Հայաստանի մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեան եւ Արցախի մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեան հանդէս եկան միացեալ յայտարարութեամբ մը՝ դատապարտելով Հայաստանի իշխանաւորներուն կողմէ արցախցիներուն նկատմամբ դրսեւորուած ատելութեան խօսքը։ Ստորեւ՝ այդ յայտարարութիւնը
«Խստագոյնս դատապարտելի է ՀՀ իշխանութիւնների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդուած ատելութեան խօսքը, ինչն արտայայտուեց նաեւ Յունիսի 12ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի յայտարարութիւններում: Դրանից յետոյ սոցիալական (ընկերային) մեդիայի տարբեր հարթակներում աւելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրաւորանքներն ու ատելութեան խօսքը, նրանց ծաղրելու դրսեւորումները:
«Էթնիկ (ցեղային) զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամէն ինչում մեղադրելու, ամէն հարցում թիրախաւորելու այս արատաւոր երեւոյթը դառնում է հանրութեան մէջ արցախցիների նկատմամբ ատելութեան գեներացման (ընդհանրացման) եւ լայն տարածման պատճառ:
«Բազմաթիւ են օրինակները, երբ այդ արշաւը տարածում ու անգամ ուղղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւնը, որը բռնի տեղահանուած արցախցիների` հայաստանեան հասարակութեանն ինտեգրմանն (համարկման) ու հանրային համերաշխութեանը նպաստելու փոխարէն մասնակից է դառնում հայութեան մի հատուածի նկատմամբ տարուող ատելութեան գեներացմանը: Հանրային հեռուստաընկերութեան` որպէս կառավարութեան հիմնադրած ընկերութեան նման քաղաքականութիւնը ակնյայտ է դարձնում, որ սա իշխանութիւնների մտադրուած քաղաքականութիւն է:
«Նշուածից բացի, բազմաթիւ վկայութիւններ փաստում են, որ հաւաքների վայրերից բերման ենթարկուած արցախցների նկատմամբ ոստիկանութեան ներկայացուցչիները դրսեւորում են առանձնակի թիրախաւորում, որն ուղեկցւում է արժանապատուութիւնը նուաստացնող արտայայտութիւններով, իրաւապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Արցախի կորստի մէջ արցախցիներին մեղադրելու, Հայաստանում «տեղ չունենալու», «հիւր լինելու» եւ այլ վիրաւորական արտայայտութիւններով:
«Արցախի համայնքների ղեկավարների, մասնաւորապէս Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Հաթերքի համայնքապետերի նկատմամբ յարուցուած քրէական հետապնդումները, նրանց ձերբակալումներն ուղեկցւում են ակնյայտ քաղաքական հովանաւորչութեամբ. դրանք նաեւ որեւէ իրաւական հիմք չունեն:
«Հայաստանի իշխանութիւնները չունեն Արցախի պետութեան նկատմամբ Արցախի համայնքային կամ պետական պաշտօնեաների պարտաւորութիւնների, նրանց արաքների քննութեան որեւէ իրաւասութիւն: Հայաստանի իշխանութիւններն իրենք են հրաժարուել Արցախի հետ իրաւական, ինչպէս նաեւ քաղաքական ու անգամ բարոյական բոլոր առնչութիւններից:
«Վերոնշեալ համայնքապետերի դէմ հետապնդումները սկսուեցին եւ նրանք զրկուեցին ազատութիւնից Հայաստանում իրենց քաղաքացիական, այդ թւում` հաւաքների մասնակցութեան կամ այդ հաւաքներին աջակցութիւն յայտնելու համար»: