Հայ օգնութեան միութեան Դաւիթաշէնի Էտիկ Մելքումեանի անուան մասնաճիւղն այս շաբաթ Գ. Սունդուկեանի անուան ակադեմական թատրոնում կազմակերպել էր նման խորագրով գեղարուեստագրական միջոցառում՝ նուիրուած «Արաբօ» կամաւորական մարտական ջոկատին։
Ինչպէս «Էտիկ Մելքումեան» մասնաճիւղի ատենապետուհի Սուսաննա Թովմասեանը ներկայացրեց, նախաձեռնութեան նպատակը «Արաբօ»ի պատմութիւնը սերունդներին փոխանցելն ու այդպիսով հասարակութեանը հաւատացնելն է, որ մեր ազգի մէջ բոլոր ժամանակներում կարելի է Արաբօ գտնել՝ եթէ դրա անհրաժեշտութիւնը լինի։
«Արաբօ» կամաւորական ջոկատը կազմաւորուել է 1989 թուականին։ Մինչեւ 1994 թուի զինադադարը մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանութեան եւ Արցախի ազատագրման համար մղուող ռազմական գործողութիւններին։
Բացի փառապանծ մարտական ուղուց, ջոկատը, ցաւօք, ունեցել է նաեւ ծանր կորուստներ՝ տասը զոհուած ազատամարտիկ, քսաներկու անյայտ կորած, հինգ մահ՝ խաղաղ պայմաններում։
Միջոցառման ընթացքում անուն առ անուն ներկայացուեցին զոհուած ազատամարտիկներն ու անյայտ կորածները. իւրաքանչիւրի մասին գեղարուեստական ակնարկ էր պատրաստուած։
Այն սկսուեց Արաբօ ֆիտայու նկարով, աւարտուեց երկու սերունդների արաբոների հանդիպմամբ՝ մեծ արաբոյականը դրօշով փաթաթեց փոքրին՝ փոխանցելով այդպիսով ե՛ւ պատմութիւնը, ե՛ւ ինքնանուիրման խորհուրդը։ Բեմ հրաւիրուեցին նաեւ արաբոյականները, իսկ անհետ կորածներից մէկի մայրը՝ Հերիքնազ մայրիկը, դեռեւս հաւատում է, որ իրենց որդիները մի օր տուն կը դառնան։
Հրաւիրուած արաբոյականներին եւ միւս հրաւիրեալներին իրենց կատարումներով ողջունեցին «Ակունք», «Կարին» պարային համոյթները, Լէյլա Սարիբէկեանը, Արսէն Գրիգորեանը (Մրոն), Սամուէլ Երանեանը, Վարուժանը, Արսէն Համբարեանը։
Լեփ-լեցուն դահլիճը անչափ յուզուած էր, մտքով տեղափոխուած այդ ժամանակները. միջոցառումն ընթանում էր պատմութիւն կերտելով։ Չէ՞ որ ոչ վաղ անցեալում այդ մարդիկ մեր կողքին են եղել։ Ս. Թովմասեանը նշեց, որ արաբոյականների կենսագրութիւնները հաւաքագրուել են՝ իւրաքանչիւրի ընտանիք այցելելով, նրանց ընկերների տպաւորութիւնները լսելով, որպէսզի անմիջական շփում լինի ամէն մէկի հետ։
Միջոցառմանը հրաւիրուել էր նաեւ Տաճատ Ա. քհնյ. Դաւթեանը, որը ոգեկոչման խօսք ուղղեց ներկաներին։ Ի դէպ, մասնաճիւղի համար աւանդոյթ է դարձել միջոցառումների ժամանակ Հայ առաքելական եկեղեցու դերը կարեւորելը, որը նաեւ պայքարի միջոց է աղանդաւորութեան դէմ։