

«Աննա Աստուածատուրեան» բարեգործական հիմնադրամը շարունակում է օգնել արցախահայերին։ Արցախում ծնուած երեխաների ընտանիքներին աջակցելուց բացի, հիմնադրամը նոր նախաձեռնութեամբ է հանդէս եկել՝ կանգնելով այն ընտանիքների կողքին, որոնք այս դժուարին ժամանակահատուածում փորձում են յաղթահարել հայրենիքի կորուստը, ունեն սոցիալական (ընկերային) լրջագոյն խնդիրներ։
Արցախի կորուստն ու մեր հայրենակիցների հոգեբանական վիճակը հիմնադրամի ղեկավար Աննա Աստուածատուրեան Թերքոթին վերադարձրեց հայրենիք։ Արցախից բռնի տեղահանուած մեր հայրենակիցներին օգնելը, դժուարին պահերին նրանց կողքին կանգնելը Թերքոթն իր պարտքն ու կարեւոր առաքելութիւն է համարում։
«Աննա Աստուածատուրեան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներն օրերս Աննա Թերքոթի գլխաւորութեամբ այցելել են Երեւանում, Սիսիանում, Մասիսում, Խաչփառում եւ Բերդիկում ժամանակաւոր բնակութիւն հաստատած Արցախից բռնի տեղահանուած ընտանիքների, լսել նրանց խնդիրները, գնահատել կարիքները։
«Արցախից բռնի տեղահանուած 500 ընտանիքի տրամադրել ենք կենցաղային եւ առողջապահական պարագաներ՝ տարբեր չափերի 700 տակդիր, ինչպէս նաեւ 200 փաթեթ մանկական սնունդ։ Բացի այդ, մենք եւս 1000 ընտանիքի յատկացրել ենք նաեւ խոհանոցային սպասք, մանկական եւ մեծահասակների համար հագուստ։ Ընդհանուր առմամբ, աւելի քան 2500 ընտանիք ստացել է աջակցութիւն։ Ի հարկէ, սրանք առաջնային կարիքների համար են, բայց մեր հայրենակիցներին նախ եւ առաջ պէտք է սէր եւ ուշադրութիւն, որն այսօր աւելի քան երբեւէ կենսական է», ասաց Աննա Աստուածատուրեանը ընդգծելով, որ հիմնադրամը շարունակելու է անել հնարաւորը, որ իւրաքանչիւր արցախցի Հայաստանում իրեն լիարժէք զգայ, չկորցնի ապագայի նկատմամբ հաւատը։
15 Հոկտեմբերին, Common Ground Books & Spirits գրական սրճարանում ամերիկահայ գրող, բարերար Աննա Աստուածատուրեան Թերքոթի հետ կազմակերպուած էր հանդիպում «Ինչպէ՞ս օգնել բռնի տեղահանուածներին» թեմայով։ Նա ներկայացրեց բռնի տեղահանման ցնցումները յաղթահարելու ուղիները, ինչպէս պէտք է աջակցել հայրենակիցներին եւ բացատրեց, թէ ինչո՛ւ պէտք է նրբանկատ լինել նրանց հետ շփումների ժամանակ։
Հիմնադրամը շարունակում է նաեւ «Սէր Արցախ» բարեգործական ծրագիրը, որը մեկնարկել է 2022ին՝ նպատակ ունենալով արժեւորել պատմական հողի վրայ ընտանիք կազմելու եւ երեխաների ապագան այնտեղ կերտելու դերն ու կարեւորութիւնը: Հիմնադրամն Արցախում ծնուած երեխաների ընտանիքներին տրամադրել է նուէր-տուփեր։ Ծրագրի մեկնարկից ի վեր մէկ տարում 2500 նուէր-տուփ է յատկացուել, որից 1290ը շրջափակման ընթացքում։ Այս աջակցութիւնից շարունակում են օգտուել նաեւ Օգոստոսին եւ Սեպտեմբերին Արցախում եւ Հայաստանում փոքրիկներ լոյս աշխարհ բերած արցախցի բռնի տեղահանուած մայրերը։ Ծրագրի շահառու է դարձել 200 ընտանիք եւ ստացել նուէր-տուփ։


Աննա Աստուածատուրեան Թերքոթը ցանկանում է, որ Արցախից բռնի տեղահանուած ծնուած բոլոր երեխաները ապրեն արժանապատիւ պայմաններում, ունենան անհոգ եւ լուսաւոր մանկութիւն։ իւրաքանչիւր ընտանիք գիտակցի, որ կեանքը շարունակւում է եւ այդ ընտանիքներում
«Մինչեւ նուէր-փաթեթներ տրամադրելը մենք ստուգել ենք փաստաթղթերը եւ յետագայ խնդիրներից խուսափելու համար համեմատել մեր ունեցած տուեալների հետ։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնում են նախաձեռնութիւնը յաջողութեան հասնել։ Որոշեցինք շարունակել այս ծրագիրը, քանի որ Արցախից տեղափոխուած մեր քոյրերն ու եղբայրներն այս պահին ծանր օրեր են ապրում։ Հասկանում ենք նաեւ, որ յատկապէս նորածին ունեցող ընտանիքներն ունեն այդ աջակցութեան կարիքը։ Մեր նպատակն է, որ իւրաքանչիւր նուիրատու նուիրաբերութիւն կատարի այն զգացումով, որ տուփն իր սեփական ընտանիքի նոր անդամի համար է», նշում է Աստուածատուրեան:
Նուէր-տուփերում ներառուած է նաեւ հայկական արտադրանք: Իւրաքանչիւր տուփ ներառում է գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, խնամքի հիմնական պարագաներ (անձեռոցիկներ, մանկական շամպու, ջերմաչափ եւ ծծակ), ինչպէս նաեւ մանկական գրքեր եւ փայտէ անիւներով խաղալիքներ:
Նախաձեռնութեան գործընկերներն են՝ Lalunz, Play Artsakh, Theopharma Imports կազմակերպութիւնները:
«Սէր Արցախ»ի մասին աւելին իմանալու կամ տուփ հովանաւորելու համար այցելէք կայքէջը կամ կապուել մեզ հետ info@astvatsaturian.org հասցէով:
Հետեւէք մեզ սոցիալական ցանցերում` Instagram կամ Facebook.
Աննա Աստուածատուրեանը Թերքոթը ամերիկաաբնակ հայ գրող, բարերար, իրաւաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրուած նախագահ եւ «Աննա Աստուածատուրեան» հիմնադրամի նախագահն է: Աննան նաեւ «Ոչ Մի Տեղ. Արտաքսման Մի Պատմութիւն» (Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գիրքի հեղինակն է` հիմնուած 11 տարեկանում գրուած իր օրագրի վրայ, որում նա ներկայացնում է Բաքւում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմութիւնը: 2013ին նա Մէյնում յաջողութեամբ աշխատել է օրէնսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետութեան պաշտօնապէս ճանաչման ուղղութեամբ: Դրանից ի վեր նա Հայաստանում եւ Արցախում իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: 2020ին հիմնել է «Աննա Աստուածատուրեան» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի խոշոր նախագծերից է 44օրեայ պատերազմից յետոյ իրականացուած «Արցախեան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրաւէրներ եւ դիմակայութեան զարգացման հնարաւորութիւններ» հետազօտութիւնը: