
Առողջութեան պահպանման մասին հիմա շատ ենք խօսում եւ գրում: Մենք ձգտում ենք առողջ լինել եւ փորձում ենք զանազան միջոցներ: Սակայն ժամանակի հետ հիւանդութիւնները ոչ թէ պակասում են, այլ աւելանում:
Մեր ակնարկներում նոյնպէս փորձում ենք օգնել ձեզ՝ պահպանելու համար առողջութիւնը: Այսօր ուզում ենք յիշեցնել մի քանի տարրական փաստեր, որոնք կ՛օգնեն ձեզ հիւանդ եւ առողջ ժամանակ:
ԱՒԵԼԻ ՃԻՇԴ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ, ՔԱՆ ԲՈՒԺԵԼ: Մենք պէտք է բժշկի դիմենք ոչ թէ այն ժամանակ, որ հիւանդութիւնը ձեզ անհանգստացնում է, այլ մշտապէս հետաքրքրուել ձեր առողջական վիճակի մասին: Սա բժիշկների առաջին խորհուրդն է:
ԱՄԵՆԱԼԱՒ ԴԵՂԸ ԱՌՈՂՋԱՐԱՐ ՍՆՈՒՆԴՆ Է: Մրգի եւ բանջարեղէնի մի քանի տարատեսակների մէջ աւելի շատ սննդարար եւ օգտակար բաղադրիչներ կան, քան ցանկացած դեղամիջոցի մէջ: Նկատի ունենք առանց զանազան աւելցուկների եւ քիմիական մշակումներ ունեցող սնունդը: Սիրէ՛ք ձեր մարմինը եւ խուսափէք անորակ սննդից:
ԲՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԿԱՊը նոյնպէս կերկարացնի ձեր կեանքը, քանի որ աղտոտուած քաղաքներում ձեր առողջութիւնը վտանգուած է կեղտոտ օդով եւ քիմիական բաղադրիչներով: Բնութիւնը բարերար ուժ ունի առողջութեան վրայ:
ՀԱՆԳՍՏԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՆՔ ՅԱՃԱԽ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆՔ: Լարուածութիւնը եւ քնի պակասը նպաստում են զանազան հիւանդութիւններին: Հանգիստ ասելով ի հարկէ նկատի չունենք համակարգչի կամ հեռուստացոյցի առջեւ նստելը:
ՍՏՐԵՍԻ (ճնշուածութեան) ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ հնարաւոր կը լինի, եթէ ապրէք կենտրոնանալով ներկայի վրայ` հնարաւորինս քիչ անհանգստանալով անցեալի սխալների եւ ապագայի նպատակների վրայ:
ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԼԱՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐը նոյնպէս կարեւոր են: Գիտնականները յայտնաբերել են, որ գրկախառնութիւնը բարերար ազդեցութիւն է ունենում արեան ճնշման վրայ: Սա միայն մէկ օրինակ է. յիշէք ձեր տրամադրութիւնը` երբ շփւում էք հարազատ ու սիրելի մարդկանց հետ, իսկ լաւ հոգեվիճակը առողջութեան կարեւոր պայմանն է:
ՈՐՈՇ ՄԻԿՐՈԲՆԵՐ (մանրէներ) ՆԱԵՒ ՄԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ ԵՆ (օրինակ` աղեստամոքսային աշխատանքը կարգաւորելու համար): Այդ պատճառով չարժէ մշտապէս հակաբիոտիկներ ընդունել, քանի որ դրանք վերացնում են միկրոբները եւ զանազան հիւանդութիւնների պատճառ դառնում:
Առողջ եղէ՛ք: