ՍԵՐԻՆԷ ԱՐԱՄԵԱՆ

Նոյեմբերի 4ն իրական տօն էր «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցում։ Օրուայ հոգեւոր պատգամի սկզբում, Արեւմտեան թեմի շաբաթօրեայ վարժարանների հոգեւոր տեսուչ եւ «Փոքրիկ Հրեշտակներ»ի տնօրէն, Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը սովորականի նման ողջունեց կրթօջախի սաներին եւ մնացեալ հիւրերին՝ այս անգամ զրուցելով հայ մշակոյթի, երգարուեստի մասին՝ շեշտը դնելով առաւել ճաշակով սերունդ ձեւաւորելու վրայ։
Սպասուած անակնկալը տեղի ունեցաւ, եւ Բրբենքի Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարն իր դռները բացեց «Փոփ Արտ» երաժշտանոցի առջեւ՝ ժողովրդական երգչուհի Արաքսիա Ամիրխանեանի գլխաւորութեամբ։ Վերջիններս ներկայացրին երգահան, երաժշտագէտ, ժամանակակից հայ ազգային երաժշտութեան հիմնադիր Կոմիտաս Վարդապետի արուեստը՝ իրենց ելոյթով ոգեկոչելով հանճարի վառ յիշատակը։ Յաջորդաբար հատուածներ հնչեցին Կոմիտասի «Սոնա Եար», «Հով Արէք», «Հոյ Նազան» երգերից՝ գրաւելով ունկնդիրների, յատկապէս աշակերտների սրտերը։
Պատանի երգիչները նոր լոյսով ներկայացրին կոմիտասեան բարձր, հոգեւոր արարումները եւ գեղագիտական ճաշակ հաղորդեցին ներկաներին։ Իսկապէս, նմանօրինակ միջոցառումները խրախուսելի են, քանի որ դրանք սատարում են հայրենիքից դուրս հայ մշակոյթի, դպրութեան, լեզուի, հոգեւոր արժէքների ճանաչմանն ու տարածմանը։
Այս գեղեցիկ ներկայացումը փոքրիկ մասն էր այն մեծ համերգի, որը կրում է «Կոմիտասի Հետ» (Komitas Hour) խորագիրը:
Ներկաները համակարծիք էին, որ մեր մշակութային ժառանգութեան լաւագոյն գնահատութիւնը մասնակցութիւնն է նման միջոցառումների, որոնք բարձրացնում են մեր ճաշակը եւ հաղորդակից դարձնում մեր ազգային, մաքրամաքուր մշակութային ակունքներին։
Յիշեցնենք, որ Նոյեմբերի 15ին, երեկոյեան ժամը 7ին Փասադենայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան «Վաչէ եւ Թամար Մանուկեան» մշակութային կենտրոնում, Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի օրհնութեամբ եւ հովանաւորութեամբ տեղի է ունենալու համերգ՝ նուիրուած երգոց պահապան Կոմիտաս Վարդապետին։ Ստացուած հասոյթի մի մասը յատկացուելու է Արցախից տեղահանուած մեր հայրենակիցներին: Համերգին մասնակցելու են ոչ միայն «Փոփ Արտ»ի սաները, այլեւ յայտնի ու արհեստավարժ երաժիշտներ հայրենիքից եւ Սփիւռքից։ Կազմակերպիչներն են «Մանկական փառատօն»ի համահիմնադիր Նանէ Աւագեանը եւ յայտնի մշակութային գործիչ Վարդգէս Բարսեղեանը։ Կոմիտասին մարմնաւորելու է երգիչ Էդգար Խաչատրեանը։
Տոմսեր կարելի է ձեռք բերել յղումով, կամ զանգահերել (213) 787-7367 թիւին: