատ աշխատանքներ են իրականացրել մեր թիմի հետ միասին: «Վերածնուածը» լաւագոյն օրինակն է, թէ ինչպէս կարող են մարդիկ, անկախ իրենց մասնագիտութիւնից, բայց ունենալով նոյն երազանքը, տեսլականը, փիլիսոփայութիւնը` աջակցել Հայաստանում գործող մի խմբի եւ ստեղծել գեղեցիկ արուեստի գործեր, պայքարող ֆիլմեր: Եւ սա առաջին դէպքը չէ, մեր բոլոր ֆիլմերը դարձեալ տուեալ անձերի աջակցութեամբ է յաջողուել: Այս ֆիլմի միջոցով եւս փորձել ենք համահայկական ալիք բարձրացնել, որ մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել հայկական կինոյին, ովքեր փորձում են արցախահայութեան ձայնը բարձրացնել` միանան եւ աջակցեն մեզ, եւ այդ համախմբման վառ ապացոյցն ունենք, ինչի համար շնորհակալ ենք:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք այն ռեժիսորներից էք, ով ստեղծագործում է առանց դադարի: Դրա խօսուն վկայութիւնն է «2020ի Հրեշտակները» շարժապատկերի արտադրութեան մեկնարկը: Ինչի՞ մասին է այն, ովքե՞ր են հրեշտակները:
ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.– Իմ թիմի հետ միասին, տարիներ շարունակ աշխատում ենք միաժամանակ տարբեր ծրագրերի ուղղութեամբ: «Վերածնուածը» ֆիլմին զուգահեռ զբաղուել ենք «2020ի Հրեշտակները», Դիանա Աբգարի մասին պատմող ութ մասանոց ֆիլմերի ստեղծմամբ: Մենք գիտակցում ենք, որ պէտք է փոփոխութիւն կատարենք, եւ գիշեր-ցերեկ աշխատելով, մեր լաւագոյնը ներդնելով` կարողանանք հայի տեսակը, հայ կերպարը, հայի արժեւորումը բարձրացնել աշխարհում, Արցախում ու Հայաստանում մեր հետ կատարուածը պատմելու հետ մէկտեղ:
Անդրադառնալով նոր ֆիլմին, ես 2020 թ.ի Արցախեան պատերազմի ականատեսն եմ, եւ 38 օր փաստագրել եմ Արցախում հայ բնակչութեան դէմ իրականացուած ռազմական յանցագործութիւնները: Այս ընթացքում հանդիպեցի մարդկանց, ովքեր մարտադաշտ էին եկել կեանքեր փրկելու առաքելութեամբ, եւ մեծապէս ոգեշնչուել եմ նրանցից: «2020ի Հրեշտակները» իրական պատմութիւն է, պատերազմին մասնակից եւ բազում կեանքեր փրկած բժիշկների, բուժաշխատողների անձնուէր պայքարի մասին: «2020ի Հրեշտակները» նաեւ հազարաւոր մարդկանց, զինուորների պատմութիւնն է, հիմնուած բժիշկների կողմից մեզ տրամադրուած իրական պատմութիւնների վրայ:
«2020ի Հրեշտակները» ֆիլմի աշխատանքները սկսեցինք 2021 թուականին` հանդիպելով 44օրեայ պատերազմին մասնակցած բժիշկների հետ, զրուցելով եւ հաւաքագրելով նրանցից իրական պատմութիւններ եւ կառուցել սցենար: Նրանք բժիշկներ են Հայաստանից, Սփիւռքից, Արցախից, առողջապահական ոլորտի մասնագէտներ են, ովքեր թիկունքում են աշխատել`աջակցելով տարբեր ձեւերով, այդ թւում`աշխարհին պատմելով պատերազմի սարսափների մասին: Այսինքն, մեր ֆիլմը ունի իրական հենք:
Ֆիլմը հայ բժիշկի տեսակի մասին է, նրանց, ովքեր անհաւանական պայմաններում արել են անհաւանականը, եւ եթէ չանէին`մենք հինգ հազարի փոխարէն շատ աւելի զոհեր կ՛ունենայինք, 10 հազար հաշմանդամի փոխարէն շատ աւելի հաշմանդամ: Այդ բժիշկներից իւրաքանչիւրը հրեշտակ էր պատերազմի օրերին, եւ այս մտայնութեամբ էլ ծնուեց ֆիլմի անուանումը: Իւրաքանչիւր բժիշկ, ում հանդիպել եմ` արժանի է, որ իր մասին առանձին ֆիլմ նկարահանուի, եւ ես փորձել եմ բոլորին ներկայացնել մի քանի կերպարների միջոցով:
Ֆիլմում ոչ միայն վերարտադրելու ենք եղելութիւնը, նաեւ`օգտագործելու ենք լուսանկարներ եւ տեսանիւթեր, որ նկարահանուել են բժիշկների կողմից, օրինակ` անհաւանական վիրահատութիւնների մասին, երբ ռմբակոծւում էին հիւանդանոցներ ու ծննդատուն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արտադրական ի՞նչ փուլում է «2020ի Հրեշտակները»: Հասկանալի է, որ նման լայնածաւալ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է աջակցութիւն: Ինչպէ՞ս կարող է ամերիկահայ համայնքը սատարել ֆիլմի կայացմանը
ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.– Սցենարային աշխատանքներն աւարտուած են, ծրագրում ենք յաջորդ տարի սկսել նկարահանումները: Այժմ հանդիպումներ ենք ունենում եւրոպական տարբեր երկրներից պրոդիւսերների հետ` համատեղ արտադրութեան նպատակով, բանակցում ենք Հայաստանից, Սփիւռքից, եւ այլազգի դերասանների հետ: Միաժամանակ, նիւթական աջակցութեան համար դիմում ենք հիմնադրամների, ներդրողների: ReArmenia հարթակում մեկնարկել է մեր դրամահաւաքի էջը:
Մենք փնտռում ենք եւ դիմում ենք այն երեւելի անձնաց, ովքեր կրում են նոյն փիլիսոփայութիւնը եւ ցանկանում են մասը դառնալ իրապէս անհաւանական պատմութիւնների էկրանաւորման (շարժապատկերի վերածուելուն), օգնել արցախեան պատերազմի իրական դէմքը ցոյց տալ աշխարհին: Ես հաւատում եմ, որ կը լինեն մարդիկ, ովքեր այդ հաւատը, սէրը, կամքը, պատուախնդրութիւնը, չնահանջելու ուժն ունենան եւ միանան մեզ:
Ֆիլմը նախատեսում ենք ներկայացնել համաշխարհային կինոփառատօների, եւ այդ փուլին հասնելու համար իւրաքանչիւրի աջակցութեան կարիքն ունենք: Սա մեր խնդրանքն է` մասը եղէք այս դրամահաւաք արշաւի, մասը դարձէ՛ք այս ծաւալուն ֆիլմի ստեղծմանը:
Այսօր շատ կարեւոր է պատմել, խօսել Արցախի մասին ֆիլմերի միջոցով, բայց կը ցանկանայի խօսել եւս մէկ կարեւոր հարցի` հայկական կինոյի մասին, որպէս երկիրը ներկայացնող արուեստի լաւագոյն միջոցներից, որպէս հզօր քարոզչամեքենայ: Ուրախ եմ, որ հայկական կինեմատոգրաֆիան (cinematography-ն – շարժապատկերի արուեստը) սկսում է կայանալ, եւ ես իմ փոքրիկ ներդրումն ունեմ, որովհետեւ հաւատում եմ, որ վաղը հայկական կինոն իր ազդու ձայնն է ունենալու:
Երանի իմ այս եւ բոլոր միւս երազանքներն իրականան: Վստահ եմ, որ մի օր վերադառնալու եմ իմ պապական Արցախի Խաչմաչ գիւղ, նստելու եմ պապական տան այգում, եւ վայլելու եմ իմ սիրելի բոյրերը, ձայները, որ իմ մանկութեան պատանեկութեան մասին են, եւ հեռաւոր հորիզոնում իմ սիրելի տեսարանն է, որտեղ ազերիներ ու թուրքեր չկան: Այո՛, իմ տան ճանապարհը երկար է, ձգւում է Արարատի փէշերով, բայց ես պատրաստ եմ այդ ճանապարհն անցնել իմ արուեստով, իմ խմբով, բայց մենք մենակ չենք կարող: Պէտք են մեծ փիլիսոփայութիւն, մեծ տեսիլք ունեցող հայեր: Ես հաւատում եմ այդ օրուան: Հիմա` ի գործ, Աստուած մեզ օգնական: