Թիֆլիսահայ իրականութեան շուրջ արդէն աւանդական դարձած մեր հրապարակումներում շարունակում են գերիշխել խնդրայարոյց թեմաները, որոնք ուղղակիօրէն (երբեմն՝ անուղղակիօրէն) առնչւում են տեղի հայութեան նկատմամբ վրաց հասարակութեան վերաբերմունքին։
Նշենք, որ հայ ուսումնասիրողները, որպէս կանոն, խօսում են վրացական ընտրանու կամ իշխանութիւնների՝ հայերի հանդէպ դիրքորոշման (քաղաքականութեան) մասին, բայց մենք օգտագործում ենք «վրաց հասարակութիւն» ձեւակերպումը։
Պատմական առումով, իրաւամբ, հայ-վրացական հակասութիւնները, առաւելապէս դրսեւորուելով Թիֆլիսում, սահմանափակուել են ազգայնական ընտրանու շրջանակներով եւ չեն ընդգրկել վրաց հասարակութիւնն ամբողջութեամբ։ Բայց վերջին շրջանում մենք նկատում ենք այդ հակասութիւնների ընկերային շրջանակների ընդլայնում եւս: Թիֆլիսահայ ներհամայնական կեանքի քննարկումը, որպէս կանոն, սահմանափակւում է հէնց վրացիների՝ հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքի քննարկմամբ։
Միեւնոյն ժամանակ, նուազ ուշադրութիւն է դարձւում հայերի շրջանում առկայ տրամադրութիւններին, վրացիների կամ տարբեր խմբերի (ըստ ընկերային կամ շրջանային բաժանման) հանդէպ ունեցած դիրքաւորմանը։ Այնինչ, այս հարցը նոյնպէս ուշադրութեան կարիք ունի եւ շատ խնդիրներում կարող է լոյս սփռել ընդհանուր առմամբ նաեւ հայ-վրացական յարաբերութիւնների վրայ ամբողջութեամբ։
Այս իմաստով է, որ թիֆլիսահայ համայնքը, նրանում տիրող տրամադրութիւններն ու հոգեբանական մթնոլորտը ինչ-որ առումով կարող են ծառայել նաեւ որպէս հայ-վրացական միջ-էթնիք յարաբերութիւնների ներկայ իրավիճակի ցուցիչ։ Վերջերս վիրահայութեան շրջանում տեղի է ունենում երկարատեւ լճացման եւ անորոշութիւնների շրջանից անցում մի փուլի, երբ ձեւաւորւում է ստեղծուած իրավիճակին համարժէք պատկեր։ Այս փուլը բնորոշւում է յստակ խնդիրների ձեւակերպմամբ։
Այլ խօսքով, եթէ Վրաստանի անկախութեան առաջին տասնամեակում վիրահայերն առկայ դժուարութիւնների պատճառները որոնում էին ընդհանուր ընկերային-տնտեսական խնդիրների հարթութիւնում եւ բացատրում անցումային շրջանին բնորոշ երեւոյթներով, ապա այսօր պատասխանները յստակ են եւ տանում են դէպի էթնօքաղաքական հարթութիւն։
Վրաստանում արդէն երեք տարի շարունակ Թուրքիայի դեսպանատան մօտ անցկացւում է խաղաղ ցոյց՝ 1915թ. Ցեղասպանութեան ճանաչման պահանջով։
Այն կազմակերպւում է տեղի աշխոյժ հայերի ջանքերով, որոնք հիմնականում միաւորուած են հասարակական կազմակերպութիւնների շրջանակներում եւ փորձում են հնարաւոր միջոցներով համայնքում բարձրացնել ներքին աշխուժութիւնը, թուլացնել հոգեբանական ընկճուածութիւնն ու ազգային խնդիրների հանդէպ տիրող անտարբերութիւնը. այս վերջին մտահոգիչ երեւոյթները, որոնց մասին մենք բազմիցս նշել ենք մեր հրապարակումներում, ցաւօք, դարձել են թիֆլիսահայ համայնքի հիմնական ախտանիշները։ Միեւնոյն ժամանակ, վերջին շրջանի համար յուսադրող է այն փաստը, որ ստեղծուած իրադրութեան հետեւանքով առկայ վտանգներն արդէն գոնէ գիտակցուած եւ ձեւակերպուած են թիֆլիսահայ որոշակի շրջանակներում։
Համայնքի ներսում (թէպէտ թիֆլիսահայ իրականութեան համար «համայնք» եզրը պէտք է կիրառել որոշ վերապահումներով) աստիճանաբար ձեւաւորւում է երիտասարդութեան մի փոքր հատուած, որը կարծես թէ պատրաստ է որոշակի ներդրումներ կատարել համայնքի վերազարթօնքի ուղղութեամբ։
Այս առիթով հարկ է նշել, որ այս տարի Ապրիլի 24ի աւանդական միջոցառումներն առաւել կազմակերպուած են անցկացուել։ Բայց նշանակալին այն է, որ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցոյցն աննախադէպ էր մասնակիցների թուով՝ 450-500, ընդ որում՝ խիստ անբարենպաստ եղանակի պայմաններում (նշենք, որ անցած տարի մասնակիցների թիւը չէր գերազանցում 50-70ը)։
Ինչո՞ւ է մեր կողմից կարեւորւում այս փաստը։ Բանն այն է, որ Ապրիլի 24ին աւանդաբար անցկացուող միջոցառումները տեղի են ունենում Ս. Գէորգ եկեղեցում եւ Թիֆլիսի Պ. Ադամեանի անուան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքում, որտեղ ներկայ են լինում ոչ միայն տեղի հայութեան գործուն ներկայացուցիչները, այլեւ պետական պաշտօնեաներ, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը, համայնքի աչքի ընկնող անդամներ։ Նման միջոցառումները, որպէս կանոն, առաւել ձեւական բնոյթ են կրում եւ հասարակութեան կողմից ընկալւում են որպէս «վերեւից» կազմակերպուած միջոցառումներ։
Բոլորովին այլ ազդեցութիւն ունի վերոնշեալ խաղաղ ցոյցը, քանի որ այն կազմակերպւում է հասարակականապէս աշխոյժ երիտասարդների կողմից, եւ ոչ մի պաշտօնեայ, բնականաբար, ներկայ չի լինում թուրքական դեսպանատան առջեւ կազմակերպուող խաղաղ ցոյցին։ Այս միջոցառումն ուշագրաւ է այնքանով, որ կազմակերպուած է «ներքեւից» եւ ինքնաբուխ է, նաեւ մասնակիցները գիտեն, որ այս միջոցառումն այնքան էլ չի ողջունւում վրացական իշխանութիւնների կողմից։
Նշենք նաեւ, որ այս տարի աշխոյժ մասնակցութիւն էր ցուցաբերել նաեւ Թիֆլիսի քրտական համայնքը, որի ներկայացուցիչները մինչեւ վերջ կանգնած են եղել դեսպանատան առջեւ իրենց դրօշներով, ինչպէս նաեւ ռուսներ, վրացիներ։ Բացի այդ, նախորդ օրը՝ Ապրիլի 23ին, անցկացուել էր նաեւ ջահերով բողոքի խաղաղ ցոյց՝ «Յիշատակի ու պայքարի հուրը», կրկին՝ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջեւ։
Ակնյայտ է, որ թիֆլիսահայ երիտասարդութեան (գոնէ այն հատուածի, որն ամէն կերպ ձգտում է հաւատարիմ մնալ ազգային արմատներին) շրջանում ներկայումս աշխուժացել են ներազգային համախմբող գործընթացները։ Եթէ առաջներում ներքին ընդվզումը կրում էր առաւել տարերային եւ հատուածական բնոյթ, ապա այսօր արդէն կազմակերպուած երիտասարդութիւնը ոչ միայն կշռադատուած ու հետեւողական է նոյն խնդիրների նկատմամբ, այլեւ յստակ պատկերացնում է նաեւ իր ներուժը։ Իրականում այդ ներուժն այնքան էլ հզօր չէ, աւելին՝ այն բաւական թոյլ է, բայց կայ դրա ուժեղացման անհրաժեշտութեան եւ նպատակային օգտագործման յստակ գիտակցութիւն։
Ցաւալի է, որ նման յուսադրող ներազգային համախմբման գործընթացներն ընդգրկում են սահմանափակ շրջանակներ (ոչ միայն քանակական, այլեւ տարիքային իմաստով)։ Խնդիրն այն է, որ աւագ սերնդի ներկայացուցիչները, որոնք քիչ թէ շատ մտահոգուած են համայնքի գոյապահպանման խնդիրներով, կա՛մ միայնակ են գործում, կա՛մ գտնւում են ստուերում, կա՛մ էլ աշխուժութիւն ցուցաբերելու դէպքում հեռացւում են աշխատանքից։
Նման դէպք տեղի ունեցաւ վերջերս Թիֆլիսի Պ. Ադամեայնի անուան հայկական պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրէն, գրող Ռաֆայէլ Գրիգորեանի հետ։
Նա յանդգնել էր վրացական հեռուստաալիքով («Ռուսթաւի-2») արտայայտել իր համաձայնութիւնն այն կարծիքին, որ Վրաստանում հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ վանտալիզմի արարքներ են տեղի ունենում։ Յաջորդ օրը Ռ. Գրիգորեանին կանչում են հարցաքննութեան Վրաստանի անվտանգութեան նախարարութեան Իսանի-Սամգորի բաժանմունք, որի հետեւանքով Գրիգորեանը յայտնւում է «խաղից դուրս» վիճակում. հայկական թատրոնի հայազգի անձնակազմի որոշմամբ հեռացւում է աշխատանքից։
Անշուշտ, բաւական ցաւալի դէպք է տեղի ունեցել։ Խնդիրը ոչ այնքան վրացական իշխանութիւնների վարած հակահայկական ներքին քաղաքականութիւնն է։ Առաւել մտահոգիչն այն է, որ նշուած դէպքից յետոյ թիֆլիսահայ համայնքում որեւէ բացայայտ վրդովմունք կամ կազմակերպուած ընդվզում տեղի չունեցաւ (բացի վերոնշեալ ՀԿից, որը մամլոյ հաղորդագրութիւն էր տարածել եւ դատապարտել արարքը՝ միաժամանակ կոչ անելով վերականգնել Ռ. Գրիգորեանին իր զբաղեցրած պաշտօնում)։
Վրաստանի խորհրդարանի հայազգի հինգ պատգամաւորներից եւ ոչ մէկը հանդէս չեկաւ քննադատութեամբ։ Չլսուեց նաեւ դեսպանի ձայնը: Ռ. Գրիգորեանի հետ կատարուածը ոչ միայն բացայայտում է Վրաստանում ազատ խօսքի եւ էթնիք փոքրամասնութիւնների իրաւունքների հարցերում տիրող իրավիճակը։ Կատարուածը, անշուշտ, կ’ունենայ այլ բացասական հետեւանքներ եւս։
Բնական է, որ արդիւնքում աւելի կը թուլանայ պայքարի ոգին, հայկականութեան պահպանման պատրաստակամութիւնը, անարդարութեան դէմ ընդվզելու ցանկութիւնն ու կարողականութիւնը համայնքի ներսում։
Միւս բացասական հետեւանքն այն է, որ խնդրին տեղեկացուած հայ հասարակութիւնը հոգեբանօրէն կ’օտարուի հայկական թատրոնից, քանի որ թատրոնի անձնակազմի արարքը միայն հիասթափութիւն կարող է առաջացնել հայերի շրջանում։
Այսպէս. այս ցաւալի դէպքը դատապարտող հայ երիտասարդութիւնն արդէն իր գոհունակութիւնն է յայտնել այն փաստի առթիւ, որ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն սրբազանը ներկայ չի եղել հայկական թատրոնի այս տարուայ թատերաշրջանի բացմանը (թէպէտ պաշտօնապէս պարզ չէ, թէ սրբազանը ինչու ներկայ չի եղել թատերաշրջանի բացմանը, բայց այստեղ կարեւորը երեւոյթի ընկալումն ու գնահատումն է հասարակութեան կողմից, այլ ոչ սրբազանի ներկայ չլինելու իրական պատճառը)։
Անկասկած, նման զարգացումները մտահոգիչ են, քանի որ մինչեւ վերջերս մեր այն հարցին, որ եթէ Թիֆլիսում որեւէ հայ խնդիր է ունենում, ո՞ւր է գնում, ստանում էինք հետեւեալ պատասխանը՝ հայկական թատրոն։