Հայաստանի Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան, «Թաթոյեան» հիմնարկի տնօրէն Արման Թաթոյեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ կ՛ահազանգէ, որ, ըստ Ատրպէյճանի երեւակայածին ծրագիրի մը, շարք մը եկեղեցիներ եւ վանքեր կը պատկանին «հինաւուրց Ատրպէյճանին»։
«Հայաստանի զաւթման (բռնագրաւման) ադրբեջանական իշխանութեան ծրագրով Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պօղոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին եւ Ախթալայի Սուրբ Աստուածածին վանքը պատկանում են «հինաւուրց Ադրբեջանին»: Ըստ այդ ծրագրի կեղծ տուեալների` հայկական Գոշավանքն ալբանական (թուրքական) տաճար է թուրքական սուլթանութեան տարածքում, եւ հայերը մեղադրւում են իբր դրա «իրական» թուրքական անունը փոխելու մէջ: Ադրբեջանական ծրագրի համաձայն` վանքի գտնուելու տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է, իսկ առաջին հայերը «բերուել» են Իրանից եւ Թուրքիայից 19րդ դարի սկզբին, որից յետոյ էլ նրանք իւրացրել են տաճարը: Հայաստանի զաւթման ծրագրի կեղծիքների համաձայն` Ադրբեջանին է պատկանում Ապարանի հայկական Սուրբ Պողօս-Պետրոս բազիլիկ եկեղեցին: Իբր դա «հին թուրքական տաճար է, որը կառուցել են թուրքական ցեղերը 5րդ դարում, իսկ հայերն առաջին անգամ Ապարան են բերուել եւ բնակեցուել Թուրքիայից 1829-1830թթ: Ըստ ադրբեջանական յօրինուած ծրագրի` այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջան»ի անբաժան մասն է Ախթալայի հայկական Սուրբ Աստուածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչեւ 20րդ դարի կէսերը հայեր իբր չեն ապրել», գրած է Թաթոյեան։