ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Հաշուի առնելով Արցախում ստեղծուած ծանրագոյն վիճակը, եւ մեր ժողովրդի ֆիզիկական գոյութեան դէմ ահագնացող սպառնալիքները, Արցախը յայտարարում եմ աղէտի գօտի` ակնկալելով միջազգային հրատապ արձագանգ եւ անվտանգային քաղաքական եւ հումանիտար (մարդասիրական) աջակցութեան միջազգային հանրութիւնից»: Այս մասին Յուլիսի 24ին յայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը` միջազգային լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ կայացած առցանց հանդիպման ժամանակ:
Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնւում է լիակատար մեկուսացման ու պաշարման մէջ` առանց որեւէ մարդասիրական օգնութեան ու միջազգային ներկայութեան, տեղեկացրեց Արցախի նախագահը:
Ներկայացնում ենք Արայիկ Յարութիւնեանի յայտարարութիւնից եւ տարբեր երկրների լրագրողների կողմից տրուած հարցերի` Արցախի նախագահի պատասխանների ամփոփումը:
ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը յայտարարեց, որ շրջափակման իր քաղաքականութեամբ, Ադրբեջանը հետապնդում է մի շարք նպատակներ, այդ թւում, երկարաժամկէտ հատուածում` ձերբազատուել Արցախի ժողովրդից` իրականացնելով Արցախի ամբողջական էթնիկ (ցեղային) զտում եւ ուժի միջոցով փակել հակամարտութեան էջը: Միջնաժամկէտ` բռնի կերպով հպատակեցնել Արցախի ժողովրդին, կազմաքանդել Արցախի հանրապետութիւնը եւ դիմադրողականութեան համակարգերը, Արցախի բնակչութեանը մղել արտագաղթի: Կարճաժամկէտ`Արցախի ժողովրդին ենթարկել հոգեբանական ահաբեկչութեան, մշտական վերահսկողութիւն սահմանել Արցախի մուտքի եւ ելքի հանդէպ, ստեղծել անտանելի պայմաններ Արցախում ապրելու համար, փորձարկել եւ հատել հայկական կողմերի կարմիր գծերը, հեղինակազրկել անվտանգութեան եւ կայունութեան միջազգային եւ տարածաշրջանային երաշխիքները:
ԴԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹԵԱՆԸ
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեան դէմ պայքարի շրջանակներում, Արցախի նախագահը նամակներ է յղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին, որոնք նաեւ հանդիսանում են ՄԱԿի անվտանգութեան խորհրդի մշտական անդամներ, ինչպէս նաեւ ՄԱԿի գործակալութիւններին` մանրամասն նկարագրելով Արցախում տիրող հումանիտար իրավիճակը եւ պահանջելով իրականացնել գործուն քայլեր իրավիճակին համարժէք արձագանգելու համար:
«Պահանջում ենք ՄԱԿի անվտանգութեան խորհրդից իր մանդատի (յանձնառութեան) եւ պարտաւորութիւնների շրջանակում վճռական քայլեր ձեռնարկել` կանխարգելելու Ադրբեջանի կողմից իրականացուող ցեղասպան քաղաքականութիւնը եւ ապահովել ՄԱԿի Արդարադատութեան Միջազգային դատարանի ու Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի Լաչինի միջանցքի բացման որոշումների կատարումը: Պահանջում եմ ՄԱԿի գլխաւոր քարտուղարից` դրսեւորել բարոյական եւ քաղաքական պատասխանատուութիւն եւ առաջնորդութիւն միջազգային հանրութեանը զգուշացնելու Արցախի ժողովրդի ծանր իրավիճակի մասին: Պահանջում եմ ՄԱԿի գլխաւոր քարտուղարի հումանիտար, քաղաքական ու խաղաղաշինութեան հարցերով տեղակալներից գործել հիմա, բարձրաձայնել Արցախում ճգնաժամի մասին, եւ յայտարարել միջազգային հանրութեան կողմից անյապաղ ջանքերի գործադրումով Արցախին ՄԱԿի մուտքի մանդատ տալու եւ ներկայութեան համար»: Արայիկ Յարութիւնեանը նշեց, որ դիմել է նաեւ ԵՈՒՆԻՍԵՖի, ՄԱԿի պարէնային համաշխարհային ծրագրերի, ՄԱԿի բնակչութեան հիմնադրամի գործադիր տնօրէններին, Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեանը` հետեւելու իրենց յանձնառութեան եւ պարտականութիւններին, եւ ներկայութիւն ունենալու Արցախում` ժողովրդին տեղում հրատապ ու նաեւ շարունակական օգնութիւն ցուցաբերելու նպատակով:
«Այսօր ցեղասպանութիւնների եւ այլ զանգուածային յանցագործութիւնների կանխարգելումը միջազգային հանրութեան կողմից ստանձնած պարտաւորութիւն է: Անընդունելի է, որ ցեղասպանութեան կանխարգելման պարտաւորութիւնը արտայայտուի միայն կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու պատրաստակամութեամբ: Միջազգային հանրութիւնը, եւ առաջին հերթին` ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդը, որին անդամակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները, որ պատասխանատու են միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան համար, այդ թւում` զանգուածային յանցագործութիւնների կանխարգելման համար, տիրապետում է թէ՛ մանդատով, թէ՛ անհրաժեշտ գործիքակազմով, թէ՛ պարտաւորութեամբ` կասեցնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութիւնը: Վերջիվերջոյ, Ադրբեջանի միջազգային անպատժելիութիւնը պէտք է մէկ օր կասեցուի` այլապէս այն ծնելու է նորանոր ծանրագոյն յանցագործութիւններ, որոնք շեմին ենք գտնւում մենք»:
ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Ամփոփելով իրավիճակը, Արայիկ Յարութիւնեանը ներկայացրեց Արցախի գնահատականը Ադրբեջանի գործողութիւններին: «Ադրբեջանը միտումնաւոր կերպով Արցախի ժողովրդի համար ստեղծում է կեանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղուած են Արցախի ժողովրդի ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը: Միջազգային իրաւունքը որակել է նման քաղաքականութիւնը որպէս ցեղասպանութիւն, եւ պարտաւորեցնում է միջազգային հանրութեան բոլոր պետութիւններին քայլեր ձեռարկել` կանխարգելելու ցեղասպանութեան յանցագործութիւնը: Ադրբեջանի պնդումները, թէ Արցախը հանդիսանում է իր ներքին գործը յիշեցնում է նացիստական Գերմանիայի ղեկավարութեան արդարացումները Նիւրինբերգեան դատավարութեան ժամանակ, երբ զանգուածային սպանութիւնները նոյնպէս որակում էին որպէս ներքին գործ: Քաղաքակիրթ միջազգային հանրութիւնը չընդունեց նման արդարացումները եւ մերժեց ներքին գործերի պատրուակով մարդու իրաւունքների զանգուածային խախտումները իրականացնելու իրաւունքի գոյութիւնը: Միջազգային հանրութեան կողմից վճռական գործողութիւնների ուշացումը օրը օրի մօտեցնում է անդառնալիութեան կէտն Արցախում»:
ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ
Արցախի նախագահը Հայաստանից էլ պահանջեց զերծ մնալ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որեւէ յայտարարութիւնից ու գործողութիւններից` յարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: «Կոչ եմ անում Հայաստանի իշխանութիւններին աւելի զգուշաւոր լինել յայտարարութիւններում, բայց միւս կողմից էլ ասեմ, որ որեւէ երկիր, կամ որեւէ քայլ չի կարող զրկել մեզ միջազգային գլխաւոր իրաւունքի նորմերից մէկից` ինքնորոշման իրաւունքից: Արցախեան խնդիրը տարածքային խնդիր չէ, դա ինքնորոշման իրաւունքի սկզբունք է, որը մենք իրացնելու ենք անկախ ամէն ինչից, պայքարելու ենք եւ հասնելու ենք դրան», նշեց Արայիկ Յարութիւնեանը:
Նա անդրադարձաւ նաեւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեանը` նշելով, որ Արցախը պատրաստ է Բաքուի հետ երկխօսութեան, եթէ հաշուի առնուեն արցախահայերի իրաւունքները, արժանապատուութիւնն ու բանակցութիւններն ընթանան իրաւահաւասարութեան շրջանակներում: «Արցախի հանրապետութիւնը միշտ բաց է եղել Ադրբեջանի հետ բանակցութիւնների համար` հասնելու հակամարտութեան հաւասարակշռուած, արդար եւ արժանապատիւ կարգաւորման: Ելնելով նրանից, որ բանակցութիւնները պէտք է անցկացուեն համապատասխան մանդատով օժտուած, համաձայնեցուած միջազգային ձեւաչափի շրջանակում, դա թոյլ կը տայ ապահովել միջազգային հանրութեան գործուն մասնակցութիւնը բանակցային գործընթացին եւ դրա լեգիտիմութեանը (օրինականութեան): Բանակցութիւնները պէտք է հիմնուած լինեն երկու կողմերի տարաձայնութիւնները բարեխղճօրէն կարգաւորելու անկեղծ ցանկութեան վրայ: Դա չպէտք է ցուցադրական բնոյթ կրի` կողմերից մէկի կամքը միւսին պարտադրելու նպատակով: Բանակցային գործընթացի շրջանակներում, միջազգային հանրութիւնը պէտք է երաշխաւորի, որ ուժի կամ ուժի սպառնալիք չի կիրառուի: Անհրաժեշտ է նաեւ միջազգային երաշխիքներ, դրանց գործուն մեխանիզմներ (գործիքակազմեր), որոնք կ՛ապահովեն ստանձնած պարտաւորութիւնների կատարում: Ծայրաստիճան կարեւոր է, որ կողմերը զերծ մնան միակողմանի պարտադրանքի միջոցների կիրառումից, ներառեալ` քաղաքական, ռազմական եւ ցանկացած այլ ճնշման միջոցները: Բանակցութիւնների նպատակը պէտք է լինի ոչ թէ վերջնագրի օրինականացումը կամ պարտադրումը, այլ` համագործակցութեան մթնոլորտի ձեւաւորումը: Ուժի գործադրմամբ բանակցութիւն կամ երկխօսութիւն չի լինում», յայտարարեց Արայիկ Յարութիւնեանը: Արցախի նախագահի խօսքով, շրջափակման դադարեցումը եւ մարդկանց տառապանքների թեթեւացումն անհրաժեշտ նուազագոյն նախադրեալներ կը ստեղծեն բանակցութիւններ սկսելու համար, եւ առաւել բարենպաստ պայմաններ կը ձեւաւորեն բովանդակային քննարկումների համար: Բանակցային գործողութիւնների հիմքում պէտք է լինի բացառապէս միջազգային իրաւունքի նորմերն (չափանիշները) ու համընդհանուր արժէքները, ինչպիսիք են` արդարութիւնը, արժանապատուութիւնը եւ իրաւահաւասարութիւնը:
ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ
Պատասխանելով ռուս խաղաղապահների գործունէութեան հետ կապուած հարցերին, Արայիկ Յարութիւնեանը նշեց, որ մինչ ռուս-ուկրաինական պատերազմը, խաղաղապահ առաքելութեան գործունէութիւնը բաւարար էր եւ շատ աւելի զօրեղ: Ըստ նախագահի, Արցախի բնակչութեան շրջանում կար յոյս եւ հաւատ` պայմանաւորուած բնակարանաշինութեան, ենթակառուցուածքների վերականգնման եւ երկրի զարգացման ընթացքով, սակայն 2022 թուականի Փետրուարը ոչ միայն փոխեց Ուկրաինայում եւ եւրոպական այդ շրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը, նաեւ` բացասական հետեւանքներ ունեցաւ Արցախի վրայ: «Ադրբեջանը օգտուեց Ուկրաինայում ստեղծուած իրավիճակից, եւ ամէն օր խնդիրներ է առաջացնում մեր, եւ առաջին հերթին` ռուս խաղաղապահների համար եւ ցանկանում է հեղինակազրկել այդ առաքելութիւնը: Խաղաղապահ առաքելութիւնն այսօր գործում է փխրուն խաղաղութեան պայմաններում. ամէն օր կրակում են Արցախում յատկապէս բերքահաւաք իրականացնող մեր քաղաքացիների վրայ, ու թէեւ խաղաղապահներն արձագանգում են, բայց անպատժելիութիւնը շարունակւում է` ծնելով նոր հանցագործութիւններ»: Այդ պատճառով է, որ Արցախի Ազգային ժողովը դիմել է Հայաստանի Հանրապետութեանը` անյապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետութիւնում տեղակայուած խաղաղապահ առաքելութեանը միջազգային մանդատով օժտելու համար` սահմանուած ընթացակարգով դիմելով ՄԱԿի Անվտանգութեան խորհրդին: Այդ դէպքում, ռուս խաղաղապահները կը ստանան համապատասխան գործիքակազմ, որ թոյլ կը տայ առաւել պարտաւորութիւններ:
Արայիկ Յարութիւնեանը ասաց, որ պէտք է հաշուի առնել, որ 2020 թուականի արցախեան պատերազմը դադարել է ռուսական կողմի ուղղակի միջնորդութեամբ, եւ առաջին ժամանակահատուածում, խնդիրները լուծւում էին մեզ համար դրական սցենարով (բեմագրութեամբ), ինչի համար մենք միշտ շնորհակալութիւն ենք յայտնել Ռուսաստանին, սակայն, քանի որ հասել ենք աղէտալի վերջնակէտի, Արցախը տարածաշրջանում հետաքրքրութիւն ունեցող գերտէրութիւններից, այդ թւում` Ռուսաստանից պահանջում է յստակեցում: «Նամակով դիմել ենք Ռուսաստանում Յուլիսի 25ին հանդիպող Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին` յայտնելով, որ եթէ առաջիկայ օրերին Արցախի հարցում գործնական արդիւնք չարձանագրուի` մենք պէտք է գնահատական տանք ստեղծուած իրավիճակին, եւ կոնկրետ (յստակ) քայլերի հերթականութիւն որոշենք, որ չի բացառում նաեւ ՄԱԿի եւ միջազգային խաղաղապահ առաքելութեան դիմելը»:
Արայիկ Յարութիւնեանը միաժամանակ նշեց, որ Ադրբեջանը չի կատարում Նոյեմբերի 9ին ստանձնած պատասխանատուութիւնները, սակայն Եւրոպական կառոյցները բացի յայտարարութիւններից եւ ոչ-գործնական բանաձեւերից առարկայական քայլեր չեն անում` օրինակ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով: «Մենք տեսնում ենք, թէ ինչպէս մի երկրի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառւում, մէկ մարդու իրաւունքի խախտման համար, այնինչ` մի ամբողջ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական քաղաքականութիւն իրականացնելու համար որեւէ պատժամիջոց չեն կիրառում այդ երկրի ղեկավարի, կամ իշխանութիւնների նկատմամբ: Մէկ մարդն աւելի կարեւոր է Եւրոպական երկրների, միջազգային հանրութեան համար` քան 120 հազար մարդու կեանքն ու իրաւունքները»` միջազգային հանրութեան մօտեցման ու գործողութիւնների մասին խօսելիս նշեց Յարութիւնեանը:
ԱՂԴԱՄ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԻՋՈՑ
Արայիկ Յարութիւնեանը պատասխանեց «Ասպարէզ»ի գլխաւոր խմբագրի հարցին, թէ ինչպէ՞ս են վերաբերում Եւրամիութեան կողմից Ադրբեջանի` արցախցիներին ուղղուած Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից օգտուելու առաջարկը ողջունելու, կամ ՀՀում ԱՄՆ դեսպանի` ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցելու մտքերին: «Այս աղէտը, որ այսօր ունենք` ստեղծուել է Ադրբեջանի կողմից: Ինչպէ՞ս կարող է այդ նոյն Ադրբեջանը հումանիտար օգնութիւն ապահովել: Եթէ Ադրբեջանի կողմից չի գործում Նոյեմբերի 9ի Եռակողմ փաստաթուղթը, որի հիման վրայ կայ ՄԱԿի Արդարադատութեան միջազգային դատարանի եւ Եւրոպայի Մարդու Իրաւունքների դատարանի` Լաչինի ճանապարհի գործարկման որոշումը, որքանո՞վ կարող ենք վստահ լինել ցանկացած այլ փաստաթղթի կամ որոշման գործելու առումով: Կան որոշումներ, որ մենք պահանջում ենք, որ կատարուեն, որ յարգուի մեր արժանապատուութիւնը, մեր իրաւունքները: Աղդամի ճանապարհի օգտագործման վերաբերեալ մենք ունենք յստակ դիրքորոշում եւ դա մեր ժողովրդի եւ իշխանութիւնների համընդհանուր որոշումն է»:
ՍՓԻՒՌՔԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Արդեօք Արցախը Սփիւռքից ստանո՞ւմ է այն արձագանգը, որ համարժէք է արդէն եօթ ամիս շարունակուող շրջափակման մէջ գտնուող Արցախին: Արայիկ Յարութիւնեանը նշեց, որ Սփիւռքից այս պահին ակնկալում են աւելին: «Սփիւռքից կոնկրետ քայլեր չենք տեսնում` միջազգային դերակատարներից բաւարար ճնշում չի լինում Ադրբեջանի նկատմամբ: Մենք ունենք սպասելիքներ Սփիւռքի մեր եղբայրներից եւ քոյրերից, որ դիմեն իրենց բնակելի երկրներում իշխանութիւններին, ՄԱԿին` Արցախին հումանիտար օգնութիւն տրամադրելու, ապաշրջափակումն իրացնելու եւ Արցախի հիմնարար իրաւունքի սահմանմանը հասնելու համար»: Յարութիւնեանը յայտնեց, որ Յուլիսի 25ն Ստեփանակերտում եւ Երեւանում տեղի են ունենալու համաժամանակեայ հանրահաւաքներ, որտեղ կը ներկայացուեն միջազգային հանրութեանը դիմելու քայլերի մասին մանրամասներ, եւ կոչ արեց սփիւռքահայերին միանալու համատեղ գործողութիւններին:
ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Արցախի նախագահը տեղեկացրեց, որ ամբողջական շրջափակման հետեւանքով Արցախն այսօր գտնւում է հումանիտար աղէտի պայմաններում, որը դրսեւորւում է կեանքի բոլոր ոլորտներում` սննդից մինչեւ առողջապահութիւն, գիւղատնտեսութիւնից մինչեւ կրթութիւն: Շրջափակման ուղղակի եւ անուղղակի հետեւանքով արձանագրուել են մարդկային մահեր, նորածին երեխաներից մինչեւ տարեց կլինիկական (դարմանական) հիւանդներ: Արցախը շուրջ եօթ ամիս դիմակայել է Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում, որովհետեւ ունէր ներքին պաշարների որոշակի քանակ, սակայն այն հանգամանքներում, երբ Ադրբեջանը չի թոյլատրում նոյնիսկ գիւղատնտեսական աշխատանքներ կատարել, եղած պաշարներն էլ սպառւում են շատ արագ` ժամերի ընթացքում: «Սննդի սղութիւն կայ, քանի որ շրջափակումից առաջ Արցախում օգտագործուող սննդի մօտ 90 տոկոսը ներկրւում էր Հայաստանից, քառասուն օր ոչ մի սնունդ չի մտել Արցախ, իսկ տեղական սահմանափակ արտադրանքը եւ դրա մատակարարումը մեծապէս տուժել են վառելիքի եւ անհրաժեշտ նիւթերի բացակայութիւնից: Չեն իրականացուել գիւղատնտեսական աշխատանքների 80 տոկոսը, նոյնիսկ հացահատիկի բերքահաւաքը կազմակերպուել է խիստ մասնակի ծաւալներով` դադարել են նոյնիսկ շրջափակման հետեւանքով մասնակիօրէն գործող տնտեսական ձեռնարկութիւնների աշխատանքները, գրեթէ ամբողջութեամբ դադարել է հանրային տրանսպորտի (փոխադրութեան) գործունէութիւնը, խիստ դժուարութեամբ են աշխատում առողջապահական եւ այլ առաջին անհրաժեշտութեան ծառայութիւններ: Տարբեր դեղատներում սպառուել են դեղերը: Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով, տարբեր ժամանակահատուածներում ամբողջութեամբ կամ մասնակի փակուել են մանկապարտէզներն ու դպրոցները: Հայաստանից Արցախ Էլեկտրամատակարարման խափանումների պատճառով առնուազն վեց ժամ էներգիայի խափանումներ ենք ունենում: Գազի մատակարարումը 158 օր է դադարել է: Եզակի դէպք է, երբ Կարմիր Խաչի գործունէութիւնը նոյնպէս խոչընդոտւում է:
Արայիկ Յարութիւնեանը յայտնեց, որ աղէտի գօտու կարգավիճակը ենթադրում է, որ անհրաժեշտ ապրանքների տեղափոխման համար սահմանափակումներ չեն լինի, եւ յոյս յայտնեց, որ փոխադրումներ կ՛իրականացուեն օդային ճանապարհով:
ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԸՆՏՐՈՒՄ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
«Ժողովուրդն է որոշել ինքնորոշման ճանապարհը դեռ 1988 թուականին` կրելով տարբեր զրկանքներ, մասնակցելով պատերազմների, ունենալով բազմաբնոյթ կորուստներ, եւ հասել է այսօրուան: Եթէ Լաչինի միջանցքը չբացուի` ծայրայեղ իրավիճակ է ստեղծուելու, բայց մենք շարունակելու ենք պայքարել` ակնկալելով միջազգային հանրութեան ճնշումները Ադրբեջանի վրայ: Ես իրաւունք չունեմ այս իրավիճակում որոշում կայացնելու, քանզի Արցախի ժողովուրդն է որոշելու», նշեց Արայիկ Յարութիւնեանը` յայտարարելով, որ իր խօսքերով ներկայացնում է ժողովրդի մեծամասնութեան ընդհանրական կարծիքը: