Պահանջատէր հայ ժողովուրդը հայաշխարհում Ապրիլի 23ին եւ 24ին բողոքի բազմազան միջոցառումներով ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան Սրբադասուած նահատակների անմեռ յիշատակը:
Թեհրանում, Ապրիլի 24ի երեկոյեան մեծ թուով հանդիսատեսներ էին համախմբուել «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում, մասնակիցը դառնալու «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ Ապրիլեան ոգեկոչման կենտրոնական ծրագրին:
Միջոցառումը մեկնարկ Տէրունական աղօթքով, Իրանի եւ Հայաստանի պետական օրհներգերով: Ծրագիրը մէկտեղուած էր գեղարուեստական յայտագրով: Օրուայ բանախօս էր հրաւիրուել Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւոր Աննա Գրիգորեանը. ներկաներին իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Սարինէ Թորոսեանը ընթերցեց Թեհրանի Հայ Դատի խօսքը, Նայիրի Բալալեանը ընթերցեց Հայ Դատի Միջին Արեւելքի յանձնախմբի խօսքը եւ Առաքել աբեղայ Գատեհճեանը ընթերցեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը:
Միջոցառումը համեմուած էր գեղարուեստական յայտագրով եւ վերջում հայ նոր սերնդի երիտասարդ սկաուտները երդուեցին յանուն Աստծու, Հայաստանի եւ Արցախ աշխարհի:
Գիտակից հայորդիները Ապրիլի 24ի առաւօտեան ժամը 9:30ից համախմբուել էին Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ Մայր եկեղեցում մասնակից դառնալու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին մատուցուող կրօնական արարողութեանը եւ Փառաբանական աղօթքին: Իսկ եկեղեցու շրջափակում գտնուող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ տեղի ունեցաւ Ծաղիկների մատուցման արարողութիւն, եւ բողոքի ու պահանջատիրական համահաւաք: Եղան արտայայտութիւններ, ժողովուրդը վանկարկեց կարգախօսներ, ընթերցուեց օրուայ բանաձեւը:
Ապրիլի 23ի երեկոյեան գիտակից հայ նոր սերնդի հայորդիները համախմբուել էին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում եւ մասնակից դարձան երիտասարդական համահաւաքին: ՀՅԴ «Ռոստոմ» Երիտասարդական միութեան նախաձեռնած միջոցառումը մեկտեղուած էր խօսքերի փոխանցմամբ, տեսաֆիլմի ցուցադրութեամբ եւ գեղարուեստական յայտագրով: Վերջում երիտասարդները բոցավառուած ջահերով անմար պահեցին Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն նահատակների անմեռ յիշատակը եւ երգեցին յեղափոխական երգեր: