
Շաբաթ, Յուլիսի 6ին, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արք. Չիֆթճեան, որը յատուկ առաքելութեամբ գտնւում է Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայոց թեմում, այցելութիւն տուեց հարաւային Կալիֆորնիայի Սոլվենգ գիւղաքաղաքը: Սոյն վայրում 1911ից ի վեր հաստատուել եւ ապրում է դանիական համայնք, կառուցելով իր եկեղեցիներն ու դպրոցները, որոնք մինչ օրս գործում են համայնքային բացառիկ աշխուժութեամբ:
Սրբազան հօրը ընկերակցում էին նրա եպիսկոպոսական ձեռնադրութեան կնքահայրութիւնը ստանձնած ամոլը` տէր եւ տիկին Հրայր եւ Գոհար Ճերմակեանները, ինչպէս նաեւ տիրամայր Շուշան Չիֆթճեանը:
Գիւղաքաղաքում 1928ին կառուցուած «Բեթանիա» մայր եկեղեցում կատարուեց «Հրաշափառ»ի արարողութիւն եւ «Հայր մեր»ի երգեցողութեամբ գոհաբանութիւն մատուցուեց ամենակալ Աստծուն, Լոս Անջելեսից շուրջ երեք ժամ հեռաւորութեամբ գտնուող սոյն գիւղաքաղաք սրբազան հօր ժամանմանը առիթով:
Եկեղեցին կառուցուել է 12-14րդ դարերի դանիական եկեղեցիների ոճով, իսկ ներսի կենտրոնական առաստաղից կախուած նաւը, խորհրդանշում է երկնային անդորրութիւնը, մատուցուած հաւատացեալներին, այս ալեկոծ կեանքին դիմաց` որպէս փրկութիւն: Նման հեռանկարով հոգեւոր ծառայութեան կոչուած սոյն համայնքը իր նպաստն է բերում սովածութեամբ եւ այլ կարիքներով տառապող անհատներին:
Եկեղեցու կողքին, հիւսիսային այգում կայ բացառիկ մի յուշարձան, որը 1915ին, Հայոց Ցեղասպանութեան դաժան օրերին մեր ժողովրդի զաւակներին օգտակար հանդիսացած նշանաւոր անձի` Մարիա Եագոպսոնի կիսանդրին է: Համայնքի հետ համադրելով սոյն կիսանդրու տեղադրումը, դրա քանդակումը հովանաւորել են տէր եւ տիկին Քեւին եւ Միաղէն Մաթոսեանները, իսկ տեղադրմանը հովանաւոր է հանդիսացել տէր եւ տիկին Նուբար եւ Հուրի Արոյեան զոյգը:


Նրա առջեւ տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն սրբազան հօր նախագահութեամբ, յիշելով հազարաւոր հայ որբերի անձնուէր «Մամա»ին: Նա իր շատ երիտասարդ հասակից` 18 տարեկանից սկսեալ Խարբերդից մինչեւ այլ քաղաքներ, Սիրիա եւ ի վերջոյ Լիբանան էր տեղափոխել հազարաւոր հայ որբերի, հարազատ մօր նման խնամել նրանց, մեծացրել եւ կեանքի էր յղել նրանց: Նա իր սեփական կամքով փափաքել էր իր կերտած հայոց որբանոցում` «Թռչնոց Բոյն»ում թաղուել, սակայն հազարաւոր մղոններ հեռւում, Ամերիկայի Արեւմտեան ափում, Դանիական այս գիւղում դարձեալ վերյիշուել էր նա, եւ նրա կիսանդրին էր տեղադրուել եկեղեցու այգում, կրծքին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ժամանակակից հայրապետներից` Զարեհ Ա. կաթողիկոսի ընծայաբերած շքանշանով:
Մի կարիքաւոր անցորդ մօտեցաւ եւ հետաքրքրուեց մեզանով. նա այն անձնաւորութիւններից էր, որը մօտեցել էր եկեղեցու մուտքի աջ կողմում հաստատուած այն տուփին, որի վրայ գրուել էր եռատող հետեւեալ գրութիւնը. «Վերցրո՛ւ ինչ բանի որ կարիք ունես: Նուիրաբերի ինչ որ կարող ես: Վերջապէս` օրհնեալ լինես»: Հրայր եւ Գոհար Ճերմակեանները, որոնց հայրերը` Նազար Ճերմակեան եւ Բենիամին Չաքմաքճեան Հայոց Ցեղասպանութիւնից վերապրածներ էին եւ իրենց ամբողջ մանկութիւնն ու պատանեկութիւնը անցկացրել հայոց որբանոցում, ամփոփ զրոյց ունեցան տնանկ անցորդի հետ: Զրոյցը անսպասելի լացով յուզեց անցորդին, որը իր կէսօրուայ ճաշի համար էր մօտեցել եկեղեցու կողմից կարիքաւորներին ընծայուած տուփին: Մարդկանց օժանդակելու հոգեկան կազմաւորումը, դանիացի ժողովրդի կողմից դեռեւս շարունակւում է, 20րդ դարի սկզբից մինչ օրս, երբ աշխարհը պատերազմներով ու անզգամութեամբ է ապրում, իր անմարդկային վերաբերմունքը բազմապատկելով իրարու նկատմամբ…:
Երանի՜ դանիացի ժողովրդի մարդասիրութիւնը ընդօրինակող ազգերին…:
ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
Թաւրիզ
