
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ*
Հայաստանի վարչապետի ներկայացրած 29,800 քառ․ կմ. տարածքը՝ ԽՍՀՄ տուեալներով, կարող է դառնալ 70,551 քառ․ կմ. կամ 214,000 քառ․ կմ., եթէ Հայաստանը դիմի Ազգերի լիգայի 1920ի Դեկտեմբերի 10ի փաստաթղթին, կամ էլ կը դառնայ 160,551 քառ․ կմ․՝ ըստ Վուդրօ Վիլսոնի «Իրաւարար վճռի» (1920ի Նոյեմբերի 22)։ Ընդ որում, Ազգերի լիգան այն ժամանակ ճանաչել է Հայաստան իր տարածքով, իսկ նոր ստեղծուած Ադրբեջանն Ազգերի լիգայի կողմից չի ճանաչուել, որովհետեւ նա չունէր պատմական տարածքներ, իսկ ներկայացրած տարածքները ճանաչուել են վիճելի։
Համաձայն 1920ի Օգոստոսի 10ի Սեւրի դաշնագրի, Հայաստանի պարագայում, հայ-թուրքական սահմանը հաստատուեց «Իրաւարար վճռով», տարածաշրջանում պետութիւնների տարածքները որոշուել են հէնց այս դաշնագրով։ Ուստի պէտք է ապաւինել Սեւրի դաշնագրին, Ազգերի լիգայի որոշմանն ու «Իրաւարար վճռին» եւ միջազգային հանրութիւնից պահանջել իրաւական այդ որոշումներն իրականացնել փաստացիօրէն։ Այսինքն՝ մենք օրէնքով ունենք հաստատուած տարածքներ, բայց իրողապէս դրանք չունենք։
Սակայն, միջազգային հանրութեան վրայ յոյս դնելով, հարկաւոր է հանրութիւնն էլ իր աշխատանքը կատարի։ «Ծծկեր երեխան մինչեւ լաց չի լինում, նրան կրծքով չեն կերակրում»։ Բայց ներկայ պայմաններում Հայաստանի իշխանութիւնները չեն էլ ցանկանում որեւէ խօսք ասել մեր պահանջատիրութեան մասին։ Ընդհակառակը՝ վարչապետը բնակչութեանը պահում է վախի, պատերազմի սպառնալիքի տակ։ Տաւուշում վերջին ելոյթի ժամանակ հէնց դա էր ասում, թէ մեր թշնամիները կարող են մէկ շաբաթից պատերազմ սկսել, կարծես յուշում էր թշնամուն, թէ ինչպէս պէտք է գործի։ Փաստօրէն վախեցնելով է ցանկանում իր պայմանաւորուածութիւնը առաջ տանել։ Տաւուշի այդ գիւղերը յանձնելով, յանձնում է նաեւ Հայաստան մտնող գազատարները եւ այլ հաղորդակցութիւններ։ Այսինքն, ամենախոցելի տեղանքն է ցանկանում յանձնել, որ վերացնի մեր պետականութիւնը։ Վարչապետը սկսել է գիւղը գիւղի հետեւից յանձնել թշնամուն։ Առանց գրաւեալ տարածքները (31 գիւղ) հետ վերցնելու, միակողմանի զիջումների է գնում վարչապետը։
Արեւմուտքը, Հնդկաստանը ցանկանում են մեզ գործնական օգնութիւն ցուցաբերել, վարչապետը դանդաղում է։ Հայրենանուէր մարդիկ ցանկանում են նոր զէնքեր արտադրել, կառավարութիւնը տարածք չի տրամադրում, չնայած այն առկայ է եւ, ոչ ոք չի տնօրինում։ Պետութեան ղեկավարը վարում է պարտուողական քաղաքականութիւն՝ քօղարկելով պետականութեան պահպանման, պատերազմի կասեցման խօսոյթներով։
Ուստի, կոչ եմ անում, ո՛չ պահանջում եմ, որ հայ ազգը զարթնի, համախմբուի հէնց այս օրհասական պահին՝ կատարելով մի քանի աշխատանքներ։

Նախ՝ Ապրիլի 24ին, բոլոր երկրներում դուրս գալ ցոյցերի, քայլարշաւի միայն պահանջատիրական պաստառներով։ Ցեղասպանութեան ճանաչումը այլեւս օրակարգային հարց չէ։ Դրա ճանաչումը բարոյական խնդիր է, իսկ պահանջատիրութիւնը՝ իրաւական։ Թուրքիան մեր վարչապետից պահանջում է, որ ինքը կարող է յարաբերութիւնները զարգացնել առանց նախապայմանների։ Այսինքն, Հայաստանը, հայ ազգը պէտք է հրաժարուի Ցեղասպանութեան ճանաչման մտքից։ Ալիեւն էլ է պնդում, որ խաղաղութեան պայմանագիր կը կնքի, եթէ հրաժարուենք Արցախի, Նախիջեւանի պահանջատիրութիւնից։ Դրա համար էլ պահանջում են, որ հռչակագրից հանենք Արցախը Հայաստանին վերամիաւորելու դրոյթը։ Թուրքերը պահանջում են, որ զինանշանից վերացնենք Արարատ լեռան պատկերը։ Նիկոլն էլ է դա պահանջում՝ ելոյթ ունենալով երիտասարդների հետ, թէ ինչու ձեր տանը Արագած լեռան նկարը չկայ, որ բոլորը Արարատ լեռան նկարն են փակցնում։ Նորից, իր ասելով, մեզ պարտադրւում է իջեցնել պահանջատիրութեան նշաձողը։ Արցախի հարցում էլ պարտադրեց իջեցնել նշաձողը, եւ տեսանք, թէ ինչ կատարուեց։ Հիմա էլ նոյն բանը տեղափոխում է Հայաստանի տարածք։
Երկրորդ՝ հայկական հայահոծ բոլոր օջախներում հարկաւոր է դիմել Սեւրի դաշնագիրը ստորագրած 17 պետութիւնների դեսպաններին (18րդը Հայաստանն է), գլխաւոր հիւպատոսներին, որպէսզի նրանք իրենց պետութիւններում վերանայեն, վաւերացնեն եւ, մենք վերակերտենք մեր պատմական Հայաստանի մի մասը, որը, ինչպէս նշեցինք վերեւում, իրաւաբանօրէն մեզ է պատկանում։ Մենք ուրիշից տարածքներ չենք ուզում, մենք ցանկանում ենք վերակերտել Հայաստանը այն տարածքներում, որոնցում ճանաչել է Ազգերի լիգան, որոնց սահմանը գծել է Վուդրօ Վիլսոնն իր «Իրաւարար վճռով»։
Երրորդ՝ հայ ժողովրդի համախմբումը պէտք է տեղի ունենայ հէնց հիմա՝ պահանջատիրութեան հարցի շուրջ։ Բոլորն այս մասին խօսում են՝ յիշատակելով մեծն Եղիշէ Չարենցի խօսքերը, բայց ոչ-ոք չի ասում, թէ ում կամ ինչ գաղափարի շուրջ։ Հայաստանի դեսպանատների հիւպատոսութիւնների վրայ չպէտք է յոյս դնել, քանզի նրանք իրականացնում են վարչապետի ազգակործան քաղաքականութիւնը։ Հարկաւոր է համախմբուել աւանդական կուսակցութիւններին, Հայ Դատին, որպէսզի նրանք իրենց գրասենեակների միջոցով, որոնք գործում են հայահոծ բոլոր գաղութներում, կատարեն վերը նշուած աշխատանքները։
Այն տեղերում, որտեղ կուսակցական գրասենեակներ չկան, ժողովուրդը պէտք է համախմբուի հասարակական կազմակերպութիւնների, հայրենակցական միութիւնների, անհատների ջանքերով։
Մեր պայքարը թեւակոխել է վճռական փուլ։ Կամ կորցնում ենք մեր պետականութիւնը (Աստուած ոչ անի), կամ վերակերտում ենք հզօր, բարեկեցիկ Հայաստան։
Հարկաւոր է հաւատալ, պայքարել եւ յաղթել։
* Լրագրողների միջազգային միութեան անդամ