
C վիտամինը (կենսանիւթ) կամ ասկորբաթթուն անփոխարինելի սննդանիւթ է, որն անհրաժեշտ է օրգանիզմի ճիշդ աճի եւ հիւսուածքների վերականգնման, այդ թւում՝ մաշկի համար: Քանի որ C վիտամինի նման նիւթերն օրգանիզմում չեն արտադրւում, ապա դրանք պէտք է ընդունել յաւելումների կամ սննդի միջոցով՝ ցիտրուսներ (կիտրոնազգի), ելակ, բրոկոլի (բրքուկ), ինչպէս նաեւ կարմիր եւ կանաչ պղպեղներ: Վիտամին C-ի ամենօրեայ չափաբաժինն հնարաւոր է կարգաւորել առողջ սննդի օգնութեամբ, իսկ անբաւարարութեան դէպքում կարելի է յաւելումներ ընդունել: Քանի որ մարմինը չի կուտակում վիտամին C-ն, ուստի թարմ մրգերն ու բանջարեղէնը անհրաժեշտ է օգտագործել ամէն օր:
C վիտամինի շուրջն աղմուկն իր յստակ պատճառն ունի. այն իսկապէս աշխատում է մաշկի բազմաթիւ խնդիրների հետ՝ մաշկի խամրած երանգ, կնճիռներ, գերգունակաւորում եւ անհամաչափ երանգի այլ նշաններ, որոնք կարող են առաջանալ արեւի ազդեցութեամբ:
C վիտամինը յայտնի է նաեւ իր հակաօքսիդիչ յատկութիւններով. այն նուազեցնում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցութիւնն՝ առաջացած գերմանուշակագոյն ճառագայթման կամ աղտոտուած օդի պատճառով: Վիտամինը սկսում է վերականգնման բնական գործընթացը՝ վերականգնելով վնասուած բջիջները՝ մաշկի առողջ երանգի եւ փայլի համար:
Միաժամանակ, C վիտամինը ճնշում է մաշկի մէջ մելանինի արտադրումը եւ նուազեցնում է գունակային հետքերի տեսանելիութիւնը՝ մաշկի երանգն աւելի համաչափ եւ շողացող դարձնելու համար:
C վիտամինը խթանում է կոլագենի եւ էլաստինի արտադրումը, երիտասարդեցնում է մաշկը եւ այն դարձնում աւելի հարթ եւ ձիգ: Վիտամին C-ի բացակայութեան դէպքում վէրքերն ուշ են լաւանում:
Վիտամին C-ն արեւապաշտպան է, օգնում է վիտամին E-ի պաշարի կլանմանը, որը մաշկի հիմնական հակաօքսիդիչն է:
Չմոռանանք նաեւ դիմակների մասին` վիտամին C-ով հարուստ մրգերը մաշկը կը բարելաւեն նաեւ դիմակների տեսքով:
ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐԻ ԴԻՄԱԿ
4 կտոր թարմ արքայախնձորը տրորել 1 ճ/գ ձիթապտղի իւղի եւ 1 թ/գ մեղրի հետ:
Խառնուրդը քսէք դէմքին, թողէք 15 րոպէ։ Լուացէք գոլ ջրով։
ԿԻՏՐՈՆՈՎ ԴԻՄԱԿ
Թարմ քամած կիտրոնի հիւթին աւելացրէք աղացած վարսակի փաթիլներ եւ փոքր տարայի մէջ խառնէք մինչեւ համասեռ զանգուած ստանաք: Դէմքը մաքրէք եւ քսէք այս դիմակը: Թողէք այն մնայ դէմքին 20-25 րոպէ, ապա լուացէք ջրով: