

ԱՄԱԼԻԱ ՊԱՊԱՅԵԱՆ
Վրաստանի հայ համայնքը վերջին տարիներին պարբերաբար բարձրացնում է բախտի քմահաճոյքին մատնուած Վրաստանի բազմաթիւ հայկական եկեղեցիներից մէկի` Սուրբ Շամխորեցոնց Կարմիր Աւետարան եկեղեցու հարցը: Jnews-ը փորձեց պարզել այս իրավիճակի պատճառները, ո՞վ է պատասխանատու այս եւ այլ մշակութային յուշարձանների ճակատագրի համար, ինչպէս նաեւ` ի՞նչ կերպ կարելի է շտկել իրավիճակը:
Սուրբ Շամքորեցոց (Շամխորեցոնց) Կարմիր Աւետարան եկեղեցին, որը թուագրւում է 1775 թուականին, ժամանակին եղել է Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցին: Այն Վրաստանի մշակութային ժառանգութեան, ինչպէս նաեւ Թբիլիսիի իւրայատուկ ճարտարապետութեան մաս է կազմում: Սակայն այս ժառանգութիւնն այսօր թողնուած է բախտի քմահաճոյքին եւ անհետացման եզրին է:
Մշակութային ժառանգութեան փորձագէտ Ցիրա Էլիսաշվիլին Jnews-ին տուած հարցազրոյցում նշում է, որ յուշարձանի պատասխանատուութիւնը կրում է Վրաստանի մշակոյթի նախարարութիւնը:
«Ըստ ազգային օրէնսդրութեան եւ միջազգային կոնվենցիաների (վեհաժողովներու)` յուշարձանը պատկանում է այն պետութեանը, որի տարածքում գտնւում է, ըստ այդմ` Շամխորեցոնց եկեղեցին պատկանում է վրաց պետութեանը: Հիմնական պատասխանատուութիւնը կրում է պետութիւնը, մասնաւորապէս` Վրաստանի մշակոյթի նախարարութիւնը: Յուշարձանի վերականգնման նախագիծը պէտք է համաձայնեցուի Մշակութային ժառանգութեան պահպանութեան ազգային գործակալութեան հետ», մեկնաբանում է մշակութային ժառանգութեան փորձագէտ Ցիրա Էլիսաշվիլին:
Վերջին տարիներին եկեղեցու շրջակայքում սկսուել են տարբեր շէնքերի շինարարութիւններ, որոնք մեծապէս վնասել են եկեղեցու հիմքը: Փորձագէտը կարծում է, որ իրավիճակը էապէս չի վատթարացել, սակայն եկեղեցու շրջակայքում շինութիւնները ուղղակիօրէն խախտում են «մշակութային ժառանգութեան մասին» Վրաստանի օրէնքը:
«Յուշարձանի պահպանութեան ֆիզիկական եւ վիզուալ (տեսողական) տեսակէտից նման նախագծին թոյլտուութիւն չպէտք է տրուեր»:
Չնայած այն հանգամանքին, որ կրօնական մշակութային յուշարձանը եղել է «վիճայարոյց եկեղեցիների» ոչ-պաշտօնական ցանկում, որը Վիրահայոց թեմի կայքում ներկայացուած է որպէս «կանգուն ԵՒ ԽՈՆԱՐՀՈՒԱԾ ՉԳՈՐԾՈՂ Եկեղեցիներ», Ցիրա Էլիսաշվիլիի խօսքով այս եկեղեցու պատկանելութեան վերաբերեալ կասկածներ չկան:


«Շամխորեցոց եկեղեցին ակնյայտօրէն հայկական մշակոյթի մաս է: Դրա կառուցման պատմութիւնը յայտնի է: Այս հարցում աւելորդ հարցեր չպէտք է լինեն»:
Էլիսաշվիլիի խօսքով, եկեղեցու վերականգնման/պահպանման տեմպերի (աշխուժութեան) արգելակման միակ պատճառը Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումն է, ինչպէս նաեւ պատրիարքարանի հետ առճակատուելու պետութեան ցանկութեան բացակայութիւնը:
«Այս ինստիտուցիան (հիմնարկութիւնը) մեծ ազդեցութիւն ունի պետութեան վրայ, իսկ պետութեան անգործութիւնը ոչնչացնում է մշակութային ժառանգութիւնը: Թէեւ օբյեկտիւութեան (առարկայական մօտեցում ունենալու) համար պէտք է նշել, որ պատրիարքարանը նաեւ սխալ որոշումներ է կայացնում վրացական յուշարձանների առնչութեամբ, իսկ Վրաստանի պետութիւնը աչք է փակում դրա վրայ: Իշխանութեանը ձեռնտու չէ պատրիարքութեան հետ հակառակուելը, թէեւ այն պատճառով, որ եկեղեցու բազմաթիւ ծխականները միաժամանակ հանդիսանում են նաեւ ընտրազանգուած»:
Հայագէտ, Էթնիկ եւ դաւանանքային փոխյարաբերութիւնների կենտրոնի ղեկավար Լելա Ջեջելաւան նոյն կարծիքին է, որ պատմական յուշարձանների ոչնչացման խնդիրը վերաբերում է ոչ միայն հայկական ճարտարապետութեանը, եւ դրա պատճառը նա համարում է ներկայիս իշխանութիւնների անտարբերութիւնը տուեալ ոլորտի հանդէպ:
«Ցանկացած յուշարձան, անկախ նրանից, թէ ով է այն կառուցել Վրաստանի տարածքում, հանդիսանում է Վրաստանի մշակութային ժառանգութիւն, քանի որ բոլոր ժողովուրդները, ովքեր այստեղ կառուցել են իրենց մշակութային յուշարձանները, Վրաստանի պատմութեան մի մասն են, ինչը նշանակում է, որ նրանց ժառանգութիւնը նաեւ վրացական ժառանգութիւն է: Եւ այն, ինչ հիմա կատարւում է Շամխորեցոնցի եւ այլ եկեղեցիների հետ, որոնց պատկանելութեան հարցը դրուած չէ, այս ամէնը պետութեան պատասխանատուութիւնն է: Ներկայիս իշխանութեան համար բացարձակապէս միեւնոյն է: Ես, իհարկէ, չեմ կիսում այն կարծիքը, որ սա միայն հայկական յուշարձանների հետ է լինում, որովհետեւ այն, ինչ հիմա կատարւում է, դուք ինքներդ գիտէք, փլուզւում է վրացական մշակոյթի խորհրդանիշը` Գելաթին»:
Նրա կարծիքով, ի տարբերութիւն հայ համայնքի, վրացական հանրութիւնն աւելի ակտիւ (աշխուժ) է իր պատմական յուշարձանների խնդրի շուրջ բողոքի ակցիաներով (ցոյցերով):
«Վրացական հասարակութիւնը քիչ թէ շատ ակտիւօրէն հետեւում է Գելաթիի շուրջ տեղի ունեցող բողոքի ակցիաներին, եթէ հայ համայնքը նոյնպէս աւելի ակտիւ եւ հետեւողական լինի այս հարցում, կարծում եմ, որ մենք կը կարողանանք միասին լուծել այս հարցը»:
Սակայն, ինչպէս նշեց Վիրահայոց թեմի իրաւական հարցերի բաժնի ղեկավար Միքայէլ Աւագեանը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը 2004 թուականից ի վեր բազմիցս դիմել է պետական տարբեր մարմիններին, սակայն որեւէ պատասխան չի ստացել: Եկեղեցու վիճակի մասին մէկ անգամ չէ, որ բարձրաձայնել է նաեւ Արթուր Միրզոյեանի գլխաւորած «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպութիւնը:
«Մենք դիմել ենք 2010, 2012, 2014, 2018, 2019, 2020 եւ 2021 թուականներին, դիմել ենք վարչապետին, մշակոյթի նախարարութեանը, յուշարձանների պահպանութեան նախարարութեանը, քաղաքապետարանին, Կրօնական հարցերի յանձնաժողովին նոյնպէս: Վերոնշեալ գերատեսչութիւններից որեւիցէ մէկից մենք կոնկրետ (յստակ) պատասխան չենք ստացել», նշեց նա:
Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի հաշուեկշռում հայկական ոչ մի եկեղեցի հաշուառուած չէ` նոյնիսկ գործող եկեղեցի, Սուրբ Շամխորեցոցը եւս բացառութիւն չէ:
«Այս հարցը նոյնպէս դեռ վերանայման եւ քննարկման փուլում է: Իհարկէ, եթէ եկեղեցին լինէր մեր հաշուեկշռում, մենք կարող էինք համապատասխան հոգածութիւն ցուցաբերել, թէեւ այս դէպքում եւս մեզ անհրաժեշտ կը լինէր Յուշարձանների պահպանութեան գործակալութեան թոյլտուութիւնը», մեկնաբանում է Միքայէլ Աւագեանը:
Այս պահին Սուրբ Շամխորեցոնց եկեղեցին անմխիթար վիճակում է: Փորձագէտ Ցիրա Էլիսաշվիլիի խօսքով` եկեղեցին միայն պահպանողական աշխատանքների է ենթակայ, այն այլեւս հնարաւոր չէ վերականգնել:
«Աւելին, իմ տեղեկութիւններով, չկան ստոյգ տուեալներ, այսինքն` մինչեւ դրա աւերումը ճարտարապետական արձանագրում եկեղեցու վիճակի մասին»:
Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն Սբ. Շամխորեցոնց եկեղեցուն: Նման իրավիճակում կործանման եզրին են Թբիլիսիի եւս 4 հայկական եկեղեցիներ` Երեւանցոց Սուրբ Մինասը, Մուղնու Սուրբ Գէորգը (Մուղնու Մեծ), Սուրբ Նշանը (Սուրբ Նիկողայոս), Թբիլիսիի Նորաշէն Սուրբ Աստուածածինը: Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը դրանց առնչութեամբ դիմել է տարբեր ատեանների, սակայն դա եւս արդիւնք չի տուել:
Հայագէտ, Էթնիկ եւ դաւանանքային փոխյարաբերութիւնների կենտրոնի ղեկավար Լելա Ջեջելաւան կարծում է, որ այսօր գլխաւոր խնդիրն այս պատմական յուշարձանների գոնէ պահպանումն է, եւ դա պէտք է անի պետութիւնը: Մշակութային ժառանգութեան փորձագէտ Ցիրա Էլիսաշվիլին ստեղծուած իրավիճակից ելք է տեսնում Վրաստանի եւ Հայաստանի մասնագիտական ռեսուրսների (միջոցներու) հնարաւոր համագործակցութիւնը: Բացի այդ, նա կարեւորում է նման թեմաների քննարկումը քաղաքացիական հասարակութեան մակարդակով:
Աղբիւր` jnews.ge