ԼՈՌԻ.- Ապրիլի 10ին, Լոռու մարզի Դեբեդ գիւղում տեղի ունեցաւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կառուցուող դպրոցի հիմնարկէքի արարողութիւնը։
Միջոցառմանը ներկայ էին Հայաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջեանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարեանը, Փամբակ խոշորացուած համայնքի ղեկավար Սուրէն Կոստանդեանը, կառավարութեան եւ համայնքի այլ ներկայացուցիչներ, ՔՈԱՖի գործադիր տնօրէն Լիանա Ղալթաղչեանը։
Դպրոցի կառուցումն իրագործւում է հիմնադրամի գիւղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի շրջանակներում` հնարաւորութիւն ընձեռելով հարիւրաւոր երեխաների եւ երիտասարդների ունենալու 21րդ դարին համահունչ որակեալ կրթութիւն եւ ուսումնառութեան համար լաւագոյն պայմաններ:
Դեբեդում միջնակարգ նոր դպրոցի կառուցման յանձնառութիւնը հիմնադրամը ստանձնել է հաշուի առնելով նախկինում գործող շէնքի անբարեկարգ վիճակը: Նոր դպրոցը, որի կառուցման համար ՔՈԱՖը ներդնելու է աւելի քան 1․7 միլիոն ամերիկեան դոլար, ներառում է ժամանակակից դպրոցական համալիր՝ լուսաւոր եւ գունեղ դասասենեակներով, մասնագիտացուած եւ ժամանակակից այլ սենեակներով, որոնք նախատեսուած են ոչ միայն գիտելիքների իւրացումը դիւրին դարձնելու, այլեւ երեխաների ներգրաւուածութիւնը խրախուսելու համար:


Ղալթաղչեանը բացման խօսքում նշեց. «ՔՈԱՖը Լոռուա մարզում իրականացուող տարբեր ծրագրերի եւ շինարարական նախագծերին զուգահեռ այսօր մեկնարկեց Դեբեդի դպրոցի կառուցման աշխատանքները։ Մեր նպատակն է հնարաւորինս աջակցել որակեալ կրթութիւն ստանալու համար անհրաժեշտ ենթակառուցուածքների ստեղծմանը։ Ուզւոմ եմ յատուկ նշել, որ ինչպէս մեր մնացած նախագծերն, այնպէս էլ Դեբեդի դպրոցի կառուցումը ընթանում է անձնակազմի շարունակական վերապատրաստումներին զուգահեռ։ Մենք կառուցում ենք ոչ միայն դպրոցի շէնք, այլեւ փորձում ենք ստեղծել միջավայր, որտեղ երեխաները եւ ուսուցիչները կը կարողանայ բացայայտել եւ իրացնել իր ողջ ներուժը, աշխատել եւ սովորել ստեղծագործականութիւնը խթանող միջավայրում, ձեւաւորել լայն մտահորիզոն»։
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Սուաջեանը, նշելով. «Կրթական համակարգում ներկայումս բաւականին ծաւալուն բարեփոխումների մի ժամանակաշրջան է։ Իրականացուող ամենակարեւոր ծրագրերից մէկը Կառավարութեան «300 դպրոց եւ 500 մանկապարտէզ»ն է եւ կարծում եմ՝ այս դպրոցի շինարարութիւնը գալիս է համալրելու նշուած ծրագիրը։ Բնականաբար, սա իրականացնելու հնարաւորութիւն չէր լինի, եթէ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն աշխուժօրէն չաշխատէր բարերարների հետ։ Մեր մեծ շնորհակալութիւնը հիմնադրամին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ուզում ունենալ մեր երկրում, մասնաւորապէս դպրոցաշինութեան եւ կրթութեան ոլորտում փոփոխութիւններին ուղղուած ծրագրերում»։
Ղազարեանն ընդգծեց Դեբեդ գիւղում նոր որակի ուսումնական հաստատութիւն հիմնելու կարեւորութիւնը՝ նշելով. «Ի զուր չէ ասուած, որ պետութեան զարգացման կարեւոր նախապայմաններից մէկը լաւագոյն կրթութեան ապահովումն է, իսկ դրա համար կարեւոր է նաեւ կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը։ Այս կապակցութեամբ շնորհաւորում եմ Լոռու մարզի, մասնաւորապէս Դեբեդի բնակիչներին ժամանակակից դպրոցի շինարարութեան մեկնարկի կապակցութեամբ։ Կարճ ժամանակ յետոյ ՔՈԱՖի շնորհիւ ունենալու ենք նորարարական եւ առաջադէմ կրթական մի կառոյց, որը կ՛օգնի իւրաքանչիւր աշակերտի ստեղծարար միջավայրում բացայայտել իր ներուժը, զարգացնել կարողութիւնները՝ ստանալով որակեալ կրթութիւն»։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գիւղական բնակչութեան կեանքի որակը՝ կենտրոնանալով մասնաւորապէս երեխաներին եւ երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրայ: ՔՈԱՖի զարգացման թիրախային ոլորտներն են կրթութիւնը, առողջապահութիւնը, ինչպէս նաեւ ընկերային եւ տնտեսական զարգացումը: ՔՈԱՖը մեկնարկել է իր ծրագրերը 2004ին՝ սկսելով մէկ գիւղից եւ ընդլայնուելով Հայաստանում ու Արցախում՝ 82ից աւելի համայնքներում՝ ներդնելով աւելի քան 70 միլիոն ամերիկեան դոլար՝ 100,000ից աւել գիւղաբնակ շահառուների համար: ՔՈԱՖի մասին աւելին իմանալու եւ հիմնադրամի առաքելութեանն աջակցելու համար այցելէք coaf.org կայք։
(Թղթակցութիւնը՝ ՔՈԱՖէն)