Կենտրոնական Ասիայի հիմնական կրօնն իսլամն է, որն այստեղ է ներթափանցել 7-8րդ դարերում՝ արաբների արշաւանքների ժամանակ, ինչի արդիւնքում տարածաշրջանի մի զգալի հատուածը մաս է կազմել արաբական խալիֆայութեան: Կենտրոնական Ասիան աւանդականօրէն համարուել է իսլամական մշակոյթի եւ գիտութեան կարեւորագոյն կենտրոն:
ԽՍՀՄ փլուզումից յետոյ Կենտրոնական Ասիայում իսլամի արմատաւորումն ընթացաւ տեղական պայմաններին յատուկ հանգամանքներում՝ առանձին դէպքերում կրելով միջազգային իսլամական կենտրոնների եւ տարածաշրջանային բարդ գործընթացների ազդեցութիւնը:
Կենտրոնական Ասիայի հանրապետութիւններում իսլամը ներկայացուած է հիմնականում սիւննի ուղղութեամբ, տարածուած է նաեւ շիի, ինչպէս նաեւ ժողովրդական իսլամը, ինչը նկատի է առնում սուֆիական եղբայրութիւնների գործունէութիւնը։
Տարածաշրջանի բնակչութեան մեծ մասն իրեն համարում է մահմետական՝ չնայած սեփական կրօնի ոչ համապարփակ իմացութեանը: Յատկանշական է, որ ցեղային աւանդոյթն էապէս նպաստել է տեղական իսլամի գործառոյթին:
Ի դէպ, այսօր Կենտրոնական Ասիայում, կապուած խորհրդային շրջանի կրօնական եւ ազգային քաղաքականութեան սահմանափակումների հետ, իսլամը հիմնականում պայմանաւորում է հասարակութեան աւանդութային ու կենցաղային կողմերը եւ ընկերային-քաղաքական կեանքում դեռեւս մեծ դերակատարում չունի:
Այդուհանդերձ, Կենտրոնական Ասիայում իսլամի վերածնունդը նոր իրողութիւններ մտցրեց տեղական հասարակութիւնների կեանքում: Շատ երիտասարդներ մեկնեցին իսլամական երկրներ՝ կրօնական կրթութիւն ստանալու, մեծ հետաքրքրութիւն առաջացաւ արաբերէնի նկատմամբ, աւելացաւ մզկիթների, կրօնական դպրոցների՝ մետրեսէների եւ իսլամական բարձրագոյն համալսարանների թիւը, իրենց գործունէութիւնը սկսեցին աշխուժացնել իսլամական միսիոներները:
Անկախութեան ձեռքբերումից յետոյ կենտրոնասիական հանրապետութիւններում աստիճանաբար սեփական հետաքրքրութիւնները սկսեցին հետապնդել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք ուժեր, այդ թւում՝ Ռուսաստանը, ԱՄՆը, Թուրքիան, Իրանը, Փաքիստանը, Չինաստանը, Սէուտական Արաբիան, Իսլամական խորհրդաժողովի անդամ այլ երկրներ, ինչպէս նաեւ առանձին եւրոպական պետութիւններ: Յիշեալ խնդրի իրականացման համար կարեւորագոյն գործօն էր հէնց իսլամը:
Այս համաթեքսթում տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրութիւն ունեցող պետութիւններն ընդհանուր առմամբ ներկայացնում էին երկու խումբ: Առաջին խումբը կողմ էր կենտրոնասիական երկրների որոշակի իսլամականացմանը կամ սեփական բնորդի նմանութեամբ զարգացմանը (Իրան, Թուրքիա, Ս. Արաբիա, Փաքիստան):
Մինչդեռ միւս խումբը՝ ԱՄՆ, եւրոպական երկրներ, Ռուսաստան, Չինաստան, Իսրայէլ, կողմ էր, որ տարածաշրջանի պետութիւնները զարգանան աշխարհիկ իսլամական բնորդով: Անկախութեան հռչակման առաջին իսկ օրուանից կենտրոնասիական երկրների ղեկավարները, որոնց մեծ մասի նախկին գործունէութիւնն առնչւում էր կոմունիստական շրջանի հետ, յայտարարեցին իրենց կապուածութիւնը զարգացման աշխարհիկ ուղուն, ինչը հետագայում ամրագրուեց այդ երկրների սահմանադրութիւններում:
Առհասարակ, կենտրոնասիական կառավարութիւնները հետամուտ են երկու հիմնական խնդրի: Առաջին. վերահսկել քաղաքական իսլամի (չափաւոր, թէ արմատական) ընդլայնումը՝ պաշտօնական իսլամից դուրս իսլամի ցանկացած դրսեւորում դիտարկելով որպէս սպառնալիք պետական համակարգին եւ անվտանգութեանը: Երկրորդ. օգտագործել իսլամը՝ հիմնաւորելու իշխանութեան օրինականութիւնը, գաղափարներն ու ծրագրերը։
Սակայն այսօր էլ տարածաշրջանի պետութիւնների քաղաքական դաշտում գործում են ուժեր, որոնք կողմնորոշուած են դէպի իսլամի քաղաքական գաղափարախօսութիւնը:
Իսլամիստների առաջին լուրջ դրսեւորումը տեղի ունեցաւ Իւզպէկիստանում, որտեղ ենթարկուելով բռնութիւնների՝ նրանք տեղափոխուեցին Տաճիկիստան, այնտեղից էլ՝ Աֆղանստան. այստեղ ձեւաւորուեց «Թալեպան»ի աջակցութիւնը վայելող «Իւզպէկիստանի իսլամական շարժումը»: 1990ականների սկզբներին Իւզպէկիստանում իր գործունէութիւնը սկսեց ծաւալել նաեւ Մերձաւոր Արեւելքի արաբական մի շարք երկրներում գործող «Հըզպ թահրիր ալ իսլամի» իսլամիստական կազմակերպութեան մասնաճիւղը, որն այդտեղից տարածուեց հարեւան երկրներ:
Իսլամական գործօնը զգալի դերակատարութիւն ունեցաւ Տաճիկիստանի քաղաքական կեանքում յատկապէս քաղաքացիական պատերազմի (1992-1997) շրջանում: Ընդդիմութիւնը ղեկավարում էր «Իսլամական վերածննդի կուսակցութիւնը» (ԻՎԿ):
Յատկանշական է, որ կուսակցութիւնն իր գործունէութիւնը սկսել էր դեռեւս կորպաչովեան շրջանում՝ 1980ականներին, եւ նպատակ ունէր բարձրացնել խորհրդային մահմետականների իսլամական ինքնութիւնը, մէկ միասնական դիրքորոշում մշակել կոմունիստական վարչակարգի դէմ։ 1997ին կնքուած հաշտութեան պայմանագրով, ճիշդ է, ԻՎԿն օրինականացուեց, սակայն զգալիօրէն թուլացաւ՝ յօգուտ նախագահ Է. Ռահմանովի, որը ամրապնդեց իր դիրքերն իշխանական լծակներում:
ԻՎԿն Տաճիկիստանում պաշտօնապէս գրանցուած է որպէս իսլամական կուսակցութիւն, ինչը հազուադէպ երեւոյթ է Կենտրոնական Ասիայի պարագայում: Իսլամական գործօնի ազդեցութեամբ Քիրկիզիստանում եւ Իւզպէկիստանում 1999-2000 ռազմական գործողութիւններ իրականացրեց «Իւզպէկիստանի իսլամական շարժումը», իսկ 2004թ. ահաբեկչական գործողութիւններ տեղի ունեցան Իւզպէկիստանի մայրաքաղաքում:
Այսօր կենտրոնասիական հանրապետութիւնների կառավարութիւններին կից գործում են կրօնական գործերով զբաղուող մարմիններ, որոնք պատասխանատու են կրօնական կազմակերպութիւնների եւ մզկիթների գրանցման ու գործունէութեան վերահսկման համար: Առանց յիշեալ կառոյցի թոյլտուութեան՝ կրօնական գործունէութիւնը չի կարող օրինական լինել: Պետութիւնը գործուն դերակատարութիւն ունի նաեւ կրօնական առաջնորդների նշանակման հարցում եւ վերահսկում է նաեւ բարձրաստիճան հոգեւորականութեանն ու պաշտօնական իսլամի կառոյցները։
Նման մօտեցումն առանձին դէպքերում համարժէք չի ընկալւում։ Կան իմամներ, ովքեր կառավարութեան միջամտութիւնը կրօնական գործերին ոչ միշտ են համարում ընդունելի եւ շատ դէպքերում ձգտում են ազատ գործունէութեան, ինչի համար հետապնդւում են: Մինչդեռ իշխանութիւնները նմանօրինակ քայլերը հիմնաւորում են արմատական իսլամիզմի նկատմամբ վերահսկողութիւն հաստատելու անհրաժեշտութեամբ։
Իսլամական կրթութեան եւ գիտելիքի մակարդակը տարածաշրջանի երկրներում ընդհանուր առմամբ ցածր է: Մետրեսէները շատ դէպքերում անմխիթար վիճակում են, իսկ հոգեւոր սպասաւորները՝ մասնաւորապէս մոլլաները, հիմնականում կիսագրագէտ են: Այս լոյսի ներքոյ ժողովրդականութիւն կարող են ունենալ միսիոներները, որոնց քարոզներն առաւել համոզիչ են թւում:
Կան կանխատեսումներ, որ յառաջիկայում տարածաշրջանում իսլամի քաղաքականացումը կարող է առաւել աշխոյժ փուլ մտնել, ինչը հիմնականում պայմանաւորուած կը լինի ոչ այնքան քաղաքական, որքան ընկերային եւ տնտեսական գործօններով, ինչպէս նաեւ համաշխարհայնացման գործընթացներով: Տեսակէտներ կան նաեւ այն մասին, որ ահաբեկչական գործողութիւնների հնարաւորութիւնը նոյնպէս մեծանալու է, քանի որ տեղի է ունենում ահաբեկչական ենթակառուցուածքների աստիճանական ձեւաւորման գործընթաց:
Ներկայումս Կենտրոնական Ասիայում գործում են միջազգային ահաբեկչական կազմակերպութիւնների մի շարք մասնաճիւղեր եւ տեղական արմատական կառոյցներ: Դրանցից են «Քայիտա»ն, «Հըզպ թահրիր»ը, «Իւզպէկիստանի իսլամական շարժումը», «Արեւելեան Թուրքեստանի իսլամական կուսակցութիւնը», «Քրտական ազգային քոնկրէս»ը, «Օսպաթ ալ անսար»ը, «Մուսուլման եղբայրները», «Պոզ գուրդ»ը, «Կենտրոնական Ասիայի մոճահէտների միութիւնը», «Լաշքարի թայպա»ն, «Ընկերային բարեփոխումների միութիւնը», «Թալեպան»ը, «Թապլիղի ճամաաթ»ը եւ այլն, որոնց գործունէութիւնը որոշակիօրէն աշխուժացաւ Սեպտեմբերի 11ից յետոյ:
Առանձին փորձագէտների համոզմամբ՝ շուրջ 55 միլիոն բնակչութիւն ունեցող տարածաշրջանում ամենավտանգաւոր ընդյատակեայ իսլամիստական կազմակերպութիւնը «Հըզպ թահրիր»ն է, որի գաղափարախօսութեան հիմքում ընկած է աշխարհիկ վարչակարգերի տապալման ու իսլամական տիպի պետութիւնների ստեղծման գաղափարը՝ յանուն արդարութեան եւ բարեկեցութեան վերականգնման: Վերջնական նպատակը տարածաշրջանում իսլամական խալիֆայութեան ստեղծումն է:
Կազմակերպութեան հռետորականութեան մէջ մեծ տեղ են զբաղեցնում հակաամերիկեան քարոզչութիւնը, Արեւմուտքի դէմ սրբազան պատերազմի կոչերը: Փորձագիտական տուեալների համաձայն՝ Կենտրոնական Ասիայում «Հըզպ թահրիր» շարժման անդամների թիւը 15-20 հազար է: Նրա գործունէութեան հիմնական դաշտը Ֆերգանայի հովիտն է:
Իւզպէկ իշխանութիւնները շարժումը մեղադրում են 2004թ. Թաշքենտի պայթիւնների կազմակերպման եւ 2005թ. Անտիճանի յայտնի դէպքերին մասնակցութիւն ունենալու մէջ: Շարժումն աշխոյժ գործունէութիւն է ծաւալում նաեւ Քիրկիզիստանում: Միայն 2006թ. շուրջ 3000 մարդ է հաւատարմագրուել այդ կառոյցին, որը, որպէս կանոն, գործում է խիստ գաղտնի: Շարժումն ունի տպագրութիւն, եւ մեծ տպաքանակով գրականութիւն ու թռուցիկներ են հրատարակւում։
Տարածաշրջանում իսլամիստական կազմակերպութիւնների գործունէութեանն էապէս նպաստում են մի շարք գործօններ՝ ընկերային բեւեռացումը, գործազրկութիւնը, աղքատութիւնը, փտախտը, սահմանների թափանցիկութիւնը, միջէթնիք հակասութիւնները եւ, վերջապէս, աշխարհաքաղաքական հարեւանութիւնը քաղաքական առումով ոչ կայուն տարածաշրջանների՝ Կովկասի, Աֆղանստանի, ույղուրական Սինցզեանի հետ (Չինաստան): Այս հանգամանքները տարածաշրջանը դարձնում են աւելի խոցելի:
Իսլամիստական կազմակերպութիւնների գործունէութեան կարեւոր երեսներից մէկը ընկերային ուղղուածութիւնն է: Վերջիններս բարեգործական տարբեր ծրագրեր են իրականացնում անապահով շրջաններում, մասնաւորապէս գիւղական բնակավայրերում՝ առաջին հերթին ձգտելով աջակցել գործազուրկ եւ անապահով երիտասարդներին, այդպիսով շահելով զանգուածների համակրանքը: Կենտրոնական Ասիայի հանրապետութիւնների վարչակարգերի ներքին քաղաքականութեան ամենաբնորոշ եւ ընդհանուր գծերից մէկը անողոք եւ անզիջում պայքարն է իսլամական արմատական ուժերի դէմ:
Սակայն, չնայած շօշափելի արդիւնքներին, իշխանութիւններին այդպէս էլ չի յաջողւում արմատախիլ անել իսլամիստական այլախոհական շարժումները, ինչը կապուած է մի շարք հանգամանքների հետ: Մի կողմից՝ հէնց բռնութիւններն են, որ նպաստում են շարժումների ընդլայնմանը եւ հետագայ արմատականացմանը, միւս կողմից՝ իշխանութիւնների ընկերային-տնտեսական անյաջող քաղաքականութիւնը չի նպաստում այդ երեւոյթի յաղթահարմանը:
2007թ. Յունուարի 11ին ԱՄՆ Ազգային հետախուզութեան ծառայութեան այդ ժամանակուայ ղեկավար Ճ. Նեկրոփոնթէն, ներկայացնելով երկրի անվտանգութեանն առնչուող համաշխարհային ռիսքերը, առանձնացրեց կենտրոնասիական հանրապետութիւնները: Նա նշեց, որ բռնութիւնները, քաղաքական լճացումն ու փտախտը, որ բնորոշ են այդ երկրների վարչակարգերին, նպաստաւոր պայմաններ են ստեղծում արմատական իսլամական տրամադրութիւնների եւ շարժումների ձեւաւորման համար:
Այս հանգամանքը, ԱՄՆ տեսանկիւնից, կասկածի տակ է դնում այդ երկրների յուսալիութիւնը ուժանիւթի եւ հակաահաբեկչութեան դէմ պայքարի համագործակցութեան ոլորտներում:
Կենտրոնական Ասիայի գծով մասնագէտ Մարթա Պրիլ Օլքոթի կարծիքով՝ ԱՄՆը միայն Սեպտեմբերի 11ից յետոյ առաւել յստակ գիտակցեց Կենտրոնական Ասիայի ռազմավարական նշանակութիւնը, իսկ մինչ այդ տարածաշրջանը Ուաշինկթընի համար հետաքրքրութիւն էր ներկայացնում սոսկ Կասպիական շրջանի ուժանիւթի պաշարների առումով:
Սեպտեմբերի 11ից յետոյ ԱՄՆը տարածաշրջանում իր ազդեցութեան մեծացմանն ուղղուած քայլեր արեց, ինչը, սակայն, չէր կարող արդարացնել տարածաշրջանի վարչակարգերի սպասելիքները, որոնց քաղաքական կողմնորոշումներում Ռուսաստանն աստիճանաբար տիրապետող դարձաւ:
Իշխանութիւններն, իրենց հերթին, չկարողացան յաջողութեամբ իրականացնել քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները։ Արդիւնքում՝ տարածաշրջանում պարարտ հող գտան իսլամիստական ուժերը:
Ակնյայտ է, որ Կենտրոնական Ասիան վերջին շրջանում որոշակիօրէն իսլամականացել է: Իսլամը որոշ չափով տիրապետող է դարձել մասնաւորապէս ընկերային ոլորտում: Մեծացել է իսլամական գլխաշոր կրողների, ինչպէս նաեւ իսլամական ծիսակարգին հետեւողների թիւը, բացուել են «հալալ» սիսթեմի խանութներ (որտեղ իսլամական սնունդ է վաճառւում), իսկ Մեքքէ ուխտի գնալը տարածում է գտել թէ՛ հասարակ ժողովրդի, թէ՛ պաշտօնեաների շրջանում։ Հարսանիքները նոյնպէս առաւելաբար սկսել են անցկացուել իսլամական ձեւով, ինչը նկատի է առնում խնճոյքին կանանց եւ տղամարդկանց առանձին նստելը, ալքոհոլային խմիչքների ու բարձր երաժշտութեան արգելքը:
Յատկանշական է, որ վերջերս Ղազախստանում կանանց թոյլատրուել է անձնագրի համար լուսանկարուել գլխաշորով:
Տաճիկիստանում շատ դէպքերում նման թոյլտուութիւն տալիս են, մինչդեռ Թիւրքմէնստանում, Իւզպէկիստանում եւ Քիրկիզիստանում կանայք նման թոյլտուութիւն դեռեւս չունեն: Իշխանութիւններն աշխուժօրէն պայքարում են, որպէսզի աղջիկները կրթական հաստատութիւններում գլխաշոր չկրեն: Տաճիկիստանում եւ Քիրկիզիստանում արձանագրուեցին դէպքեր, երբ ուսանողուհիները գերադասեցին հրաժարուել կրթութիւնից, բայց ոչ՝ գլխաշորից:
Գլխաշոր կրելու թոյլտուութիւն ստանալու տեսանկիւնից հետաքրքրական է 2007թ. Յուլիսին օտար լեզուների տաճիկական հիմնարկի ուսանողուհիներից մէկի հայցն ընդդէմ իր հիմնարկի եւ կրթութեան նախարարութեան, որը, սակայն, մերժուեց: Իշխանութիւնների հաւաստիացմամբ՝ գլխաշորը որեւէ ձեւով չի վտանգում կրօնը դաւանելու ազատութիւնը, մինչդեռ հակասութեան մէջ է մտնում աշխարհիկ պետութեան սկզբունքների հետ:
Կրօնականացուածութեան մակարդակով որոշակիօրէն աչքի է ընկնում Ֆերգանայի հովիտը: Մասնաւորապէս, Ֆերգանայի իւզպէկական՝ արեւելեան հատուածում այսօր աշխարհիկ օրէնքները, չնայած իշխանութիւնների ձեռնարկած ջանքերին, աստիճանաբար դուրս են մղւում՝ իրենց տեղը զիջելով շարիաթի օրէնքներին: Այստեղ կանանց գերակշիռ մեծամասնութիւնն իսլամական տարազ է հագնում: Իսլամական արմատական կազմակերպութիւնները Ֆերգանայում օրըստօրէ աւելանում են: