ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԱՐԶԻ ԳԵՐԱԳՈՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՒՈՐ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆԻ ՀԵՏ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Դատաւոր դառնալու լուրը ստանալով շատ հպարտ զգացի, որ կարող եմ Հայաստանն ու ազգս ներկայացնել Ամերիկայում, որպէս դատաւոր», պատմում է Արմենուհի Էմի Աշուանեանը՝ իր բացառիկ յաջողութեան պատմութիւնը ներկայացնելիս, ընդգծելով նաեւ ի պաշտօնէ հային ու հայրենիքին օգտակար լինելու իր մշտական մղումը: Ծնուած լինելով Հայաստանում, Աշուանեանը առանձնայատուկ կամքի, մարդկային եւ մասնագիտական բարձր որակների շնորհիւ կարողացել է հաստատուն տեղ զբաղեցնել եւ հեղինակութիւն վաստակել երկրի եւ նահանգի իրաւական համակարգում՝ Կալիֆորնիայի նահանգապետի կողմից նշանակուելով Ամերիկայի ամենամեծ Գերագոյն դատարանի դատաւոր: Մասնագիտութեան ընտրութիւնը կայացրել է՝ առաջնորդուելով մարդկանց կեանքը բարելաւելու յստակ մտադրութեամբ, եւ գործունէութեան ընթացքում արժանացել է բարձր գնահատանքի՝ թէ՛ հանրութեան, թէ՛ գործընկերների եւ թէ կառավարութեան տարբեր օղակների կողմից: Աշուանեանը մեծապէս ներգրաւուած է Հայաստանի ու Արցախի իրաւական ոլորտի զարգացման գործում: Ան նաեւ հայ կնոջ լաւագոյն օրինակ է, ով վկայում է հայ կանանց ուժի եւ հնարաւորութիւնների անսահմանութեան մասին: «Ոչինչ չի կարող կասեցնել մարդուն, ով ցանկանում է բարելաւել ուսումը, կեանքը, եւ դառնալ մէկը, ով փոփոխութիւն կը բերի մարդկութեան կեանքում»՝ «Ասպարէզ»ի հետ բացառիկ հարցազրոյցում Աշուանեանը կիսւում է անցած ուղու եւ ձեռբերումների պատմութեամբ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կալիֆորնիայի իրաւական ոլորտում դուք մեծ դեր եւ ճանաչում ունէք՝ Լոս Անջելեսի մարզի Գերագոյն դատարանի դատաւոր էք: Այս պաշտօնն առանձնայատուկ է նրանով, որ Ամերիկա էք տեղափոխուել 17 տարեկանում, եւ առաջին հայն էք, ով ծնուած լինելով Հայաստանում՝ նշանակուել է դատաւոր Ամերիկայում: Կը պատմէ՞ք ձեր կեանքի հայաստանեան տարիների մասին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.- Ծնուել եմ Հայաստանում, խորհրդային կարգերի ժամանակ, ունեցել եմ անհոգ եւ երջանիկ մանկութիւն։ Շատ ուրախ եմ, որ կրթութիւնս ստացել եմ Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում, որովհետեւ այդ տարիներին կրթութիւնը մեծապէս կարեւորւում էր: Երբ տեղափոխուեցի Միացեալ Նահանգներ, 17 տարեկան էի, եւ պէտք է այստեղ մէկ տարի աւագ դպրոց յաճախէի, ու թէեւ անգլերէն մէկ բառ չգիտէի, զգացի իմ կրթութեան առաւելութիւնն Ամերիկայում միջնակարգ դպրոցի իմ հասակակիցների նկատմամբ՝ լինէր դա մաթեմատիկա (ուսողութիւն), պատմութիւն, թէ այլ առարկաներից:
Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ կրթութիւնը շատ մեծ դեր ունէր․ ծնողներս իմ մէջ սերմանել են, որ պէտք է ուսումս շարունակեմ, եւ դառնամ այն՝ ինչ ցանկանում եմ։ Երբեք չեն ասել, որ օրինակ, աղջիկ եմ, եւ այս կամ այն մասնագիտութիւնը չեմ կարող ընտրել։ Պատանեկութեանս շրջանում ցանկանում էի մանկավարժ դառնալ, բայց երբ եկայ Ամերիկա՝ ծրագրերս փոխուեցին։
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս սկսուեց ձեր իրաւական ուղին։ Ի՞նչ մարտահրաւէրներ յաղթահարեցիք մինչ Գերագոյն դատարանի դատաւոր նշանակուելը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.- Աւագ դպրոցից յետոյ քոլեջ գնացի, եւ ամենակարեւորը, որ պէտք է սովորէի, անգլերէնն էր։ Ես տիրապետում էի հայերէնի, ռուսերէնի եւ ֆրանսերէնի, եւ նոր լեզու պէտք է սովորէի 18 տարեկանում, որը հեշտ չէր, բայց դժուար էլ չէր։ Անգլերէնին տիրապետելուց յետոյ դեռ մտածում էի ուսուցչուհի դառնալու մասին։ Սակայն, Խորհրդային Հայաստանում թէեւ շատ դրական երեւոյթներ կային, ինչպէս նշեցի, միաժամանակ բացասական յիշողութիւններ ունէի, որոնք ազդեցութիւն էին ունեցել իմ վրայ։ Յիշում եմ, որ ընտրութիւնների ժամանակ մարդու իրաւունքների ոտնահարումներ էին տեղի ունենում, եւ ես միշտ հարց էի տալիս, թէ ինչո՞ւ չենք կարող խօսել ազատօրէն, ինչո՞ւ պետութիւնը թափանցիկօրէն չի մօտենում հարցերին, օրէնքներին, մարդկանց իրաւունքներին։ Այս երեւոյթներից ստացած բացասական տպաւորութիւններն էին, որ ինձ մղեցին փնտռելու մասնագիտութիւն, որի միջոցով կարող եմ օգտակար լինել մարդկանց:
Իմ ընտանիքում իրաւաբաններ չկան, դատաւոր չկայ, եւ ես մտածում էի ինչ մասնագիտութիւն կարող եմ ընտրել, որ մարդու իրաւունքների պաշտպան լինեմ, եւ մարդկանց կեանքը բարելաւեմ։ Խօսելով դասախօսներիս հետ, զգացի, որ իրաւաբանութիւնը միակ ճիւղն է, որ օրէնքի սահմաններում կարող է իրականացնել իմ այդ ցանկութիւնը։
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն էր ձեր առաջին աշխատանքը իրաւական համակարգում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.- Երբ սովորում էի իրաւաբանական համալսարանում, աշխատում էի հայ փաստաբանական գրասենեակում, եւ հիմնականում զբաղւում էի քաղաքացիական գործերով։ Աւարտելուց յետոյ, դիմեցի Լոս Անջելեսի մարզի Գլխաւոր դատախազութիւն, եւ ինձ ընդունեցին որպէս աւագ դատախազ: Դատախազութիւնում աշխատեցի շուրջ 14 տարի, որից վերջին ութ տարին՝ առաւելագոյն ծանր յանցագործութիւնների հարցերով աւագ դատախազ էի, փողոցային յանցաւոր խմբաւորումների բաժանմունքում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Լինելով հայ կին եւ այլ մշակոյթի կրող, ինչպէ՞ս ձեզ յաջողուեց աշխատել ծանր յանցագործների հետ՝ հաշուի առնելով Լոս Անջելեսի յանցաւոր խմբաւորումների «համբաւ»ը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.- Առաջին անգամը չէ, որ այդ հարցն ուղղում են եւ նոյնիսկ իմ ընտանիքի, ընկերական շրջապատում էլ մարդիկ շարունակում են հարցնել, թէ, որպէս կին, առաւել եւս՝ հայ կին, ինչո՞ւ ընդունեցի այդ առաջարկը, որովհետեւ ամէն մարդ չի կարող լինել դատախազ ծանր յանցաւորութեան հարցերով: Ծնողներս իմ մէջ սերմանել են ուժ, ինքնուրոյնութիւն, եւ մայրս շատ մեծ ազդեցութիւն է ունեցել իմ վրայ. ունենալով չորս զաւակ, մայրս հօրս կողքին հաւասարապէս աշխատել է Հայաստանում, եւ երբեք չի մտածել, որ պէտք է տանը մնայ եւ միայն երեխաներին հոգ տանի։ Մայրս ասում էր, որ չպէտք է ընկճուենք, որովհետեւ իգական սեռի ներկայացուցիչ ենք։ Այդպէս իմ մէջ ուժ է արթնացել եւ երբ սկսեցի աշխատել որպէս աւագ դատախազ, զգացի, որ կարող եմ իրականացնել այդ գործը։ Տարիների ընթացքում, աշխատանքս գնահատելով, դատախազութիւնն առաջարկեց, որ զբաղուեմ փողոցային առաւել ծանր յանցաւոր խմբաւորումների հարցերով։
Դատախազութեան կողմից ներկայացուող գործերը միայն մարդասպանութեան գործեր էին, բայց իմ մէջ ուժ է եղել, որը ես փոխանցել եմ նաեւ աղջկաս, որ երբեք չընկճուի որպէս կին, եւ երբեք չհրաժարուի իր ուզածից միայն, որովհետեւ կին է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս տեղի ունեցաւ ձեր անցումը դատախազից դատաւորի պաշտօնին։
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.- Շատ էի սիրում գործս որպէս դատախազ, որովհետեւ տուժածներին էի ներկայացնում եւ նրանց հարցն արդար լուծում էր ստանում: Ամերիկայի քրէական արդարադատութեան համակարգն աշխարհում լաւագոյններից է, թերութիւններ էլ կան ի հարկէ, բայց բաւարարուած եմ զգում, երբ տեսնում եմ որպէս դատախազ, որ տուժողն ինչ որ ձեւով հատուցւում է:
Չէի մտածում, որ երբեւէ կարող եմ դատաւոր դառնալ, նաեւ, հաշուի առնելով դատաւոր դառնալու ուղիները. Հայաստանում ծնուած որեւէ մէկը երբեք Ամերիկայում դատաւոր չէր նշանակուել, եւ ես առաջինը պէտք է լինէի, եւ մտածում էի, որ ինչու պէտք է հէնց ինձ ընտրեն, երբ այդքան հիանալի իրաւաբանների, դատախազներ ու դատապաշտպաններ կան՝ մարդիկ, ովքեր էստեղ են ծնուել, ուսում ստացել, քաղաքական կապեր ունեն, իսկ ինձ ոչ ոք չէր ճանաչում:
2008ին, պետդէպարտամենտն (արտաքին գործոց նախարարութիւնը) ինձ ընդունեց, եւ որակաւորեց որպէս քրէական գործերի մասնագէտ, եւ հարցրեցին, թէ արդեօ՞ք կը ցանկանամ իրենց հետ աշխատել Հայաստանի քրէական արդարադատութեան համակարգի բարեփոխումների հարցերով։ Մեծ սիրով ընդունեցի այդ առաջարկը, քանի որ խօսքն իմ հայրենիքի մասին էր․ շուրջ 14 տարի աշխատեցի մեր ազատ, անկախ Հայաստանի Հանրապետութեան համար։ Այս փուլում, փորձի փոխանակում տեղի ունեցաւ դատաւորների եւ դատախազների հետ, սկսեցի իրաւաբանական համալսարանում էթիկայի (բարոյագիտութեան) դասեր տալ, եւ արդիւնքում՝ դատաւորի աշխատանքը սկսեց ինձ գրաւել։
Դատաւոր դառնալու երկու տարբերակ կայ՝ կամ դիմում ես նահանգապետին, կամ ընտրութիւնների միջոցով ես դառնում դատաւոր, որն աւելի հեշտ էր, բայց այդ ժամանակ շատերն ինձ չէին ճանաչում: Ես գնացի առաջին ճանապարհով: Նահանգապետին դիմելիս գործընթացն աւելի երկար ու դժուար է, որովհետեւ անցնում են տարբեր հարցազրոյցների միջով, եւ վերջին խօսքը նահանգապետինն է, որ պէտք է հաստատի ընտրութիւնը։ Երբ զանգ ստացայ նահանգապետի գրասենեակից, որ ինձ նշանակել են, սկզբում չհաւատացի՝ մտածելով, որ շփոթել են, բայց շատ ուրախացայ, եւ ոչ միայն անձամբ իմ համար, նաեւ՝ իմ ազգի համար հպարտ զգացի, որ կարող եմ Հայաստանն ու ազգս ներկայացնել Ամերիկայում, որպէս դատաւոր: Ես Հայաստանում ծնուած առաջին մարդն էի եւ կինը, ով դատաւոր դարձաւ Ամերիկայում, եւ յոյս ունեմ, որ չեմ լինի վերջինը։
Իմ հայ ուսանողներին, եւ դատարանում հայազգի իմ մօտ աշխատողներին միշտ յորդորում եմ, որ մտածեն դատաւոր դառնալու մասին եւս, որովհետեւ մեր հայ իրաւաբանների շրջանում, աւելի շատ ձգտում կայ իրենց սեփական գրասենեակը բացելու, քանի որ այդպէս աւելի շատ դրամ են աշխատում, քան եթէ մտնեն հանրային ծառայութեան ոլորտ: Բայց իրականում, շատ կարեւոր է, որ մենք ունենանք հայ դատաւորներ, կին դատաւորներ, ովքեր ներկայացնեն նաեւ հայ համայնքը։
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Համայնքը հպարտ է ձեր նուաճումներով, ձեր կեանքի պատմութիւնը յաջողութեան լաւագոյն օրինակ է: Ի՞նչ խորհուրդ կը տաք հայ իրաւաբան երիտասարդներին, ովքեր դեռ չեն կողմնորոշուել աշխատանքի հարցում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.- Թէ՛ նրանց ովքեր դեռ սովորում են համալսարանում, թէ՛ նրանք, ովքեր աշխատանք ունեն արդէն, բայց դեռ չեն որոշել, ինչ ուղղութեամբ են ցանկանում առաջ գնալ, եւ թէ նոյնիսկ նրանց, ովքեր աշխատում են որպէս իրաւաբան, եւ ունեն իրենց գրասենեակները, ես կը ցանկանամ, որ երբեք չընկճուեն, չհրաժարուեն իրենց նպատակներից, յատկապէս հայ կանայք՝ մտածելով, որ իրաւական համակարգում պաշտօններն իրենց համար չեն, եւ բաւարարուեն գրասենեակային աշխատանքով։ Պէտք է միշտ ձգտեն լաւից լաւագոյնին: Ես վառ օրինակ եմ, որ եթէ ձգտես կեանքում ինչ որ բանի՝ կը հասնես․ իմ դէպքում՝ երբ անգլերէնին չէի տիրապետում, պէտք է արագօրէն սովորէի, որ կարողանայի ընտանիքս պահել, որովհետեւ ծնողներս թոշակի տարիքի էին․ յետոյ ամուսնացայ, եւ պէտք է հոգ տանէի նաեւ երեխաներիս: Սակայն ոչինչ չի կարող կասեցնել մի մարդու, ով ցանկանում է բարելաւել ուսումը, կեանքը, եւ դառնալ մարդ, ով փոփոխութիւն կը բերի մարդկութեան կեանքում։ Ես միշտ յիշում եմ Մայր Թերեզայի խօսքերը, որ «մեզանից ոչ բոլորը կարող են մեծագոյն գործեր անել, բայց մենք բոլորս էլ կարող ենք փոքր գործեր անել մեծ սրտով»: Խորհուրդ եմ տալիս երիտասարդներին ներգրաւուել հասարակական աշխատանքներում, եւ ոչ միայն որպէս իրաւաբան օգուտ տալ հանրութեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Համահայկական հարցերի լուծման հարցում Սփիւռքի ներուժի ներգրաւումը կենսական է։ Իրաւական ոլորտի ներկայացուցիչների համար ներգրաւուելու ի՞նչ ծրագրեր կան, եւ ի՞նչ ուղիներ կը նշէք:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.- Ընդգրկուելու լաւագոյն ձեւը, եթէ անձնապէս չես ցանկանում կապեր ստեղծել Հայաստանի հետ եւ այդպիսով ներգրաւուել, կարող է լինել Հայ Իրաւաբանական միութեան անդամ դառնալը։ Ինքս, հանդիսանալով այս միութեան անդամ, ականատես եմ լինում, որ չկայ օր, շաբաթ, որ նոր ծրագիր չստեղծենք, եւ ընդգրկենք երիտասարդ հայ իրաւաբանների։ Միութիւնն անդամներ ունի ամբողջ աշխարհում, մասնաւորապէս՝ Ամերիկայում, ովքեր լաւագոյն մասնագէտներն են իրենց իրաւական ոլորտում։ Անդամ դառնալով, կարելի է ընդգրկուել թէ՛ Հայաստանին աջակցող ծրագրերում, թէ՛ նպաստել միջազգային դատարաններում Հայաստանի ու Արցախի համար դատական գործերին: Կան նաեւ իրաւաբաններ, ովքեր խորհրդատուութիւն են տրամադրում երիտասարդներին, ծանօթացնում են դատարաններին ու դրանց աշխատանքին։
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ոչ վաղ անցեալում, հայ համայնքի նկարագրի մաս էին կազմում յանցաւոր խմբաւորումները։ Ներկայում, հայերի շրջանում յանցագործութիւնների թուի մասին ի՞նչ վիճակագրութիւն կայ։
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.- Պաշտօնական վիճակագրութիւն չկայ, բայց իմ փորձից, որպէս դատախազ, եւ հիմա էլ որպէս դատաւոր, շատ ուրախ եմ յայտարարելու, որ հայազգի յանցագործների թիւը շատ փոքր մաս է կազմում։ Ամերիկայում եւ աշխարհում ընդհանրապէս չկայ մի ազգ, որ չունենայ յանցագործ տարր, բայց որովհետեւ մենք քիչ ենք, յանցագործութիւն կատարած մէկ հոգին էլ մեծ ուշադրութեան է արժանանում, եւ չգիտես ինչու, մեր համայնքը սկսում է անհանգստանալ, թէ բոլորը կը մտածեն, թէ շատ է մեր յանցագործութիւնների թիւը։ Իրականում, հայերի շատ փոքր մասի մասին է խօսքը է, եւ այդ թիւն էլ նուազում է, որովհետեւ մեր հայ ազգն աշխատասէր ազգ է, կառուցող է, ուսում սիրող, եւ հպարտ եմ ասելու, որ մեր երիտասարդները Լոս Անջելեսի մարզում ամենալաւ իրաւաբաններն են, եւ ունենք հայ դատախազներ, հայ դատապաշտպաններ, եւ իսկապէս հպարտանում եմ նրանցով։
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք մասնագիտական աջակցութիւն էք ցուցաբերել նաեւ Արցախին: Շարունակւո՞ւմ է ձեր կապը արցախահայերի հետ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.- Արցախի հետ կապուած մեր ցաւը դեռ տաք է։ Մինչ ցեղասպանութիւնը եւ բռնագաղթը, սերտ կապերի մէջ էի Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի հետ, միաժամանակ, Հայ Իրաւաբանների միութեան կողմից համանախագահն էի Արցախի Պետական համալսարանի Իրաւաբանական ֆակուլտետի (բաժանմունքի) հետ գործող յանձնախմբի: Այսօր էլ չենք ընկճւում, եւ գտել ենք մեր աշակերտներին ու շարունակում ենք աշխատել ու առաջ ընթանալ՝ յոյսով, որ Արցախը կորած չէ, դեռ ամէն ինչ վերջացած չէ, եւ շատ մեծ յոյս ունեմ, որ մի օր արցախահայերը կը վերադառնան իրենց հողերը: Մշտապէս Հայաստանի եւ Արցախի կողքին ենք իւրաքանչիւր հարցի պարագայում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք երկար տարիներ ներգրաւուած էք եղել Հայաստանի իրաւական ոլորտի բարեփոխումներում։ Վերջին շրջանում էլ, ամէն տարի առնուազն մէկ անգամ այցելում էք Հայաստան։ Ի՞նչ այց է դա, աշխատանքային է, թէ՞ որպէս զբօսաշրջիկ էք մեկնում։
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.- Ե՛ւ աշխատանքային, եւ զբօսաշրջային այց է լինում։ Գրեթէ 16 տարի է, որ տարին երկու անգամ այցելում էի Հայաստան, մինչ համաճարակը։ Տարին մէկ անգամ պարտադիր ընտանիքով էինք գնում, որովհետեւ իմ համար շատ կարեւոր էր, որ ամրացնէի այն ժամանակ դեռ մանկահասակ երեխաներիս կապը հայրենիքի հետ: Նրանք այստեղ են ծնուել մեծացել, եւ շատ հպարտ եմ, որ խօսում են մաքուր հայերէնով, որովհետեւ տանը միայն հայերէն ենք խօսում։
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որքանո՞վ է կարեւոր կապը հայրենիքի հետ, եւ այդ կապի անհրաժեշտութեան սերմանումը երիտասարդ սերնդի շրջանում։
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.- Շատ կարեւոր է։ Իմ համար բաւարար չէր, որ իմ երեխաները հայերէն են խօսում, շատ կարեւոր էր, որ հայրենիքի հետ կապը նրանց ամուր լինի, որովհետեւ շատ մեծ ցանկութիւն ունեմ, որ երեխաներս իմ գործը շարունակեն, եւ սերտ կապեր ունենան Հայաստանի հետ։ Երեխաներիս վրայ մեծ ազդեցութիւն է գործել իրենց հասակակիցների կեանքը Հայաստանում։ Ես նրանց ամռանն էի տանում, որ տեսնէին Հայաստանի երեխաների ինքնուրոյնութիւնը, բակում խաղալը, խանութ գնալը ՝ ի համեմատութիւն Ամերիկայի, որտեղ անվտանգութեան առումով վախ կայ։ Հայաստանում շատ ապահով ենք մեզ զգում, քան այստեղ։ Իմ կարծիքով, շատ կարեւոր է, որ ամէն ընտանիքի ծնող իր երեխայի մէջ սերմանի եւ ամուր պահի կապը հայրենիքի հետ, եւ չբաւարարուեն միայն նրանով, որ այստեղ իրենց երեխաներին հայ են մեծացնում:
Գործնական այցերիս առումով էլ, 2008ից սերտ կապեր ունեմ արդարադատութեան նախարարութեան, մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի հետ, գլխաւոր դատախազութեան, վճռաբեկ դատարանի, ոստիկանական համակարգի, եւ դատաւորների հետ։ Շարունակւում է աշխատանքս Երեւանի Պետական եւ Հայաստանում Ամերիկեան համալսարանների հետ: Աջակցութիւնս տեղի է ունենում ոչ միայն որպէս Հայ Իրաւաբանների միութեան վարչութեան անդամ, այլ նաեւ անձնական, որպէս դատաւոր, եւ եթէ կարիք է լինում իմ մասնագիտական խորհրդատուութեան որպէս քրէական գործերի մասնագէտ, ես միշտ պատրաստ եմ օգնելու։ Երբ 2015ին պետդէպարտամենտի բիւջէն (ամավարկը) վերջացաւ, վերջին տարիներին իմ անձնական միջոցներն եմ տրամադրում որպէսզի օգնեմ, որովհետեւ իմ համար շատ կարեւոր է։ Երբ հարցնում են, որ այս տարիների ընթացքում գործունէութեան ընթացքում որեւէ փոփոխութիւն տեսնում եմ, ասում եմ, որ տեսնում եմ բարեփոխումներ, եւ մեծ յոյս ունեմ, որ մի օր Հայաստանի արդարադատութեան համակարգը լինելու է լաւագոյններից աշխարհում։
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք կայացած էք՝ ե՛ւ որպէս կին, ե՛ւ որպէս մայր, եւ որպէս մասնագէտ։ Համայնքային ձեռնարկներում ձեզ յաճախ է ուղեկցում է ձեր ամուսինը, աջակցում է ձեր նախաձեռնութիւններին։ Որքանո՞վ է նպաստել ձեր ամուսնու եւ ընտանիքի աջակցութիւնը ձեր կայացմանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.-Կարող եմ միանշանակ ասել, որ դա ամենակարեւորն է։ Եթէ ամուսնուս աջակցութիւնը չլինէր, ինչպէս մենք հայերս ասում ենք՝ մէջքիս չկանգնէր, ես երբեք չէի կարողանայ կրթութիւն ստանալ, որովհետեւ, որպէս մայր, կին չես կարող ընտանիքդ ժամերով թողնել, ու գնալ դպրոց եւ աշխատել: Ամուսինս ոչ մի օր ինձ չի ասել, որ թողնեմ այդ ամէնն ու զբաղուեմ միայն երեխաների խնամքով։ Հակառակը, միշտ կանգնած է եղել կողքիս: Երբ աւարտեցի իրաւաբանական համալսարանը, նրան ասացի, որ ինքն էլ իմ հետ միասին պէտք է վկայական ստանայ։ Եթէ ընտանիքը չհասկանայ, շատ դժուար է հայ կնոջ համար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք ներկայացրեցիք յաջողուած կին լինելու բանաձեւը։ Ձեր ուղերձը՝ մասնաւորապէս հայ կանանց եւ աղջիկներին։
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷՄԻ ԱՇՈՒԱՆԵԱՆ.- Խորհուրդս հայ կանանց այն է, որ չընկճուեն, եւ միշտ հասնեն այն նպատակին, որ ունեն: Խոչընդոտներից պէտք չէ ընկճուել, որովհետեւ լինում են դրանք ամէն ընտանիքում, ամէն ոլորտում: Շատ կարեւոր է, որ գիտակցես, որ ոչ թէ ցանկանում ես լաւ մասնագէտ դառնալ, այլ՝ լաւ մարդ ընտանիքիդ, շրջապատի, եւ հասարակութեան համար։ Կարեւոր է, որ նաեւ ընտանիքդ ներգրաւես հասարակական աշխատանքում։ Իմ երեխաները, ամուսինս միշտ ներգրաւուել են տարաբնոյթ աշխատանքներում իմ կողքին, որովհետեւ նրանք եւս մաս են դառնում եւ իրենք էլ հանրօգուտ աշխատանքով են սկսում զբաղուել, եւ դա դառնում է ընտանեկան աշխատանք, որը նոյնիսկ օգնում է ընտանիքի անդամներին առաւել մտերմանալու։
Արմենուհի Էմի Աշուանեանի գործունէութեան գնահատականն են բազմաթիւ պատուոգրերն ու մրցանակները, որոնք նա ստացել է տարբեր պետական հաստատութիւնների, կազմակերպութիւնների եւ պաշտօնեաների, այդ թւում՝ Լոս Աջելեսի մարզի գլխաւոր դատաւորի, SEIU Local 721 արհմիութեան, Կալիֆորնիայի Ծերակոյտի, Ամերիկայի Արեւմտեան թեմի, եւ այլոց կողմից:
Իր ոլորտում մեծ հեղինակութիւն վայելող մեր հայրենակցուհու աշխատասենեակում տիրողը հայկական ոգին է՝ հայկական խաչքարով, Տէրունական աղօթքով, ու Արցախի խորհրդանիշ՝ «Մենք ենք մեր սարերը» քանդակով: «Սա իմ հայի տուն-անկիւնն է», ներկայացնում է Աշուանեանն ու այդ պահին կարծես կերպարանափոխւում՝ ողողւում իւրատեսակ լոյսով, ու յաւելում է «Տէրունական աղօթքի այս նմուշն էլ, ինձ միշտ յիշեցնում է, որ ես քրիստոնեայ հայ եմ եւ երբեք չպէտք է մոռանամ իմ արմատները»: