Ռ. ԿՈՐԻՒՆ
Մեր լոս անջելէսեան հայ թերթերից մէկն է «Ասպարէզ»ը, միակ օրաթերթը՝ իր լրիւ հայերէն էջերով, հայադրոշմ ու հայաոգի բովանդակութեամբ, լծուած տեղեկատւութեան առաքելութեան Հայաստանից, Սփիւռքի գաղթօջախներից եւ այլ երկրներից:
Ներկայ ժամանակների առումով, հայերէն թերթ պահելը մեծ դժուարութիւնների է նայում, սակայն որպէս ազգային պարտականութիւն եւ ծառայութիւն՝ հրատարակումը կատարւում է զոհողութիւններով, հասարակութեան իրազեկ դարձնելու հայկական կեանքի իրադարձութիւնները, սերունդների մէջ առկայծուն պահելու հայկական ոգին եւ հայրենասիրութիւնը:
024ի Ամանորի առիթով, մեր սրտագին բարեմաղթանքներն ենք յղում «Ասպարէզ»ի մեծարգոյ խմբագրութեան կազմին, ցանկանալով քաջառողջութիւն, անսպառ ուժ ու կորով՝ անխափան հրատարակելու թերթը: Յուսով եկող տարին ցանկութիւնների եւ երազանքների ի կատար ածելու տարի լինի Հայաստան աշխարհի եւ համայն հայութեան համար:
Անցնող տարուան մեր սպասելիքներից որեւէ մէկը չիրականացաւ, այլ կորուստներին աւելացաւ Արցախի մեր հայութեան բռնի արտահանումը Ատրբէյջանի կողմից՝ ռուս պահակազօրքի օգնութեամբ: 2018ից ի վեր, այս մի պուճուր Հայաստանը գնալով աւելի պուճուրանում է, ճիւղակտոր է դառնում. մինչեւ ե՞րբ պիտի շարունակուի այս վիճակը իշխանաւորների անգիտակ քաղաքականութեան հետեւանքով:
Յուսով շրջահայեաց քաղաքականութեամբ եւ հայկական շահերի որդեգրումով եւ անվեհեր պաշտպանողական դիրքերում գոնէ 2024ի ընթացքում ուրախալի գործընթացների ականատեսը լինենք: