Յուլիսի 27-28ին հայկական «Ֆեմիննօ» կազմակերպութիւնը արդէն երրորդ անգամ իրականացրեց կանանց եւ նորարարութեան շուրջ ամենամեծ խորհրդաժողովը Հայաստանում եւ մեր տարածաշրջանում: Մէկ յարկի տակ հաւաքուած 50ից աւելի խօսնակները երկու օրերի ելոյթների եւ աշխատարանների շրջանակում քննարկում էին արհեստագիտական աշխարհի ամենաթէժ թեման` արհեստական բանականութիւնն ու դրա ազդեցութիւնը կեանքի բոլոր ոլորտների վրայ:
««Ֆեմիննօ»2024»ը բացուեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրէասեանի ողջոյնի խօսքով` ուղղուած խորհրդաժողովի մասնակիցներին եւ հիւրերին, որ ժամանել էին աշխարհի աւելի քանի 10 երկրներից` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Դանիա, Աւստրիա, Նիդերլանդներ, Վրաստան եւ այլն: Անդրէասեանը վերահաստատեց Հայաստանում ԳՏՃՄ/STEM ոլորտներում յատկապէս կրթական նախաձեռնութիւնների կարեւորութիւնը: Նա իր խօսքում մատնանշեց այս ուղղութեամբ հանրակրթութեան ոլորտում պետական չափորոշիչների ներդրման դրական արդիւնքները:
Խորհրդաժողովի բացման ժամանակ ազդարարուեց նաեւ նոր համագործակցութիւնը WCIT խորհրդաժողովի հետ: «Ֆեմիննօ»ի հիմնադիր Սեդա Պապոյեանն ու WCIT 2024-ի գործադիր տնօրէն Հայկ Կարապետեանը յուշագիր ստորագրեցին:


«Ֆեմիննօ» խորհրդաժողովի հիւրերի շարքում էր դանիացի Իդա Թինը, որ հանդիսանում է աշխարհում ֆեմթեք/femtech եզրի ստեղծողը դեռ 2016 թուականին: Նրա ստեղծած Clue բջջային յաւելուածը համարւում է կանանց առողջութեանը նուիրուած թիւ մէկ յաւելուածն աշխարհում, որն ունի 15 միլիոնից աւելի օգտատէր մօտ 180 երկրներում:
Խօսնակների շարքում էին արհեստական բանականութեան համապատասխանութեամբ եւ տուեալների կառավարմամբ զբաղուող ստարտափի հիմնադիր Սաբրինա Փալմը Մեծ Բրիտանիայից, արհեստական բանականութեան հետազօտ Եւգենիա Ստամբոլիեւը Աւստրիայից, հայկական ՖԱՍԹ հիմնադրամի ղեկավար Արմէն Օրուջեանը, ում առաջնորդութեամբ իրականացւում է «Արհեստական բանականութեան սերունդ» ծրագիրը հանրակրթական դպրոցներում, համաշխարհային հռչակի հասած հայկական ստարտափ «Պիկսարտ»ի տնօրէններից Մատլէն Մինասեանը, դանիացի Ներմին Ղոնիեմը, ով արհեստական բանականութեան դանիական ազգային կենտրոնի խորհրդի անդամ է, եւ ուրիշներ:
Խորհրդաժողովի խօսնակներից ամերիկահայ Զարիկ Պօղոսեանը, որ մի քանի յաջող արհեստագիտական գործառնութիւնների հիմնադիր է, նաեւ ներդրող` բազմաթիւ հայկական ստարտափներում, կիսեց յաջողութեան տանող իր անձնական պատմութիւնը ու մեծ ոգեշնչում փոխանցեց դահլիճին:
Այս տարի «Ֆեմիննօ»ն հիւրընկալուել էր երեւանեան ամենահին շէնքերից մէկում` մայրաքաղաքի սրտում գտնուող «Առնօ Բաբաջանեան» համերգասրահում, որի բոլոր յարկերում ընթանում էին ելոյթներ, աշխատարաններ, կլոր սեղաններ եւ ներկայացումներ: Խորհրդաժողովը նորից համագործակցում էր միջազգային այնպիսի կառոյցների հետ, ինչպիսիք են ՄԱԶԾ/UNDP-ն եւ ԳՄԲՀ/GIZ-ը: Այս տարի խորհրդաժողովին միացել էին ինչպէս նախկինում մշտապէս աջակցող գործընկերներ, ինչպիսին է միջազգային Align Technology-ն, այնպէս էլ նոր գործընկերներ, որոնց շարքում են կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի-Ակբան:
«Մենք արդէն վստահ կարող ենք ասել, որ ամէն տարի Յուլիսի վերջին «Ֆեմիննօ»ի շնորհիւ կարողանում ենք ստեղծել միջազգային տօն կանանց եւ նորարարութեան շուրջ, որը Հայաստանը նոր ձեւով տեսանելի ու հետաքրքիր է դարձնում աշխարհի համար: Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանում ու ամէնուր կանայք մեծ ներուժ ունեն նորարարութեան բոլոր շերտերում», նշեց «Ֆեմիննօ»ի հիմնադիր ղեկավար Սեդա Պապոյեանը:
«Ֆեմիննօ»ի «Հայաստան» բեմում իրենց փորձառութիւնը կիսեցին հայկական Տեղեկատուական Արհեստագիտութիւնների (ՏՏ) ընկերութիւնների առաջատար մասնագէտներն ու ղեկավարները, նրանց թւում` Siemens Հայաստանի ղեկավար Իրինա Դումանեանը, SADA ընկերութեան ղեկավար Սիւզաննա Ազոյեանը, DataArt ընկերութեան ղեկավար Արսէն Բաղդասարեանը եւ ուրիշներ: Իրենց մասնագիտական փորձը մասնակիցների հետ կիսեցին ՄՌԿ ոլորտի առաջատար ներկայացուցիչներից Անի Մերուժանի Մարգարեանը, Լիլիթ Գէորգեանը, Լիլիթ Պապիկեանը, Նարեկ Ասլիկեանը եւ այլոք:
««Ֆեմիննօ» 2024» խորհրդաժողովի աւարտին ամփոփուեց կազմակերպութեան ամէնամեայ կրթաթոշակային ծրագիրը, որը կրում է Սոնա Մնացականեանի անունը: 8 երիտասարդ աղջիկ ստացան կրթաթոշակ` գիտութեան եւ արհեստագիտութիւնների ոլորտում իրենց կրթական նպատակներին հասնելու համար:
Առաջիկայում «Ֆեմիննօ» հարթակը նախատեսում է Նիւ Եորք տանել իր ճամբորդող խորհրդաժողովների ձեւաչափը, որ կոչել են «արբանեակ»: Նախորդ «արբանեակներ»ը հասել են մինչեւ Սան Ֆրանսիսկօ եւ Սիդնէյ:
(Հաղորդագրութիւնը՝ «Ֆեմիննօ»էն)