

«Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումին նախաձեռնած՝ «Սուտի եւ կեղծիքի դէմ պայքար՝ յանուն ճշմարտութեան եւ արդարութեան» խորագիրով քայլարշաւը, զոր կը գլխաւորէ Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստեանը, 7 Մայիսին շարունակուեցաւ եւ հասաւ Չարենցաւան։
Երթին ընթացքին, Բագրատ սրբազան պատասխանեց լրագրողներուն հարցումներուն, որոնք կը վերաբերէի նոյն օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կատարած յայտարարութիւններուն, որոնց մէջ ան ըսաւ, թէ եկեղեցւոյ դէմ հակամարտութիւն չի մղեր, իսկ եկեղեցին ատիկա կ՛ընէ՞, թէ ոչ, ապա այդ հարցումին եկեղեցին պէտք է պատասխանէ:
«Մարդիկ ուզում են ազատագրուեն այս ամբողջ կեղտոտ, մեղսալից, նուաստացած ու ստորացած վիճակից: Մարդիկ ուզում են հաշտ ապրել, ուժեղ ու յաղթանակած, չեն վախենում ոչ մի բանից, մարդկանց վախեցնողներն են վախենում ամէն ինչից: Ճանաչէք ճշմարտութիւնը եւ ճշմարտութիւնը կ՛ազատի ձեզ․ ես եկայ, որ կեանք ունենաք եւ առաւել կեանք ունենաք, ոչ սովորական կեանք, այլ անմահութեան կեանք, այս մարդիկ հաւատում են ու փաստում այդ մասին», նշեց ան։
«Մեր երկիրը ժողովրդի իշխանութեան երկի՞ր է, թէ՞ ոչ: Ժողովուրդն էլ կ՛ասի իր ձայնը, սիւների տեղադրումը չկանգնի, իրենք կը կանգնեն: Այս շարժման գեղեցկութիւնն այն է, որ ամբողջութեամբ ճշմարտութեան մասին է, անկախ նրանից` որքան կ՛ուզեն վարկաբեկել, ծիծաղել մարդկանց վրայ, ովքեր անձրեւի տակ ու կարկուտի, կապ չունի թէկուզ 5 հոգի, 5 հոգի համոզուած մարդ իր նպատակի համար քայլում: Մարդիկ կան, որ բժշկուելուց, հիւանդանոցից դուրս են եկել ու քիչ առաջ այստեղ էին: Ձեռնափայտերով են գալիս մարդիկ, զոհուածի հայրը` Արամի Ղուլարեան, կատետրը (բժշկական խողովակ) ձեռքի վրայ: Այս մարդուն ո՞վ է բերել` ճշմարտութեան զգացումը», նշեց Բագրատ սրբազանը:


Ըստ անոր՝ մարդոց շարքերը կը խտանան եւ կարելի է տեսնել`որքան երիտասարդներ կան, հակառակ անոր, որ փորձ կը կատարուէր թաղել երիտասարդութիւնը եւ ըսել, որ անտարբեր է:
«Դեռ չէք տեսել վերջն ինչ է լինելու, դեռ վերջը չէք տեսել, փոքր ընթացքն էք տեսել միայն», ընդգծեց Բագրատ սրբազան:
7 Մայիսին երթին միացաւ նաեւ Հայաստանի մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեան, որ պատասխանելով այն դիտարկման, թէ իբրեւ վարչապետի թեկնածու իր անունը շրջանառութեան մէջ է՝ ըսաւ. «Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ սրբազանին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց իրաւունքների համար պայքարում են, աջակցելու:
«Այն, ինչ տեղի է ունենում, սահմանազատում չէ, սա անօրինական գործընթաց է, միջազգային որեւէ համակարգի պահանջի չի համապատասխանում, մեր երկրի անվտանգութեան համակարգը խաթարող պրոցես (գործընթաց) է, իսկ այդ պրոցեսն իրականացնող յանձնաժողովները գործունէութեան որեւէ իրաւական հիմք չունեն»։
Ան դիտել տուաւ, որ «այս պրոցեսը նաեւ հակադրւում է մեր շահերին: Ինչո՞ւ, ստեղծւում է կարծրատիպ` իբր իրականացւում է օրինական սահմանազատում: Դրա համար է, որ տարբեր երկրներ, միջազգային տարբեր կազմակերպութիւններ ողջունում են այս գործընթացը, նշում, որ սա տեղի է ունենում համաձայնագրի հիման վրայ: Ես ուզում եմ յատուկ ասել, որ չկայ ոչ մի համաձայնագիր: Այս մասին խօսում են կառավարութեան տարածած հաղորդագրութիւնները»։
Թաթոյեան ընդգծեց, որ խիստ արատաւոր արշաւ սկսած է Հայ Առաքելական եկեղեցւոյ նկատմամբ: «Մենք տեսանք, թէ ինչպէս խորհրդարանում կառավարող խմբակցութեան անդամները բացայայտ կերպով թիրախաւորում են եկեղեցուն, սրբազան հօրը` Բագրատ սրբազանին: Բացի այն, որ նրանք գործում են իրենց իսկ իշխանութեան տարիներին ընդունած քրէական օրէնսգրքով նախատեսուած յանցանքներ, դրանով հարուածում են Հայ Առաքելական եկեղեցու հիմքերին, ինչը դատապարտելի ու անընդունելի է», շեշտեց ան։