Ռ. ԿՈՐԻՒՆ

Թուրք իշխանաւորների դարաւոր նկարագիր, դարաւոր հոգեկան խառնուածք: Հեռու միջին ասիական տափաստաններից գոչելով, գալով եւ ահաբեկելով ու կոտորելով բնիկներին տիրել են նրանց օջախներին, օրրանին եւ հայրենիքին, այսպիսով աշխարհում այս դիրքն են գրաւել եւ այս 21րդ դարում նոյնիսկ դարձեալ նոյն տիրելու ընթացքն են շարունակում, վտանգ սպառնալով եւ կրկին եւս ձգտում են պանիսլամիստական կայսրութիւն ստեղծել, ստրկացնելով երկրներին:
Ներկայ աշխարհաքաղաքական վիճակում որչափով կը յաջողեն, ապագան ցոյց կը տայ, բայց իմ կարծիքով երկրների ժողովուրդները լաւապէս թուրք իշխանաւորների շովենիստական (ազգայնամոլ) եւ արիւնարբու քաղաքականութեան վարուելակերպից տեղեակ են եւ որպէսզի նրանց թակարդը չընկնեն, պայքարելու են, նրանց լարախաղաց քաղաքականութեան զոհը չդառնալու համար:
Թուրք իշխանաւորները շարունակ քանդող, կողոպտող եւ թալանող են եղել. խնդրեմ, նրանցից մի ձեռագործ կոթողային հնութիւն ցոյց տուէք, ինչ որ կայ եւ ցուցադրութեան է դրուած ուրիշների հանճարեղ գործերն են: Չեմ ուզում յիշել հայերի մշակութային, ճարտարապետական եւ այլ ու այլ բնագաւառներում ծառայութիւնները։ Իսկապէս թուրք իշխանաւորներ դուք շատ ապերախտ ու ատելի հոգեբանութիւն ունէք: Յիշում է՞ք, որքան անմեղ, շինարար, գործունեայ, արուեստագէտ եւ ձեր վերելքին ու բարգաւաճման համար ծառայութիւններ մատուցած հայերի գլուխներ էք ջախջախել, մէկ ու կէս միլիոնից աւելի հայեր կոտորել եւ նրանց երկիրն ու ունեցուածքը սեփականացրել։ Եթէ հայերը ձեր նկատմամբ այսպիսի անմարդկային, վայրենի արարքներ ցուցաբերէին, հարց եմ տալիս ձեզ. «Դուք ինչ կ՛անէիք նրանց»։ Մտածէք, տեսնեմ, ի՞նչ կ՛անէիք, անպայման…
Իսկապէս դուք ցեղասպան էք, դուք ուրացող եւ սարսափելի էակներ էք, որեւէ ձեւով ձեզ չի կարելի վստահել, միթէ այն, որ մարդասէր, խղճամիտ, ոչ կրօնամոլ, ոչ շովենիստ ղեկավարներ կառավարեն թուրք ժողովուրդներին եւ այլ կրօնի երկրների հետ բարի դրացիական՝ հաւասարը հաւասարի հետ յարաբերութիւններ ունենան: Կարելի՞ է այդպիսի ազնուութիւն եւ մարդասիրութիւն սպասել թուրք իշխանաւորներից…
Ատրբէյջանցի ոսոխը այս անգամ եւս ռուս իշխանաւորների (ռուսական պահակազօրքի) օժանդակութեամբ հազարաւոր տարիների անցեալ ունեցող բնիկ ժողովրդին սպառնալիքներով, վերից ու վարից հրթիռակոծելով Արցախի բնակչութեան հարկադրեցին փախուստի դիմել, քանի որ եթէ մնային Նախիջեւանի, Շուշիի, Սումգայիթի եւ Բաքուի պէս կոտորածի պիտի ենթարկուէին։ Իսկապէս շատ զարմանալի է, որ նրանք ասում են հաւատացեալ իսլամ ենք եւ սիրում ենք մեր կրօնը, պաշտում ենք մեր «Ղուրան»ը։ Եթէ դուք ճշմարտօրէն հետեւէիք ձեր մարգարէի պատգամներին, այսպիսի անմարդկային արարքներ, սրտաճմլիկ ու սարսափելի կոտորածներ չէիք ձեռնարկի, դուք ձեր պաշտած կրօնի սրբութիւններին հակառակ անարդարացի գործողութիւններ էք կատարում, եւ աշխարհում ձեր այսպիսի անմարդկային արարքներով վատահամբաւ անուն էք ձեւաւորել:
Խելքի եկէք, խիղճ, գութ ունեցէք ձեր հարեւանների նկատմամբ: Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ իր շրջաններով, շուրջ 12,000 քլմ․, հազարաւոր տարիներ հայեր են ապրել, գոյութիւն ունեցող կոթողները, պատմական փաստացի գրքերն են վկայում բնիկ հայերի գոյութիւնը, նրանք խաղաղ ապրում էին նախքան ձեր յայտնուելը Հարաւային Կովկասում: Նախկինում Ատրբէյջան գոյութիւն չի ունեցել, Ստալինը Ղարաբաղն ու Նախիջեւանը, որպէս ինքնավար մարզեր, ճանաչեց որպէս Ատրբէյջանի տարածք (այդ լիրբը ապագայ հաշիւներից մղուելով ձեզ նուիրեց, ձեզ իր հլու հպատակը դարձնելու համար): Ռուս իշխանաւորների եւ ձեր «եղբայր» Էրդողանի շնորհիւ այսօրուայ դիրքն էք ձեւակերպել:
Ռուսներին շողոքորթելով, խաբելով եւ համոզելով հայերին՝ Արցախից սարսափահար հեռացրեցիք եւ անամօթաբար զօրահանդէս էք կատարում եւ պարծենում էք, որ ձերն է այդ երկիրը․ երբեք այդ տարածքները՝ Արցախը, Նախիջեւանը ձեզ չեն պատկանել: Դուք զօրահանդէս կատարելով կամ ոտք դնելով այդտեղ այդ հողը պղծում էք, քանի որ նա նահատակ հայերի սուրբ արիւնով է թաթախուած: Ամբողջ Արցախը հայերն են կառուցել․ դուք անբան եւ կողոպտիչներ կառուցելու շնորհք չէք ունեցել:
Այսպէս չի մնայ, եթէ հայը թողնի, որ այսպէս անամօթաբար տիրէք եւ վայելէք․ թող հազար անգամ ամօթ իրեն, որ պապենական ծննդավայրը թողնի ձեր պէս պիղծերը վայելեն եւ յոխորտան ու լկտիանան:
Մօտենում ենք 2024ի տարեմուտին, աշխարհի շատ երկրներ պատրաստւում են ուրախ սրտերով ու բերկրանքով տօնելու ճոխ հանդէսներով, սակայն արցախցին, զրկուած բնակարանից ու ունեցուածքից եւ շատ-շատեր նահատակ եւ հաշմանդամ զաւակներով, ինչ սրտով ու հոգով տօնական սեղան բացի թափառական ու ցիր ու ցան վիճակում, թախիծը դէմքին, անյոյս ապագային մտածմունքների մէջ թաղուած:
Ո՛վ տնազուրկ արաւ, ո՛վ այս անել վիճակն ստեղծեց, ո՛վ է սպառնալիքի տակ պահում հայութեան․ անկասկած՝ չարահամբաւ թշնամին՝ Ալիեւներն ու Էրդողանները, որոնք միասնական հսկայ ուժերով, իրենց միացրած ահաբեկիչներ եւ այլ երկրների «մոջահիդ»ներ, 2020ին յարձակուեցին Արցախի վրայ, քառասուն չորս օրեայ պատերազմում հազարաւոր երիտասարդ սպաննեցին, վիրաւորեցին եւ հսկայական վնասներ տուին հայութեան: Ահա այս խեղճ ու կրակ վիճակում արցախցին ինչպէս ուրախ սրտով Ամանոր տօնի:
Խորշակն է փչել մեր տունն հայրենի,
Վիշտ ու ցաւ է բերել թշնամին,
Տնազուրկ է արել արցախցուն
Որ իրեն ենթարկի երկիրն հայոց:
Հայեր պէտք չէ որ տարուէք թմրեցնող խօսքերով: Շարունակ մեզ յոյս ենք տուել, թէ` «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան», անցնում են, բայց ինչ անցնել: Չեմ ասում համբերութիւնը սխալ է, քաւ լիցի, ընդհակառակը դրական հետեւանք է ունենում, սակայն մերը չափից անցել է եւ դարերով լուռ տառապել ենք: Ցաւը բուժելու համար պէտք է պատճառն իմանալ, ոչ թէ լռելեայն տանջուել: Խաւարը լոյսով է փարատւում, տառապանքը խելամտութեամբ, ոչ թէ չարի դիմաց կուրօրէն համբերելով: Ո՞րտեղից է այսքան տանջանք ու չարչարանք պահուած մեզ համար:
Բագրատունեաց եւ Կիլիկեան թագաւորութեանց անկումից ի վեր միշտ հալածուել, ջարդուել, կոտորուել եւ թափառական դարձել: Խելքի եկէք հայ իշխանաւորներ, ազգային գաղափարախօսութեամբ ու հայրենասիրութեամբ զինուէք, օտարամոլութիւնը, ընչաքաղցութիւնը, աթոռամոլութիւնը եւ իրար նկատմամբ գոռոզութիւնը մոռացէք, չար նախանձը ձեզանից հեռացրէք եւ խելացի ու գիտակից անձերի ընթացք տուէք երկիր կառավարեն: Այսպէս «սեւ ու սպիտակ»ով տեղ չենք հասնի, օրէցօր մաշւում ենք եւ այսպիսով ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին: Միասնականութեամբ առաջնորդուէք հայրենիքի շահը ամէն ինչից բարձր դասելով:
Սանլանդ,
Լոս Անջելէս