Արցախի վերջին նախագահ Սամուէլ Շահրամանեան 27 Մարտին, ֆրանսական «Ֆիկարօ»ի թերթին տուաւ հարցազրոյց մը, որուն ընթացքին խօսեցաւ Արցախի եւ Արցախի ղեկավարներուն ներկայ դրութեան ու պահանջներուն մասին:
Անդրադառնալով Արցախը լուծարելու վերաբերող իր 28 Սեպտեմբեր 2023ի հրամանագիրին՝ ան հաստատեց, որ այդպիսի քայլ առած է ստիպողաբար, որովհետեւ անիկա կ՛երաշխաւորէր արցախցիներուն համեմատաբար ապահով տարհանումը:
«Ես շատ լաւ գիտէի, որ այս փաստաթուղթն անօրինական է եւ հակասահմանադրական, քանի որ այն պէտք է վաւերացուէր Արցախի Հանրապետութեան օրինական կառոյցների կողմից, բայց դա իմ հայրենակիցներին փրկելու ճանապարհն էր: Ուժերի անհաւասարակշռութեան պատճառով մենք դիմադրութիւն ցոյց տալու հնարաւորութիւն չունէինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպէսզի քաղաքացիական բնակչութիւնը հնարաւորինս ազատ լինի մարտական գործողութիւններից: Տասներկու ժամ տեւած բանակցութիւններից յետոյ մենք վերջ դրեցինք մարտական գործողութիւններին: Արդէն յաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանուել Հայաստան՝ վախենալով զաւթիչների կողմից զանգուածային սպանութիւններից: Այսպիսով, մենք սկսեցինք բանակցութիւնների երկրորդ փուլը, որպէսզի նրանց տարհանումը հնարաւորինս սահուն անցն»ջ, ըսաւ Շահրամանեան:
ՊատասխանելովԱրցախ հնարաւոր վերադարձին մասին հարցումին՝ Շահրամանեա ըսաւ. «Ներկայ իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացուած (գրաւուած) մեր տարածք վերադառնալու մասին: Անհրաժեշտ է հաշուի առնել Ադրբեջանի եւ Արցախի այն ժողովուրդների իրողութիւնները, որոնք իրենց թշնամի են համարում: Բաքւում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են: Տարիներ կը պահանջուեն, որպէսզի ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխուի եւ հնարաւոր դառնայ հարեւանների միջեւ խաղաղ գոյակցութիւնը: Եւ ես այստեղ մտածում եմ նոյնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի: Ինչպէս կարող են Երեւանի իշխանութիւնները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատուածներ արդէն օկուպացուած են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքուի առաջնորդները հրապարակայնօրէն յայտարարում են միւս տարածքներերի նկատմամբ իրենց իրաւունքների մասին»:
Պատասխանելով այն հարցումին, թէ գերիներուն հետ կապ կա՞յ՝ Շահրամանեան ըսաւ, որ բացի Արցախի 8 ղեկավարներէն, կան նաեւ 7 զինուորներ, որոնք գերի տարուեցան Սեպտեմբերին, եւ խնդրեց Ֆրանսայէն՝ ճնշում բանեցնելու Ատրպէյճանի վրայ՝ բոլոր գերիները անյապաղ ազատ արձակելու պահանջով:
Շահրամանեան ըսաւ, որ ներկայ դրութեամբ Արցախի Հանրապետութեան ամբողջ տարածքին մէջ 10 կամ 11 հայեր մնացած են։ «Նրանք հաշմանդամ կամ հիւանդ մարդիկ են, որոնք չեն կարող տեղաշարժուել կամ ցանկանում են մնալ իրենց հարազատների շիրիմների մօտ: 2023 թուականի Սեպտեմբերին տեղի ունեցած բռնի գաղթից յետոյ այնտեղ մնացած արցախցիների թիւն աւելի մեծ էր: Բայց յետոյ մի քանի տասնեակ արցախցիներ, որոնք որոշել էին մնալ այնտեղ, նոյնպէս նախընտրեցին Հայաստան գալ Կարմիր Խաչի շնորհիւ», ըսաւ Շահրամանեան: