Իրաւունքի եւ արդարութեան կեդրոն «Թաթոյեան» հիմնարկի տնօրէն, Հայաստանի Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեան անդրադարձաւ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ պետական սահմանի սահմանազատման՝ գոյացած պայմանաւորուածութիւնը նկատելով սպառնացող վտանգ։ Ստորեւ Թաթոյանի անդրադարձը.
«1. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով ՀՀ յանձնաժողովը, որի անունից այսօր տարածուել է Տաւուշի մարզի հատուածում ադրբեջանական զինուած ծառայողների առաջախաղացման եւ տարածքներ միակողմանի զիջելու մասին յայտարարութիւնը, չունի նման հարցեր քննարկելու որեւէ իրաւասութիւն:
«Դա քաղաքական որոշումներին կեղծ իրաւական շղարշ տալու յանձնաժողով է, որ իր յայտարարութեամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգութեան անկառավարելի Մեծ խնդիրներ:
«Այդ յանձնաժողովի, նրա ղեկավարի կամ որեւէ անդամի իրաւասութիւն որեւէ տեղ սահմանուած չէ: Ընդամէնն առկայ է Հայաստանի կառավարութեան ղեկավարի 23.05.2023թ. որոշում, որ ուղղակի արձանագրում է նման յանձնաժողով ստեղծուած լինելու փաստը եւ դրա անհատական կազմը:
«Չկայ որեւէ իրաւական ամրագրում, թէ այդ յանձնաժողովն ինչ իրաւասութիւն ունի, ինչ հարցեր է քննարկում, ինչպէս է քննարկում հարցեր ու որոշումներ կայացնում:
«Սա նշանակում է, որ քիչ առաջ այդ յանձնաժողովի անունից Կառավարութեան տարածած յայտարարութեան նպատակն է այս քաղաքական բացարձակ անթոյլատրելի գործընթացը ինստիտուցիոնալ (կառուցային)-իրաւական կեղծ շղարշով քօղարկել:
«Տեղի ունեցածը նաեւ սկզբունքօրէն հակասում է սահամանազատման միջազգային պահանջներին:
«2. ՀՀ կառավարութեան ղեկավարը Տաւուշի մարզի հատուածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգութիւնն ու իրաւունքները, ադրբեջանական զինուած ծառայողներին մօտեցնում են մարդկանց տներին ու նրանք յայտնւում են ճանապարհներին:
«Պարզաբանումը, թէ ճանապարհների էական խնդիրներ չեն առաջանում եւ կարող են կառուցուել այլընտրանքային ճանապարհներ, ընդամէնը փորձ է` կոծկելու համար մարդկանց եւ երկրի անվտանգութեան համար առաջացող իրական խնդիրները:
«Բացարձակ անընդունելի է կառավարութեան ղեկավարի արդարացումը, թէ առանց այդ էլ որոշ գիւղեր ադրբեջանական նշանառութեան ներքոյ են. ադրբեջանական զինուած ծառայողներին հեռացնելու եւ նշանառութիւնը վերացնելու փոխարէն կառավարութիւնը, փաստօրէն, աւելի է շրջապատում մեր գիւղերն ադրբեջանական զօրքով` արդարացնելու համար քաղաքական որոշումները:
«Առանց այն էլ Բաղանիսի ճանապարհահատուածը եղել է ադրբեջանական զինուած ծառայողների թիրախի տակ եւ ժամանակ առ ժամանակ կրակել են երթեւեկող մեքենաների ուդղութեամբ, հիմա դուրս է գալիս կառավարութեան ղեկավարի այս որոշմամբ նրանք աւելի են մօտենում ճանապարհին:
«Կիրանց գիւղի համար առաջարկուող այլընտրանքային ճանապարհն անվտանգ չէ եւ յայտնուելու է ադրբեջանական զինուած ծառայողների դիտարկման տակ:
«3. Ադրբեջանը շարունակում է մխրճուած մնալ ՀՀ Տաւուշի մարզին պատկանող տարածքներում եւ դրանք պահել օկուպացուած (գրաւուած):
«Մինչդեռ, Հայաստանի կառավարութիւնն իրականացնում է ռազմավարական կարեւորութեան տարածքներից զօրքերի միակողմանի յետքաշում, ինչը խաթարում է ոչ միայն սահմանային բնակիչների, այլ նաեւ վնաս է հասցնում ամբողջ երկրի անվտանգութեանը:
«Ընդ որում, ակնյայտ է, որ կառավարութիւնը յատուկ է հրապարակել այնպիսի քարտէզ, որում չեն երեւում անվտանգութեանը վերաբերող խնդիրները եւ միակողմանի զիջումները»։