ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները Յուլիսի 13ին Վիեննայում տարածել են համատեղ յայտարարութիւն, որում ցաւով արձանագրում են, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահներին չի յաջողուել ղարաբաղեան կարգաւորման հարցում յաղթահարել դեռեւս առկայ տարաձայնութիւնները: «Այսպիսով, կողմերը մօտենում են 2008 թուականին՝ Հայաստանում եւ Ատրպէյճանում նախագահական ընտրութիւնների տարուն, երբ, ինչպէս վկայում է փորձը, առաջընթացին ուղղուած փոփոխութիւնները կը մնան ընտրական քարոզարշաւների ստուերի տակ», նշում են համանախագահներ Եուրի Մերզլեաքովը, Մէթիու Պրայզան եւ Պեռնար Ֆասիէն:
«Ցաւօք, համանախագահներին մտահոգում են ներկայիս որոշ զարգացումները, որոնք չեն նպաստում բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելու գործին: Այդ զարգացումներից են ուժ կիրառելու սպառնալիքներով ռազմատենչ յայտարարութիւնները, որոնք վտանգաւոր պատրանք են ստեղծում, թէ պատերազմը կարող է հակամարտութեան կարգաւորման տարբերակ լինել», ասւում է յայտարարութիւնում:
Համանախագահները, անդրադառնալով Յուլիսի 19ի Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրութիւններին, կրկնել են, որ «միջազգային հանրութեան միւս անդամների նման, իրենց պետութիւնները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպէս անկախ պետութիւն, եւ որ նման «ընտրութիւնները» պէտք չէ որեւէ ազդեցութիւն ունենան ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման վրայ»:
Լեռնային Ղարաբաղում կայացած բոլոր նախորդ ընտրութիւնները՝ նախագահական, խորհրդարանական եւ տեղական, չեն ճանաչել կամ դատապարտել են ինչպէս ԵԱՀԿն ու եւրոպական միւս կազմակերպութիւնները՝ Եւրոմիութիւնը, Եւրոխորհուրդը, այնպէս էլ անհատ երկրները՝ բնականաբար Ատրպէյճանն ու Թուրքիան, Ռուսաստանը եւ Մ. Նահանգները, երբեմն՝ Վրաստանը, Ուքրանիան, Ֆրանսան, այլ պետութիւններ ու կազմակերպութիւններ:
Ատրպէյճանի եւ Թուրքիայի դիրքորոշումը մեկնաբանութիւնների կարիք չունի: Ղարաբաղեան ընտրութիւնները չճանաչողների եւ դատապարտողների շարքում ամենաանհասկանալին ԵԱՀԿի դիրքորոշումն է: 1992թ. Մարտի 24ին ԵԱՀԿն (այն ժամանակ ԵԱՀԽ՝ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան խորհուրդ) Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մասին ընդունեց առաջին փաստաթուղթը, որում ասւում էր, որ բանակցութիւններին Հայաստանից եւ Ատրպէյճանից բացի պէտք է մասնակցեն «Լեռնային Ղարաբաղի ընտրովի եւ այլ իշխանութիւնները»:
Ընտրովի ասելով ԵԱՀԿն նկատի ունէր 1991թ. Դեկտեմբերի 28ին Լեռնային Ղարաբաղում ընտրուած առաջին խորհրդարանը՝ Գերագոյն խորհուրդը, որի առաջին նախագահը Արթուր Մկրտչեանն էր: «Այլ իշխանութիւններ» ասելով ԵԱՀԿն նկատի ունէր Լեռնային Ղարաբաղի ատրպեճանական համայնքը, որի ղեկավարը Շուշիի քաղաքապետ Նիզամի Պահմանովն էր: Այն ժամանակ ԵԱՀԿն օգտագործում էր եւ յստակ տարանջատում «ընտրովի» եւ «այլ» եզրերը, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայկական իշխանութիւնը ընտրուած էր ժողովրդի կողմից, իսկ ահա Նիզամի Պահմանովը ներկայացնում էր գործադիր իշխանութիւնը եւ նշանակուած էր Պաքուի կողմից:
Հէնց նոյն ԵԱՀԿն եւ նրա կողմից ձեւաւորուած Մինսքի խորհրդաժողովի նախագահ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Մարիօ Ռաֆայէլլին էր յորդորում ղարաբաղեան պատուիրակութեանը մասնակցել 1992թ. ամրանը սկսուած Հռոմի բանակցութիւններին: Սակայն ղարաբաղեան կողմը այդպէս էլ չմասնակցեց Հռոմի առաջին երկու հանդիպումներին, քանի որ նրանց հրաւիրում էին որպէս Լեռնային Ղարաբաղի ընտրուած հայկական համայնքի ներկայացուցիչների՝ փորձելով հաւասարութեան նշան դնել Լեռնային Ղարաբաղի նշանակուած ատրպեճանական համայնքի միջեւ: Եւ միայն Երեւանի յորդորներից յետոյ ղարաբաղեան պատուիրակութիւնը խորհրդարանի պատգամաւորներ Պորիս Առուշանեան, Ռոպերթ Քոչարեան, Հրանդ Խաչատրեան կազմով մասնակցեց Հռոմի բանակցութիւնների յաջորդ երեք հանդիպումներին: Այդ ժամանակից ի վեր մինչեւ 1997թ. Ապրիլ, երբ բանակցութիւնները եռակողմ էին, ղարաբաղեան կողմը մասնակցել է բոլոր բանակցութիւններին, ընդ որում՝ որպէս առանձին կողմ, ի տարբերութիւն Լեռնային Ղարաբաղի ատրպեճանական համայնքի, որը բանակցութիւններին մասնակցում էր Պաքուի պատուիրակութեան կազմում:
Եթէ ԵԱՀԿն չի ճանաչում ընտրութիւնների արդիւնքները, իսկ ընտրութիւնները որակում է «այսպէս կոչուած», ապա ինչո՞ւ են Մինսքի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահները, հարաւային Կովկասում Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչները Ստեփանակերտում կամ Երեւանում հանդիպում հէնց Լեռնային Ղարաբաղի ընտրուած իշխանութիւնների ներկայացուցիչների հետ: Մարիօ Ռաֆայէլլին 1992-1993 թթ. տասնեակ անգամ այցելել է Ստեփանակերտ եւ բանակցել Արթուր Մկրտչեանի, ապա Գէորգի Պետրոսեանի հետ, քանի որ նրանք էին օրինական ընտրուած խորհրդարանի նախագահները:
Եթէ ընտրութիւնները անուանում էք «այսպէս կոչուած» կամ դատապարտում ու չէք ճանաչում, ապա պիտի դատապարտել նաեւ 1994թ. Մայիսի Պիշքէկի խաղաղութեան համաձայնագիրը, քանի որ դրա տակ Հայաստանի եւ Ատրպէյճանի խորհրդարանների նախագահներ Արարքցեանի եւ Կուլիեւի ստորագրութիւնից զատ դրուած է նաեւ, ընդ որում հաւասարը հաւասարի սկզբունքով, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ղեկավար Կարէն Բաբուրեանի ստորագրութիւնը: Մի քանի օր անց, արդէն Մոսկուայում, երբ հաստատւում էր անժամկէտ հրադադար, փաստաթղթի տակ ստորագրեցին, կրկին հաւասարը հաւասարի սկզբունքով, երեք երկրների պաշտպանութեան նախարարները Սերժ Սարգսեանը, Մամետրաֆի Մամէտովը եւ Սամուէլ Բաբայեանը:
Այս նոյն տրամաբանութեամբ, պէտք է ԵԱՀԿն դատապարտի ԵԱՀԿ 1994թ. Պուտափեշտի վեհաժողովը: Այո՛, ԵԱՀԿն դատապարտի ԵԱՀԿ վեհաժողովը, որովհետեւ այդ վեհաժողովը ղարաբաղեան հակամարտութեան կողմ ճանաչեց Լեռնային Ղարաբաղին: Եթէ ղարաբաղեան կողմը մասնակցում է բանակցութիւններին, ապա ո՞վ պէտք է ներկայացնի: Բնականաբար՝ ընտրեալ իշխանութիւնները, ասենք՝ խորհրդարանը կամ խորհրդարանի հաւանութեամբ հաստատուած կառավարութիւնը: Հակառակ դէպքում՝ ո՞ւմ հետ է պատրաստւում բանակցել միջազգային հանրութիւնը: Միգուցէ դաշտային հրամանատարների՞ հետ: Ի դէպ, սա էլ տարբերակ է: Բայց բարեբախտաբար Լեռնային Ղարաբաղում չկան դաշտային հրամանատարներ:
Օրինակ, ժամանակին Մոսկուան, որը ամէն անգամ, Մինսքի խմբի ռուս համանախագահից բացի, բարձր մակարդակով՝ հիմնականում արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցչի, դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ընտրութիւնները, Չէչէնիայի խնդրով հէնց դաշտային հրամանատարների հետ էր բանակցում՝ Ճոհար Տուտայեւի, Շամիլ Պասայեւի, Ասլան Մասխատովի հետ: Ճիշդ է, հետագայում Ռուսաստանը նրանց պիտակաւորեց որպէս ահաբեկիչներ եւ վերացրեց տասնեակ հազար խաղաղ չէչէնների հետ միասին:
ԵԱՀԿն մի կողմից չի ճանաչում Լեռնային Ղարաբաղն եւ նրա օրինական իշխանութիւններին, միւս կողմից՝ հակամարտութեան կարգաւորման գրաւոր երեք առաջարկներն էլ ներկայացրել է նաեւ պաշտօնական Ստեփանակերտին: Ուշադրութիւն դարձրէ՛ք. գրաւոր առաջարկները ներկայացուել են երեք կողմերի՝ Երեւան, Պաքու եւ Ստեփանակերտ: 1997թ. աշնանը ԵԱՀԿ Մինսքի խումբը հակամարտութեան կողմերին ներկայացրեց կարգաւորման երկրորդ առաջարկը՝ «փուլայինը», քանի որ դրանից մի քանի ամիս առաջ նոյն ԵԱՀԿ Մինսքի խմբի գրաւոր առաջին առաջարկը՝ «փաթեթայինը», մերժել էր հէնց Լեռնային Ղարաբաղի օրինական իշխանութիւնը: Մինսքի խումբը 1998թ. վերջերին ԼՂՀ արտաքին գործերի նախարարութիւնից հաճոյքով ընդունեց այն փաստաթուղթը, որով Ստեփանակերտը իր համաձայնութիւնն էր տալիս միջնորդների կողմից ներկայացուած գրաւոր նոր՝ երրորդ առաջարկին՝ «Ընդհանուր պետութիւն» բանաձեւին:
Ինչ-որ տեղ ընկալելի կարող է լինել, եթէ միջազգային հանրութիւնը չընդունի Լեռնային Ղարաբաղի նախագահական կամ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները՝ վկայակոչելով հանգամանքը, որ դրանց չեն մասնակցել ատրպէյճանցիները, որոնք 1992թ. տուեալներով Լեռնային Ղարաբաղում կազմում էին շուրջ 30 հազար: Սակայն բոլորն էլ լաւ հասկանում են, որ այսօր անհնար է Լեռնային Ղարաբաղի ատրպէյճանցիների մասնակցութիւնը ընտրութիւններին այն նոյն պատճառով, ինչպէս անհնար է 200 հազար Պաքուի հայերի մասնակցութիւնը Ատրպէյճանի նախագահական ընտրութիւններին:
Լա՛ւ, եթէ դատապարտում են նախագահական ընտրութիւնները, սա էլի մի կերպ կարելի է հասկանալ, Լեռնային Ղարաբաղը միջազգայնօրէն ճանաչուած չէ: Բայց ինչո՞ւ են դատապարտում խորհրդարանական ընտրութիւնները: Աւելի՛ն. դատապարտում են տեղական ընտրութիւնները: Այսինքն՝ ի՞նչ: Ասենք՝ Մարտակերտի Թալիշ գիւղը, որն ունի աւելի հին պատմութիւն, քան ռուսական առաջին միաւորումը՝ Քիեւեան Ռուսիան եւ 10-15 անգամ աւելի մեծ է, քան Եւրոխորհուրդը կամ ԵԱՀԿն, պէտք չէ՞ ունենայ գիւղապետ:
Միջազգային հանրութիւնը, երբ դատապարտում է ընտրութիւնները, ասում է ընտրութիւններ անց մի՛ կացրէք, քանի դեռ չի որոշուել Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճա՞կը: Բայց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է չորոշուել անգամ 50 կամ 100 տարի յետոյ, ինչպէս չի յաջողուել որոշել անցնող 20 տարիներին: Ես աչքի անցկացրի միջազգային կազմակերպութիւնների դատապարտող նախկին յայտարարութիւնները եւ այնտեղ չգտայ խոհեմ առաջարկ: Լա՛ւ, ի՞նչ անեն Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները: Ընտրութիւններ ընդհանրապէս անց չկացնե՞ն:
Կարելի է ինչ-որ տեղ հասկանալի համարել, եթէ միջազգային հանրութիւնը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշուած չէ, օգտագործի «Լեռնային Ղարաբաղի առաջնորդ» եզրը՝ «Լեռնային Ղարաբաղի նախագահի» փոխարէն, բայց ոչ թէ դատապարտի եւ ընտրութիւնները որակի «այսպէս կոչուած»: Եւ լայն իմաստով, աւելի կարեւոր է ոչ թէ այն, թէ կ՚օգտագործե՞ն նախագահ կամ առաջնորդ ձեւը, այլ կարեւորն այն է, որ այդ նախագահը կամ առաջնորդը լինի օրինական, այսինքն՝ լինի ընտրուած արդար եւ ազատ ընտրութիւններով:
Ժողովրդավարութիւնը պէտք է լինի բացարձակ արժէք՝ անկախ նրանից, թէ որտեղ է դա կեանքի կոչւում: Օրինակ, ինչո՞ւ պէտք է Փաքիստանի ու Թուրքմէնիստանի ընտրութիւնները համարուեն օրինական, երբ այդ երկրներում ընտրութիւնները վերածւում են ֆարսի: Հետաքրքրական է՝ ամերիկացիներին դո՞ւր է գալիս Ֆիտէլ Քասթրոն, ով աւելի քան չորս տասնամեակ ղեկավարում է Քուպան: Իսկ եւրոպացիներին հիացնո՞ւմ է Պելոռուսի առաջնորդ Լուքաշենքոն, ով հաւանաբար իշխանութեան մնայ այնքան, մինչեւ եւրոպացիները որոշեն տապալել նրան:
Ճիշդ է՝ մի կողմից միջազգային կազմակերպութիւններն ու առանձին երկրներ դատապարտում են Լեռնային Ղարաբաղի արդար եւ ազատ ընտրութիւնները, բայց առաւել խիստ եւ տհաճ բառապաշար են օգտագործում, երբ չճանաչուած միաւորումներում ընտրութիւնները կեղծւում են եւ իշխանութեան են գալիս քրէական տարրերը: Օրինակ, ամերիկացիները բաւականին բարձր մակարդակով յայտարարում են, որ Հարաւային Օսէթիայում, Աբխազիայում եւ Մերձտնեսթրում իշխանութեան են եկել քրէականացուած վարչակարգեր: Միջազգային հանրութիւնը միանգամից իրարով անցաւ, երբ Աբխազիայի նախագահական վերջին ընտրութիւններում մօտ երկու ամիս չէին կարողանում հաշուել մի քանի տասնեակ հազար քուէները, երբ փորձ էր արւում թոյլ չտալ Սերկէյ Պակափշին դառնալ նախագահ:
Անշուշտ, Լեռնային Ղարաբաղում կայ այն գիտակցումը, որ ժամանակակից աշխարհում առաջնային են ժողովրդավարութիւնը, մարդու իրաւունքների պահպանումը, օրէնքի գերակայութիւնը, իրաւական պետութիւնը, ազատ եւ արդար ընտրութիւնները, բարեփոխումները: Սակայն, երբ Լեռնային Ղարաբաղն անընդհատ լսում է դատապարտող յայտարարութիւններ ընտրութիւնների վերաբերեալ, իսկ ընտրութիւնները ժողովրդավարութեան առաջին եւ կարեւորագոյն ցուցիչն են, ապա հասարակ ժողովրդի մօտ տեղի է ունենում հիասթափութիւն ե՛ւ ժողովրդավարութեան, ե՛ւ ժողովրդավար երկրների հանդէպ: Սա ամենացաւալի վտանգն է:
Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները գրեթէ միշտ պատասխան են տալիս այն կազմակերպութիւններին եւ երկրներին, որոնք կանխաւ դատապարտում են ընտրութիւնները: Արտաքին գործերի նախարար Գէորգի Պետրոսեանը, մեկնաբանելով Եւրոխորհրդի բարձրաստիճան պաշտօնեաների յայտարարութիւնները, ցաւով նկատել է, որ Եւրոխորհրդի ներկայացուցիչները, որոնք կոչուած են համարկման գործընթացներով պաշտպանել եւ առաջ տանել ժողովրդավարութեան գաղափարներն ու սկզբունքները, ապահովել մարդու իրաւունքներն ու օրէնքի գերակայութիւնը, դատապարտում են ընտրութիւնների անցկացումը Լեռնային Ղարաբաղում:
«Դրանով իսկ նրանք կասկածի տակ են առնում ընտրութիւնների հաստատութիւնը, որպէս ժողովրդավարութեան կարեւոր բաղադրիչ, ինչը հակասում է Եւրոպայի խորհրդի կանոնադրութեանը: Եւ եթէ եւրոպացի պաշտօնեաները հակուած չեն աջակցելու ԼՂՀ ժողովրդավարական գործընթացներին, ապա մենք կարող ենք ակնկալել, որ նրանք գոնէ չխանգարեն մեր հանրապետութիւնում ժողովրդավարական հաստատութիւնների ամրապնդմանը: Մենք խորապէս համոզուած ենք, որ ժողովրդավարացումը կարեւոր նախադրեալ է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համար, քանի որ այն ենթադրում է այնպիսի մեքանիզմների ստեղծում, որոնք հնարաւորութիւն են ընձեռում ցանկացած հակամարտութիւն լուծել բացառապէս խաղաղ միջոցներով: Հէնց դրան է ձգտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Բնական կը լինէր, եթէ այդ ձգտումը պաշտպանէին նաեւ եւրոպական տարբեր կառոյցների ներկայացուցիչները», յայտարարել է Գէորգի Պետրոսեանը: