Ապրիլի 24ի նախօրեակին ընթերցողին ներկայացուեց ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակի» նոր համարը: Ինչպէս եւ սպասելի էր համարը նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան: Ճակատագրի դաժան դասաւորմամբ 21րդ դարում հայութեան համար կրկնւում են հարիւրամեայ վաղեմութեան ողբերգական իրադարձութիւնները՝ տեղի ունեցաւ Արցախի բռնագրաւումն ու հայաթափումը, ցեղասպան հարեւանները փորձում են քայլ-քայլ զրկել Հայաստանը ինքնիշխանութիւնից: Եւ Պետականութեան պայմաններում տեղի ունեցող ողբերգութիւնը հնարաւոր է դարձել Հայաստանի դրածոյ իշխանութեան անուղղակի եւ ուղղակի աջակցութեամբ: Տեղի ունեցող իրողութիւններն էլ լուսաբանւում են հայոց ողբերգութեան ամսին լոյս տեսնող «Դրօշակ»ում:
Համարի նիւթերի հեղինակների մօտ կարմիր թելի պէս զուգահեռներ են անցկացւում հարիւրամեայ ժամանակային հեռաւորութեամբ բաժանուող իրադարձութիւնների՝ թուրքական ցեղասպանական գործողութիւնների եւ ձեռագրի հարցում: Քաղաքագէտ Մարի Յովհաննիսեանը անդրադառնում է ցեղասպանութիւնների ժխտողականութեան խնդրին՝ ներկայացնելով այս երեւոյթը, որպէս ցեղասպանութիւնների իրականացման գաղափարաքաղաքական բաղկացուցիչ եւ որպէս երեւոյթ, ինչը խրախուսում եւ հիմք է ծառայում մարդկութեան դէմ ուղղուած այս ոճրագործութեան կրկնութիւնների համար: Յօդուածի հեղինակը փաստում է, որ Հայութեան դէմ իրականացուած ցեղասպանութեան ժխտման թէզերի հիմնադիրը եղել է դեռեւս համիդեան վարչախումբը:
Թուրքագէտ Մելինէ Անումեանը անդրադառնում է 1919-1921ի թուրքական իշխանութիւնների կողմից կազմակերպուած երիտթուրքերի դատավարութիւններին: Այս դատավարութիւնների ընթացքում մեղադրեալներին են ներկայացուել իրենց ցեղասպանական գործունէութիւնը բացայայտող ծանրակշիռ փաստեր, որոնք ապացուցուել են երիտթուրք պարագլուխների խոստովանութիւններով եւ նրանց ստորագրած հրամանագրերի նոյնականացմամբ: Ելնելով այս դատավարութեան վերաբերեալ հրապարակուած փաստերից, ինչպէս եւ կայացուած դատավճիռներից, Անումեանի համոզմամբ, ըստ էութեան, հէնց այդ ժամանակ են թուրքական իշխանութիւնները ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, թէեւ միայն տասնամեակներ անց պէտք է միջազգայնօրէն բանաձեւուէր իրաւական այս եզրը:
Արցախցի լրագրող Տաթեւիկ Աղաջանեանը, ներկայացնելով բռնագրաւուած Արցախում այս օրերին տեղի ունեցող մշակութային վանդալիզմը, փաստում է, որ հայկական բռնագրաւեալ տարածքների վրայ տեղի է ունենում մշակութային ցեղասպանութիւն:
Պատմաբան Արմէն Կարապետեանը անդրադառնում է քրդերին հայոց բնաջնջմանը մասնակից դարձնելու համիդեան եւ երիտթուրքական քաղաքականութեան: Յօդուածի հեղինակի համոզմամբ բազմաթիւ փաստերի շնորհիւ անհերքելի է այս երեւոյթը եւ ինչպէս թուրքերը, նոյնպէս եւ քրդերն ու նրանց ժառանգները պարտաւոր են հաշուի նստել տուեալ իրողութեան հետ:
Պատմաբան Գոհար Խանումեանը ընթերցողին է ներկայացնում «Նեմեսիս» գործողութեան մինչեւ վերջերս հանրութեան համար անյայտ անդամներից մէկին՝ Ահարոն Սաչաքլեանին:
Արուեստաբան Մովսէս Ծիրանիի ներկայացրած ակնարկը կոչւում է «Ցեղասպանութեան Գեղարուեստական Արձագանգները Սփիւռքահայ Կերպարուեստում»: Յուզիչ ու հետաքրքիր է անդրադառնալը Եղեռնի ցաւը հոգիներում կրող այն հայորդիների կեանքին ու գործունէութեանը, ովքեր իրենց արուեստով փորձեցին աշխարհին ներկայացնել հայոց մեծ ողբերգութիւնը: